Վարդան Մինասյան. Նայում ենք առաջ եւ մտածում ենք դանիացիների հետ խաղի մասին

22:20   6 սեպտեմբերի, 2013

Դանիացիների հետ պատասխան հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի կորուստները հսկայական են, չեխերին 2:1 հաշվով հաղթելուց հետո մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը լրջագույն կադրային խնդիրներ է ունենալու հաջորդ խաղում, Պրահայից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Միշտ չէ, որ հաղթում է ուժեղ թիմը: Տրամադրված էինք միայն հաղթանակի եւ չէինք մտածում, թե ինչ ենք ցանկանում: Մենք այսօր խաղացինք առավելագույն հնարավորություններով, թեեւ կատարեցինք երեք հարկադրված փոխարինում, որոնք ազդեցին խաղի վրա: Ինչ վերաբերում է մալթացիների հետ խաղին, ապա կորցրածը հետ չես բերի: Նայում ենք առաջ եւ մտածում ենք դանիացիների հետ խաղի մասին:

Հարկադրված փոխարինումների պատճառով խաղի պլանը փոխվում է, էլ չեմ ասում հիմնական դարպասապահի կորուստի մասին: Բերեզովսկին վնասել է ծունկը եւ պետք է ենթարկվի հետազոտության: Արաս Օբիլիսն ու Կամո Հովհաննիսյանն իրենք փոխարինում պահանջեցին, բայց ավելի լուրջ է Բերեզովսկու վնասվածքը: Ուրախալի է, որ հաղթել ենք թե՛ դանիացիներին, թե՛ չեխերին: Այսօր մեծ կորուստներ ունեցանք, քանի որ վնասվածքներից բացի, Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը որակազրկման պատճառով բաց կթողնեն դանիացիների հետ խաղը: Հեռուն չենք նայում, գլխավորը մտածում ենք առաջիկա խաղի մասին»,- նշեց Մինասյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Պրահայում 2:1 հաշվով պարտության մատնեց չեխերին, իսկ սեպտեմբերի 10-ին Երեւանում կընդունի դանիացիներին:

NEWS.am Sport-ը Չեխիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Պրահայից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:  

Դավիթ Եղիազարյան՝ Պրահայից



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.