Օլիմպիական փոխչեմպիոն Ստեֆան Լամբյել. Շատ տպավորել է Հայաստանը

14:08   3 սեպտեմբերի, 2013

Հայաստանի մասին իհարկե լսել էի, դուք ունեք շատ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Անդրե Աղասին, Շառլ Անզնավուրը, Շերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց շվեյցարացի գեղասահորդ, Թուրինի  Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Ստեֆան Լամբյելը, ով այժմ աշխատում է Ճապոնիայի գեղասահորդների հետ որպես պարուսույց:

«Շատ ոգեւորված եմ եւ տպավորված: Առաջին անգամ եմ այստեղ, սակայն կարող եմ ասել, որ ես սիրում եմ այս երկիրը: Երեկ երեկոյան զբոսնում էի քաղաքում եւ վայելում մթնոլորտը: Շատ գեղեցիկ քաղաք է` հետաքրքիր ճարտարապետությամբ: Բոլորը  շատ դրական են, դա քաղաքն ավելի գեղեցիկ է դարձնում: Հիմա, երբ արդեն այցելել եմ Հայաստան, ցանկանում եմ հետագայում կրկին վերադառնալ»,- ասաց Լամբյելը:

Ճապոնիայի գեղասահքի հավաքականը որոշել է 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերին նախապատրաստվել Հայաստանում։ Դրան նպաստել է գեղասահքի հայտնի մենեջեր եւ գործակալ Արի Զաքարյանը։ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այժմ փորձնական մարզումներ են անցկացնում Ճապոնիայից ժամանած չորս գեղասահորդներ: Նրանք Հայաստանում կանցկացնեն վեց օր, կծանոթանան պայմաններին, սառույցին: Սոչիի Օլիմպիական խաղերից առաջ Ճապոնիայի հավաքականը Հայաստան կժամանի ամբողջ կազմով:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.