Արթուր Պետրոսյան. Հենրիխ Մխիթարյանն ընտրեց սխալ թիմ

11:25   3 սեպտեմբերի, 2013

«Լիվերպուլ» տեղափոխվելն ավելի ճիշտ կլիներ Հենրիխ Մխիթարյանի համար: Հենրիխը հիանալի կընդգրկվեր Բրենդան Ռոջերսի սիրած իսպանական ֆուտբոլում: Մխիթարյանը հենց այն ֆուտբոլիստն է, ով պետք է լիվերպուլցիներին: Նա թիմին կբարձնացներ նոր մակարդակի»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսական «Спорт-Экспресс» կայքի գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը, ով խոսեց Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի, Հայաստանի հավաքականի, Մարկոս Պիզելիի հետ ծանոթության, իր անցած ուղու եւ սիրելի թիմի մասին:

Արթուր, ինչպես երեւում է ռուսական մարզական մամուլում շատ են հայերը: Այժմ արդեն «Спорт Экспресс» կայքի գլխավոր խմբագիրը նույնպես հայ է: Դու խոսո՞ւմ ես հայերեն:

Ծնվել եմ հայկական ընտանիքում, բայց ընկերներս սիրում են կատակել, թե իմ մեջ հայկական են միայն ազգանունս եւ արտաքինս: Ծնվել եմ Ռուսաստանում եւ այնպես է ստացվել, որ հիմնականում շփվել եմ ռուսների հետ: Ծնողներս նույնպես Ռուսաստանից են եւ հայերեն գրեթե չգիտեն: Ես, բնականաբար, ինձ հայ համարում եմ, բայց ամոթով եմ նշում, որ մայրենի լեզվիս չես տիրապետում: Ի դեպ, հայկական արյունից բացի, իմ մեջ կա նաեւ հունական արյուն:

Դու ներկա էիր Հայաստան – Ռուսաստան խաղին: Դա քո առաջի՞ն այցն էր Հայաստան:

Ոչ, ինձ կնքել են Էջմիածինում, երբ երեք տարեկան էի: Այդ տարիներին մեկ անգամ եւս եկանք Հայաստան: Այնուհետեւ 20 տարի չէի եկել: Նախորդ անգամ էլ եկա Հայաստան - Ռուսաստան խաղի շնորհիվ, արդեն որպես գործուղում: Հայաստանում շատ դուր եկավ հատկապես Երեւանը, մարդիկ, կլիման: Շատ յուրօրինակ զգացողություն էր, երբ շուրջբոլորը հայեր էին:

Ճի՞շտ է, որ Մարկոս Պիզելին, տեսնելով քեզ, մոտեցել է եւ սկսել խոսել հայերեն, իսկ դու չես կարողացել պատասխանել նրան:

Այո, իսկ դուք որտեղի՞ց գիտեք դա: Կարծեմ դա Մարբելիայում էր «Կուբանի» հավաքից առաջ: Ես թիմից շուտ էի ժամանել եւ օդանավակայանում սպասում էի նրանց: Մարկոսի հետ այդ ժամանակ ծանոթ չէինք: Նա նկատեց ինձ, մոտեցավ, սեղմեց ձեռքս եւ հարցրեց, թե ինչպես եմ: Ես ասացի, որ լավ եմ եւ միանգամից անցա անգլերենի: Այդպես ծանոթացա նրա հետ:

Շատ հայտնի մարզական լրագրողներ ունեն ոչ համապատասխան կրթություն: Որտե՞ղ ես սովորել եւ ինչպե՞ս ես հայտնվել այս ոլորտում:

Կարելի է ասել, ես նույնպես պատահական հայտնվեցի այս ոլորտում: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ: Աշխատել եմ տարբեր հաստատություններում՝ սկսած «Роснефти»-ից մինչեւ «Сбербанк», բայց հետո հասկացա, որ դա իմը չէ: Տխուր էր եւ անհետաքրքիր: Հայտնի մարզական լրագրող ընկերս առաջարկեց ուժերս փորձել մարզական նոր թերթում: Փորձեցի եւ մնացի այս ոլորտում: Գրում էի տարբեր պարբերականների համար: Հետո տեղափոխվեցի «РТР-Спорт», Sportbox.ru, իսկ հիմա աշխատում եմ «Спорт Экспресс»-ում:

Ի՞նչ են ամենաշատը կարդում ձեր ընթերցողները: Ո՞ր բաժիններն են ամենաընթերցվողները ձեր կայքում:

Կարծում եմ՝ «Спорт Экспресс»-ը ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ամբողջ ԱՊՀ-ում առաջատար է իր բացառիկ նյութերով: Ոչ ոք չունի թղթակիցների այդպիսի մեծ ցանց, ինչպիսին ունենք մենք: Շատ նորություններ եւ հարցազրույցներ սկզբում հայտնվում են մեր կայքում, իսկ հետո՝ միայն մյուսների մոտ: Թերթն ու կայքն ունեն շատ մեծ լսարան եւ հեղինակություն են վայելում ընթերցողների շրջանում: Ամենաշատը, բնականաբար, կարդում են հենց բացառիկ նյութերը:

Արթուր, դու Հայաստանում հայտնի դարձար Հենրիխ Մխիթարյանի՝ «Բորուսիա» տեղափոխության ժամանակ: Հայկական շատ լրատվամիջոցներ այդ օրերին հղում էին կատարում քո թվիթերյան էջին, որտեղ ամեն օր գրում էիր Հենրիխի տրանսֆերի մասին: Այժմ, հետեւելով Մխիթարյանի խաղերին Բունդեսլիգայում, չե՞ս կարծում, որ նա ճիշտ ընտրություն է կատարել:

Ոչ, չեմ կարծում: Նա պարտավոր էր տեղափոխվել «Լիվերպուլ», քանի որ դա իմ սիրած թիմն է: Իրականում, եթե կատակը մի կողմ դնենք, միեւնույն է վստահ եմ, որ «Լիվերպուլ» տեղափոխվելն ավելի ճիշտ կլիներ նրա համար: Հենրիխը հիանալի կընդգրկվեր Բրենդան Ռոջերսի սիրած իսպանական ֆուտբոլում: Համակարգված խաղ մեծ արագության վրա, կարճ փոխանցումներ, թիմային խաղ, գնդակ պահելու կարողություն. Մխիթարյանը հենց այն ֆուտբոլիստն է, ով պետք է լիվերպուլցիներին: Նա թիմին կբարձրացներ նոր մակարդակի:

Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր երկրպագել «Լիվերպուլին»: Քո հասակակիցները հիմնականում երկրպագում են այլ թիմերի:

Իմ հասակակիցնե՞րը: Իսկ ո՞ւմ են երկրպագում նրանք: Հիշում եմ առաջին խաղը, որը դիտել եմ «Լիվերպուլի» մասնակցությամբ. դա 1992-ին «Սանդերլենդի» դեմ Անգլիայի Գավաթի եզրափակիչն էր: «Լիվերպուլը» հաղթեց 2:0 հաշվով: Այդ նույն օրն իմ սիրելի ռուսական թիմը՝ «Սպարտակը», նույնպես Գավաթի եզրափակչում հաղթեց 2:0 հաշվով: Ես այդ ժամանակ մարզադաշտում էի: Դա շատ սիմվոլիկ էր: Այդ զուգադիպությունը հիմք հանդիսացավ իմ սիրուն դեպի «Լիվերպուլը»: Այդ երկու թիմերի մարզաշապիկների գույներն էին անգամ նման իրար: Ծնողներիս սերը դեպի Բիթլզը նույնպես մեծ դեր խաղաց այդ հարցում: Իսկ ֆուտբոլային կյանքիս ամենահիշարժան օրը 2005-ի մայիսի 25-ն էր: Ես Ստամբուլի մարզադաշտում էի եւ տեսա լիվերպուլյան այդ հրաշքը: Մինչեւ այժմ էլ փշաքաղվում եմ՝ հիշելով «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակը:

Հետեւո՞ւմ ես հայկական ֆուտբոլին: Ի՞նչ  կասես Հայաստանի հավաքականի մասին:

Այս հավաքականն ամենաուժեղն է պատմության մեջ: Մնում է միայն գտնել լավ պաշտպանների եւ դարպասապահի, ով կփոխարինի Ռոման Բերեզովսկուն:

Չե՞ս կարծում, որ մինչեւ գտնեն այդ պաշտպաններին, գուցե հարձակվողներն արդեն «կծերարան»:

Եթե ֆուտբոլային դպրոցը նորմալ աշխատի եւ ամեն սերնդի մեջ լավ ֆուտբոլիստներ լինեն, ապա խնդիր չի լինի: Որքանով է դա իրական, դուք կիմանաք ավելի լավ:

Քո կանխատեսումը Հայաստանի հավաքականի՝ չեխերի եւ դանիացիների դեմ խաղերում:

Վատատեսորեն կհնչի, բայց կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը կպարտվի չեխերին, իսկ դանիացիների հետ լավագույն դեպքում կգրանցվի ոչ ոքի:

Արթուր վերջերս մարզական լրագրողներն ընտրեցին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին: Եթե դու քվեարկեիր, ինչպե՞ս կբաշխեիր ձայներդ:

Վերջնական արդյունքի պես՝ Ռիբերի, Մեսի, Ռոնալդու:

Վերջում փոքր բլից

Բոլոր ժամանակների լավագույն մարզիչը

Բիլ Շենկլին

Լավագույն ֆուտբոլիստը

Ջեյմի Կարագերը

Լավագույն մարզադաշտը

Բնականաբար, «Էնֆիլդը» թե՛ մթնոլորտի, թե՛ ֆուտբոլ դիտելու հարմարավետության առումով: Սիրում եմ նաեւ «Սեւիլիայի» մարզադաշտի մթնոլորտը: «Սանտիագո Բերնաբեուում» ֆուտբոլ դիտելը նույնքան հարմար է, որքան «Էնֆիլդում»:

Ամենագեղեցիկ գոլը

Մարկո վան Բաստենի՝ 1988-ին խփած գոլը Դասաեւի դարպասը:

Լավագույն դարպասապահը

Բուֆոնը:

Վերա Մարտիրոսյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.