Արթուր Աբրահամը հաղթեց Վիլբեֆորս Շիհեպոյին եւ կհանդիպի Ռոբերտ Շտիգլիցին (ֆոտո)

01:51   25 օգոստոսի, 2013

Արթուր Աբրահամը 37-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ դառնալով աշխարհի չեմպիոնի հավակնորդ: Օգոստոսի 24-ին Գերմանիայի Շվերին քաղաքում կայացած մենամարտում սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնը միավորներով առավելության հասավ Նամիբիայի ներկայացուցիչ Վիլբեֆորս Շիհեպոյի (20-7, 15 նոկաուտ) նկատմամբ:

Մեկնարկային ռաունդներում 30-ամյա նամիբիացին փորձում էր ակտիվություն դրսեւորել, սակայն հարվածներ էր բաց թողնում գրոհելիս: Աբրահամի առավելությունը գնալով մեծանում էր, բայց Շիհեպոն բավական լավ էր պատրաստված ֆիզիկապես եւ դիմացավ մինչեւ մենամարտի ավարտը: Աբրահամը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116:113, 116:112, 117:111:

Մենամարտից առաջ 33-ամյա Աբրահամը հայտարարել էր, որ Շիհեպոյին պարտվելու դեպքում կավարտի կարիերան: Այս հաղթանակի շնորհիվ հայ բռնցքամարտիկը հնարավորություն ստացավ մենամարտել WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (44-3-0, 25 նոկաուտ) հետ:

Աբրահամն ու Շտիգլիցը ռինգում կհանդիպեն երրորդ անգամ: 2012-ի օգոստոսի 25-ին Բեռլինում հայ բռնցքամարտիկը Շտիգլիցին հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): 2013-ի մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում կայացավ Աբրահամ - Շտիգլից ռեւանշ մենամարտը, որի երրորդ ռաունդում գերմանացին հաղթեց տեխնիկական նոկաուտով: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.