Չեխիա - Հայաստան՝ 1:2. Գեւորգ Ղազարյանը փրկեց խաղը

21:56   6 սեպտեմբերի, 2013

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիա - Հայաստան խաղի վերջին րոպեին րոպեին Գեւորգ Ղազարյանի շքեղ գոլը Հայաստանի հավաքականին հաղթանակ պարգեւեց: Վարդան Մինասյանի թիմը պահպանում է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հույսը:

Ռեւանշը կայացավ: Երեւանում չեխերը հաղթել էին 3:0 հաշվով, իսկ Պրահայի «Էդեն Արենայում» պարտվեցին 1:2 հաշվով: Առաջին խաղակեսում Կառլեն Մկրտչյանի գոլին դաշտի տերերը պատասխանեցին Տոմաշ Ռոսիցկու գոլով երկրորդ խաղակեսում:

27-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Նրան փոխարինեց Լեւոն Հայրապետյանը:

69-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը թողեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Գեւորգ Կասպարովը խաղադաշտ դուրս գալուց մեկ րոպե հետո գնդակ բաց թողեց: Ռոսիցկու հարվածից հետո Վարազդատ Հարոյանից անդրադարձ եղավ եւ Կասպարովը փրկել չկարողացավ:

Ավելացված երկրորդ րոպեին Հայաստանի հավաքականը արագ գրոհ կազմակերպեց եւ Գեւորգ Ղազարյանը Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո գրավեց Պետեր Չեխի դարպասը:

Հայաստանի եւ Չեխիայի հավաքականները B խմբում 7-ական խաղից հետո ունեն 9-ական միավոր եւ զիջում են 6 խաղից հետո 14 միավոր վաստակած Իտալիայի եւ նույնպես 6 խաղից հետո 10 միավոր ունեցող Բուլղարիային:

2014թ. Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ

B խումբ

Չեխիա - Հայաստան՝ 2։1

Ռոսիցկի, 70 - Մկրտչյան, 31, Ղազարյան, 90+2

Չեխիա. Չեխ, Կադլեց, Սիվոկ, Լիմբերսկի (Սուխի, 65), Գեբրեսելասիե, Պլաշիլ, Ռոսիցկի, Հուշբաուեր, Յիրաչեկ (Վանեկ, 62), Կոզակ, Ռաբուշիչ (Կոլարժ, 55)

Հայաստան. Բերեզովսկի (Կասպարով, 69), Արզումանյան, Մկոյան, Հարոյան, Եդիգարյան, Մխիթարյան, Մկրտչյան, Հովհաննիսյան (Պիզելի, 77), Ղազարյան, Մովսիսյան, Օզբիլիս (Հայրապետյան, 28)

Զգուշացումներ՝ Օզբիլիս, 22, Լիբերսկի, 25, Արզումանյան, 28, Մովսիսյան, 41, Հուշբաուեր, 50, Ռոսիցկի, 52, Եդիգարյան, 82 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։