09:40 8 հոկտեմբերի, 2013Հոկտեմբերի 6-ին Ռուսաստանում մեկնարկել է 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի փոխանցումավազքը, որը կտեւի 123 օր: Ջահակիրներից մեկը ստորջրյա լողի աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, տասնյակ մարդկանց կյանքեր փրկած Շավարշ Կարապետյանն է:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Շավարշ Կարապետյանը պատմեց փոխանցումավազքի պատրաստման, կրակի մարման, սպորտում իր նախասիրությունների եւ հայկական ֆուտբոլի մասին:
Պարոն Կարապետյան, բոլոր հայերը մեծ ուրախություն ապրեցին, երբ հայտնի դարձավ, որ Դուք Օլիմպիական խաղերի կրակի ջահակիրների փոխանցումավազքի մասնակիցներից մեկն եք: Ե՞րբ իմացաք, որ մասնակցելու եք եւ որքա՞ն ժամանակում պատրաստվեցիք:
Անկեղծ ասած՝ ֆիզիկապես պատրաստվելու ժամանակ չունեի: Ինձ օգնեց ժամանակին ունեցած պատրաստվածությունս: 10 օր առաջ իմացա, որ ջահակիրների ցուցակում եմ եւ միայն երեք օր առաջ ինձ վերջնական հաստատեցին: Այնտեղ ամեն բան շատ խիստ էր: Տարբեր փուլեր պետք էր անցնել: Տարբեր ատյաններում ստուգվել:
Կրակը մարեց Ձեր ձեռքերում: Ինչպե՞ս արձագանքեցիք: Սնահավա՞տ եք:
Բոլորը պատրաստված էին: Դրա համար կան հատուկ մարդիկ, ովքեր պահում են իրենց մոտ հենց նույն Օլիմպիական կրակի ճրագները: Մարելու դեպքում նրանք այն կրկին վառում են: Ոչ մի խնդիր չկար: Այնտեղ սնահավատություն ես չտեսա:
Ինչպե՞ս եք վերաբերվում առաջիկա Օլիմպիական խաղերին: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում ոչ բոլորն էին ցանկանում, որ այս Խաղերը անցկացվեն այնտեղ:
Խաղերի պատրաստությունը շատ լուրջ է ընթանում: Չեմ ցանկանա առաջ ընկնել, դրա համար կան հատուկ մասնագետներ: Կարծում եմ՝ Օլիմպիական խաղերի հոգին եւ պատրաստությունը մեծ ուրախություն կբերեն: Վստահ եմ, որ Ռուսաստանը շատ ոսկե մեդալներ կհավաքի, իսկ Օլիմպիական խաղերը կանցնեն բարձր մակարդակով:
Դուք ստորջրյա լողի 17-ակի չեմպիոն եք: Երեւի ավելի մեծ հաճույքով հետեւում եք ամառային Օլիմպիական խաղերին: Սոչիում, ո՞ր մարզաձեւերը կգրավեն Ձեր ուշադրությունը:
Չեմ կարծում, որ ձմեռային Օլիմպիական խաղերը պակաս գեղեցիկ են: Օրինակ՝ գեղասահքը, հոկեյը, դահուկային սպորտը, բիատլոնը: Յուրաքանչյուր մարզաձեւ իրենից ներկայացնում է ծաղկեփունջ՝ իր գեղեցկությամբ եւ երանգով: Պետք չէ համեմատել: Կա ֆուտբոլ եւ կա հոկեյ: Կա թեթեւ աթլետիկա եւ կա դահուկային սպորտ:
Ո՞րն մարզաձեւն է Ձեր ամենասիրելին: Ո՞րն եք դիտում մեծ ոգեւորությամբ:
Այնտեղ, որտեղ կանայք են հանդես գալիս: Դա ոգեւորության մասին Ձեր հարցի պատասխանն է: Կարծում եմ՝ ճիշտ պատասխանեցի:
Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում:
Վերջին ամսվա ընթացքում երկու անգամ եղել եմ: Այցելել եմ Լեռնային Ղարաբաղ, եղել եմ Երեւանում:
Հանգստանո՞ւմ էիք, թե՞ գործերով էիք եկել:
Հիշո՞ւմ եք Վիսոցկու երգը. «А просто так, а просто так»։
Հետեւո՞ւմ եք հայկական սպորտին:
Վերջերս հարցազրույց էի տալիս եւ ինձ հարցրին, թե ինչպես եմ վերաբերվում հայկական ֆուտբոլին: Ես ասացի, որ կա այսպիսի մի տերմին՝ «հայկական ֆուտբոլ»: Կա բրազիլական, անգլիական, իսպանական ֆուտբոլի, ինչպես նաեւ հայկական ֆուտբոլի խաղաոճը:
Ի՞նչ խաղաոճ է դա:
Դա երբ փոխանցում ես կատարում եւ գնդակը հայտնվում է դարպասում: Դա նոր տերմին է:
Ի՞նչ կանխատեսում կանեք Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերի համար:
Կանխատեսում չունեմ, բայց հայերը պետք է հաղթեն, գոնե Իտալիային:
Վերա Մարտիրոսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.