«Շախտյորի» մարզիչ. Գեւորգ Ղազարյանը շատ լավ խաղաց «Սելթիկի» դեմ

20:14   21 օգոստոսի, 2013

«Սելթիկի» դեմ Գեւորգ Ղազարյանի խաղից շատ գոհ ենք, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարագանդայի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը: Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի առաջին խաղում ղազախական թիմը 2։0 հաշվով պարտության մատնեց շոտլանդական «Սելթիկին»։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 28-ին։

Պարոն Կումիկով, շնորհավորում եմ Ձեր թիմի հաջող ելույթի առթիվ: Կարո՞ղ էիք պատկերացնել, որ «Շախտոյրը» կկարողանա հասնել մինչեւ որակավորման փլեյ-օֆֆ եւ առաջին խաղում հաղթել «Սելթիկին»:

Շնորհակալություն շնորհավորանքների համար: Մենք կարող էինք միայն ենթադրել եւ հուսալ: Մենք շատ էինք ցանկանում ղազախ երկրպագուներին ուրախացնել: Երեւի այդ մեծ ցանկության արդյունքում հաղթեցինք:

Ո՞րն է հաջողության գրավականը:

Գեւորգ Ղազարյանը մեկ անգամ հայկական լրատվամիջոցներից մեկի հետ (NEWS.am Sport) հարցազրույցում ասաց, որ «Շախտյորի» հաջողության գրավականը կարգապահության եւ թիմային խաղի մեջ է: Բոլոր ֆուտբոլիստները կատարում էին իրենց հանձնարարված առաջադրանքները:

Ինչպե՞ս եք գնահատում հնարավորությունները պատասխան խաղից առաջ:

Կարծում եմ՝ պատասխան խաղում «Սելթիկի» հնարավորություններն ավելի մեծ են: Նրանք ավելի փորձառու թիմ ունեն: «Սելթիկը» բարձրակարգ թիմ է, բայց ֆուտբոլում ամեն բան հնարավոր է:

Ի վերջո, խաղից առաջ զոհաբերություն տեղի ունեցե՞լ էր, թե՞ ոչ: Երեկ, կարծես, հերքվեց այդ լուրը:

Ես գերադասում եմ անվանել դա թիմում եղած ավանդույթների պահպանում, իսկ մանրամասների մասին կարծում եմ չարժե խոսել:

Ավանդույթները պահպանում եք միայն տանը՞, թե՞ նաեւ արտագնա խաղերի ժամանակ: Հնարավո՞ր է Շոտլանդիայում էլ լինի նման մի բան:

Մենք ամեն տեղ ենք հետեւում մեր ավանդույթներին: Հնարավոր է, որ նաեւ Շոտլանդիայում լինի:

Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանի խաղի մասին:

Մենք շատ գոհ ենք նրա խաղից: Երեկ շատ լավ խաղաց: Մի քիչ կասկածներ ունեինք: Նա բացակայել էր երկար ժամանակ:

Վերա Մարտիրոսյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.