Հենրիխ Մխիթարյան. Թող բուլղարացիները նայեն հայերին եւ կուլտուրա սովորեն

21:53   11 հոկտեմբերի, 2013

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում բուլղարացիներին 2:1 հաշվով հաղթելուց հետո մեկնաբանել է Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած հանդիպումը: Հիշեցնենք, որ Սոֆիայում կայացած թիմերի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էին բուլղարացիները:

«Բոլորն էլ տեսան, որ մենք ոչ մի սադրանքի չդիմեցինք, խաղացինք մաքուր կանոններով: Ոմանց կարող է թվալ, որ հեշտ հաղթանակ էր, սակայն դա այդպես չէ. ծանր հաղթանակ էր: Ամենակարեւորն այն է, որ տղաները մինչեւ վերջ կարողացան կատարել իրենց առաջադրանքը:

Թող բուլղարացիները տեսնեն, թե ուր են եկել եւ հասկանան, որ մենք մարդ ենք, ոչ թե իրենց պես ոչ մարդկային հատկանիշներով օժտված մարդիկ: Թող նայեն մեզ` հայերիս եւ մի քիչ կուլտուրա սովորեն: Նույնիսկ 1:1 հաշվի ժամանակ ես վստահ էի, որ մենք հաղթելու ենք: Վստահ էի, որովհետեւ մեր տղաների աչքերում տեսնում էի հաղթելու ցանկությունը , կրակը: Նրանք ցանկանում էին ժողովրդին ապացուցել, որ չնայած մեկ տարուց ավելի Հայաստանում հաղթանակ չեն տոնել, նրանք կարող են հաղթել:

Շատ շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին. նրանց ովքեր մարզադաշտում էին եւ նրանց, ովքեր հեռուստացույցներից այն կողմ էին երկրպագում: Այս հաղթանակը մեր ազգի հաղթանակն է: Լավ տրամադրությամբ մեկնում ենք Իտալիա»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Բուլղարիայի հավաքականը 13 միավորով մնաց B խմբի երկրորդ տեղում: Հայաստանի հավաքականը 12 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Առաջատարը ուղեգիր նվաճած Իտալիան է՝ 20 միավոր: Երկրորդ տեղի հավակնորդ Չեխիայի հավաքականն այս պահին մրցում է Մալթայի հետ եւ հաղթում է 1:0 հաշվով, իսկ դանիացիները հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվեն Իտալիային:

Շուշանիկ Հակոբյան 

Ֆոտո՝ Արսեն Սարգսյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.