Ferrari-ի խայտառակության փոքրիկ օրագրությունը

10:43   11 սեպտեմբերի, 2013

Ferrari-ն հերթական խայտառակության դուռն է չոքում, թեպետ Մոնցայում վատ հանդես չեկավ: Այդ թիմն այսօր հիշեցնում է Կրիշտիանու Ռոնալդուին: Միշտ լավն է, սակայն ոչ «Լեո Մեսիի», այս դեպքում՝ Red Bull-ի գոյության դաշտում: Սեբաստիան Ֆետելը մեկ շնչով վերցնում է Մոնցան` Red Bull-ի աքիլեսյան գարշապարը, ինչպես անողոքորեն արտահայտվել էր թիմի մարզական տնօրեն Քրիստիան Հորները: Ալոնսոն գրավում է երկրորդ տեղը, ընդ որում, թիմի կառավարման վահանակի մոտ նստածների մեղքով: Ֆետելի պիտ կանգառ մտնելու ժամանակ նրանք կարող էին այնտեղ կանչել նաեւ Ալոնսոյին, որը հրաշալի արագություն էր զարգացրել մինչ այդ: Սակայն Ֆետելը պիտ կանգառից դուրս եկավ նոր անվադողերով, իսկ Ալոնսոն մի քանի շրջան դեռ մաշում էր առաջին անվադողերը ամեն շրջանին կորցնելով մոտ մեկ վայրկյան: Արդյունքում Ալոնսոն մի կերպ պահպանեց երկրորդ տեղը:

Առջեւում դեռ 7 Գրան Պրի կա, սակայն Ֆետելն իր վերջին հաղթանակով ապահովեց 50 միավորի տարբերություն, որը երկու Գրան Պրիի առաջին տեղի միավորների քանակն է: Այսինքն, ինտրիգը վերականգնելու համար անհրաժեշտ է, որ Ալոնսոն հաղթի երկու Գրան Պրի՝ պայմանով, որ 7-ից երկուսում Ֆետելը եզրագիծ չհասնի: Դա, ըստ էության անիրականանալի է: Նշանակում է, Ferrari-ն պետք է կենտրոնանա 2014-ի մրցաշրջանի վրա: Հիմա ժամանակն է հասկանալ, թե ինչու հերթական անգամ Ferrari-ի մոտ ոչինչ չստացվեց: Ավստրալիայում Ալոնսոն գրավեց երկրորդ տեղը, թեպետ մեկ շրջանի նրա լավագույն արդյունքը 7-րդն էր: Նա հայտարարում է, որ Ferrari-ի արագությունն իրեն բավարարում է: Մալայզիայում հենց առաջին շրջանում Ալոնսոն դուրս է մնում պայքարից: Նրա բոլիդը մեկնարկին բախվում է Red Bull-ի առաջին համարի բոլիդին եւ շարքից դուրս գալիս: «Մեր բախտը չբերեց»,- հայտարարում է Ալոնսոն: Շանհայում Ալոնսոն հաղթում է: Այս անգամ. «Չի բացառվում, որ բախտներս բերեց»: Նա բոլիդի հնարավորությունները գիտի. «Մենք պատրանքներ չունենք»: Բահրեյնում Ալոնսոն 8-րդն է: Ստեֆանո Դոմենիկալին հայտարարում է. «Բոլիդը մեծ պոտենցիալ ունի»: Տեխնիկական տնօրեն Պիտ Ֆրայը վստահեցնում է, որ Ferrari-ն կարող է պայքարել առաջին տեղի համար: Ֆերնանդոյի F138-ի վրա փչացել էր վերին հակաթեւի տուրբուլենտային կարգավորումը, որն օգնում է արագություն զարգացնելուն:

Իսպանիայում Ալոնսոն կրկին հաղթում է. «Կարծում եմ, մեր բոլիդը կարող է պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար»: Մարզասերներն այս տարվա ընթացքում վերջին անգամ են Ալոնսոյին տեսնում այդքան երջանիկ: «Ես հասկանում եմ, որ դեռ զիջում ենք արագության հարցում»,-ամոթխածոր ասում է Ֆերնանդոն: Ենթադրվում է, որ փորձում է թուլացնել Red Bull-ի զգոնությունը: Էդրիան Նյուիի ուշքն ու միտքը սակայն Mersedes-ն է, նրանք են իրար հետեւից վերցնում որակավորման բոլոր մրցումները: Այս մրցաշրջանում առայժմ միայն նրանք են մեկնարկում առաջին տեղից: Մոնակոյում հենց Mersedes-ն էլ հաղթում է: 2-րդ, 3-րդ տեղերը վերցնում է Red Bull-ը, Ալոնսոն միայն 7-րդ տեղում է եզրափակում մրցումը: Նույնիսկ չգիտի, թե ինչ ասի: Սակայն առաջին անգամ խոստովանում է. «Դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի մեքենան բարելավենք»: Կանադայում Ալոնսոն 2-րդն է՝ Ֆետելից հետո: Դեմքին բացարձակապես ոգեւորություն չկա, թեպետ մեկնարկել էր 6-րդ տեղից: «Առջեւում դեռ երկար ճանապարհ կա»,- բոլիդի հնարավորությունների բարելավման մասով կրկներգում է Ալոնսոն: Իսկ Ֆետելն արդեն միավորներով պոկվել է «մեկ ու կես» Գրան Պրի:

Մեծ Բրիտանիայում այս մրցաշրջանում առաջին անգամ Ֆետելը եզրագիծ չի հասնում: Ալոնսոն 3-րդն է. «Եթե այսօր առավոտյան ինձ ասեին, որ ես պոդիում կբարձրանամ, չէի հավատա»: Իսպանացին կրկին վկայակոչում է բախտի գործոնը, արդեն չի էլ հասկանում, թե ինչ է կատարվում բոլիդի հետ, որ չեն կարողանում հաղթել: Գերմանիայում Ֆետելը հաղթում է 4-րդ անգամ, իսկ ինքը 4-րդ տեղում է: Մեկնարկել էր 8-րդից: «Մենք դարձյալ արագ չէինք»,- հենց այնպես ասում է նա: Հունգարիայում Ալոնսոն գրավում է 5-րդ տեղը: Արդեն 5-րդ տեղը նույնիսկ ոգեւորում է աշխարհի կրկնակի չեմպիոնին. «Mersedes-ը, Lotus-ը եւ Red Bull-ն ավելի արագ են»,- լրագրողներին ասում է նա: Կանոնավոր նվաճումներն սկսվում են Բելգիայից ու Իտալիայից: Երկու մրցուղիներում էլ Ալոնսոն 2-րդ տեղն է գրավում: Ցավն այն է, որ երկուսում էլ հաղթում է Ֆետելը: Սպայի հաղթահարթակում Ալոնսոն կանգնած է ինչպես սառույց, իսկ Մոնցայում՝ նույնիսկ մռայլ: Նա կորցրել է մոտիվացիան: Նա սգում է Ferrari-ի անզորությունը: Սպայում «կծում» է իր գործատուի՝ Ferrari-ի կոնստրուկտորներին. «Նույնիսկ եթե մեկնարկեի առաջին տեղից, միեւնույն է, կգրավեի 2-րդ տեղը»: Բոլիդը թարմացվել էր տեխնիկական որոշ նորարարություններով: Մոնցայից հետո Ալոնսոն գրեթե հանձնվում է. «Պետք է լինել իրատես՝ անհատական հաշվարկում 53 միավորի տարբերությունը վերացնելը հեշտ չէ»:

Twitter-ում օգտատերի այն հարցին, թե դեռ հավատում եք, որ կհաղթեք այս տարվա առաջնությունը, Ալոնսոն պատասխանում է, որ մենք դրան հավատալու ենք մինչեւ մրցաշրջանի ավարտը: Վերջին երեք առաջնություններում նա երկու անգամ դարձել է փոխչեմպիոն: Սոցցանցերում խոսում են, որ անցյալ տարվա բոլիդն ավելի լավ էր «համագործակցում» Ալոնսոյի հետ: Դա ճիշտ է, որովհետեւ անցյալ տարի Իտալիայում Ալոնսոն ընդհանուր հաշվարկում 39 միավորով առաջին տեղում էր, իսկ առաջնությունը ձախողեց 3 միավորի տարբերությամբ:

Մհեր Արշակյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.