«Բարսելոնա» - «Ռեալ». հարատեւ պատերազմ

12:00   22 ապրիլի, 2012

Հերթական Սուպերկլասիկոն դեռ երկար կլինի քննարկումների ու բանավեճերի առարկա: Ոմանք կասեն, թե հաջողությունը ժպտաց հաղթողին, ոմանք էլ կասեն, թե հաղթողն արժանի էր: «Ռեալ» - «Բարսելոնա» դիմակայությունն անվերջ պատերազմի բնույթ է ստացել: Հետեւաբար, անվերջ են նաեւ քննարկումներն ու բանավեճերը:

«Ռեալի» հաղթանակը չեմպիոնի տիտղոսի գին ունի: Հենց թշնամու սրտում տարած հաղթանակը բազմակի չեմպիոնական է: Արքայական ակումբը հաղթահարեց կարեւորագույն հոգեբանական արգելք. այս «Բարսելոնային» նույնպես կարելի է հաղթել: Գվարդիոլայի թիմում նույնպես մարդիկ են խաղում, նրանք նույնպես կարող են սխալվել: Ի վերջո, Ժոզե Մոուրինյոյի թիմն այս հաղթանակի շնորհիվ հաղթահարեց հեգնական չարախնդությունով համեմված հասարակական ճնշումը:

Հանդիպման բնույթը սպասված էր: «Բարսելոնան» ավելի շատ գնդակ պահեց, իսկ «Ռեալը» շեշտը դրեց հակագրոհների վրա: Մադրիդյան ակումբը համարձակ անցնում էր հարձակման եւ կատալոնացիների տեսանելի տարածքային առավելությունը չէր նշանակում խաղային առավելութուն: Քարիմ Բենզեման հետեւողական ճնշում էր գործադրում պաշտպանության վրա` թույլ չտալով մրցակցի պաշտպաններին միանալ հարձակմանը: Խաբի Ալոնսոն ու Սամի Խեդիրան դիմացինի խաղը ոչնչացնելու դերում մեծ հաջողությունների հասան, որտեղ չէին հասնում` դիմում էին խախտումների: Բայց այս անգամ ամեն ինչ կոռեկտության սահմաններում էր:

«Բարսելոնայի» կազմում Անդրես Ինյեստան հանդիպումը սկսեց հարձակման եւ կիսապաշտպանության արանքում, իսկ Չավիի հեռանալուց հետո վերահսկում էր դաշտի կենտրոնը: Գոլային գրոհի ժամանակ Ինյեստայի փոխանցումը Տելիոյին կմտնի բոլոր հիթ-շքերթների մեջ:

«Ռեալի» առաջին գոլը կարող է առաջացնել «Բարսելոնայի» երկրպագուների վրդովմունքը:

Երբ Պեպեն գլխի հարված կատարեց, Խեդիրան հնարավոր է, որ խաղից դուրս էր, սակայն Վալդեսի հետ մղած գնդակը հայտնվեց Պույոլի մոտ, իսկ դրանից հետո Խեդիրան արդեն ուներ իրավունք մասնակցել դրվագին: Արքայական ակումբի երկրորդ գոլը դիրքային սխալի արդյունք էր. Ադրիանոն իր եզրում անուշադրության մատնեց Օզիլին, որն անմիջապես գնդակը փոխանցեց Ռոնալդուին: Մասկերանոն լավագույն արագավազորդը չէ, եւ Ռոնալդուի արագացմանը նա հասնելու շանս գրեթե չուներ:

Այս անգամ «Ռեալը» հաղթեց` խաղալով իսկական ֆուտբոլ, առանց մցավարի միջամտության, առանց մրցակցի ոտքերը «կոտրելու», առանց Պեպեի կամ մյուսների լկտի վարքի, առանց Մոուրինյոյի էքսցենտրիկ դրսեւորումների:

Յուրաքանչյուրն այս խաղի համար իր մտահղացումն ու ծրագիրն ուներ: Մադրիդյան ակումբն իր ծրագիրը կյանքի կոչեց ավելի լավ ու հաջող:

Այս Սուպերկլասիկոն լավագույններից էր վերջին տարիներին, քանի որ մինչեւ վերջին վայրկյանը պահեց լարվածության մեջ եւ, նույնիսկ, չեզոք ֆուտբոլասերը սպասեց մինչեւ վերջ: Եթե նախորդներում «Բարսելոնան» ահաբեկիչի անողոքությամբ հիմնականում միակողմանի խաղ էր պարտադրում եւ մրցակցին ճանապարհում էր հանդերձարան լավագույն ժամանակների հույսով, ապա այս անգամ խաղն այնքան հավասար էր, որ հաղթանակի արժանի էին երկու թիմերն էլ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։