19:20 10 հոկտեմբերի, 2013Եթե մտածում ենք, որ այսօր օդանավակայանում վախեցրիք մեզ, ապա իմացեք, որ դա չի ազդի մեր խաղի վրա: Երեւանում մեզ սպասվում է հետաքրքիր հանդիպում: Մեր խմբում յուրաքանչյուր թիմ ունի այնքան միավոր, ինչքանի արժանի է:
Այս մասին հոկտեմբերի 10-ին կայացած ասուլիսում հայտարարել է ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը, ով խոսեց Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղի մասին։
«Մենք պատրաստ ենք թե՛ այս խաղին, թե՛ Չեխիայի հավաքականի դեմ հանդիպմանը: Եթե մտածում ենք, որ այսօր օդանավակայանում վախեցրիք մեզ, ապա իմացեք, որ դա չի ազդի մեր խաղի վրա: Չեմ ցանկանում այլեւս խոսել ոչ ֆուտբոլային թեմաներով: Կան կոմիտեներ, որոնք կզբաղվեն այդ հարցերով: Իմ գործը ֆուտբոլն է:
Մեզ սպասվում է հետաքրքիր խաղ: Երկու թիմերն էլ ունեն տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ: Մեր խմբում եղան շատ հետաքրքիր արդյունքերով մի քանի հանդիպումներ: Յուրաքանչյուր թիմ ունի այնքան միավոր, ինչքանի արժանի է: Կանխատեսում անելը դժվար է: Մենք եկել ենք այստեղ հաղթելու համար:
Մենք չգիտենք, թե ինչպես վերջին հանդիպումներում կխաղա խմբում առաջին տեղն ապահոված Իտալիայի հավաքականը: Մեր գործն այս երկու խաղերում լավ հանդես գալն է: Միջազգային խաղերում կարեւոր է երկրի պատիվը: Չեմ կարծում, որ Իտալիան միտումնավոր թույլ հանդես կգա դանիացիների դեմ:
Սոֆիայում տեղի ունեցած խաղը իսկական պայքար էր: Համաձայն չեմ, որ իմ ֆուտբոլիստները հատուկ սադրանքների էին դիմում: Հայաստանի հավաքականն առաջին խաղում Մալթային հաղթելուց հետո էր ժամանել Սոֆիա, իսկ մենք միավորներ էինք կորցրել Իտալիայի հետ մրցավեճում: Դրա համար մեր հաղթելու ցանկությունն ավելի մեծ էր: Այլեւս չեմ ցանկանում խոսել առաջին շրջանի խաղի մասին»,- նշեց բուլղարացի մասնագետը:
Լյուբոսլավ Պենեւի ասուլիսից հետո Երեւանի «Հանրապետական» ստադիոնում բուլղարացիներն անցկացրին փակ մարզում, որը հսկվում էր բազմաթիվ ոստիկանների կողմից:
Հիշեցնենք, որ Հայաստան - Բուլղարիա խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին «Հանրապետական» ստադիոնում։ Նախավերջին տուրից առաջ երկրորդ տեղում գտնվող բուլղարացիներն ունեն 13 միավոր, իսկ Հայաստանի հավաքականը՝ 9:
Վերա Մարտիրոսյան
Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.