20:45 21 օգոստոսի, 2013«Երեւանի «Կովկաս» համալիրում անցկացվում է «Վիվառո նարդի» մրցաշարը, որի հաղթողները կմասնակցեն Վրաստանի բաց առաջնությանը: Կփորձենք Հայաստանում նարդու մրցաշարերը պարբերաբար դարձնել, ինչպես նաեւ խոշոր միջազգային մրցաշար կազմակերպել այստեղ: «Վիվառո նարդի» մրցաշարին հայտագրվել եւ մասնակցել են մի քանի 100 նարդիստներ, անգամ երկու կին խաղացողներ կան, որոնք բավական հմուտ են եւ թեժ պայքար է գնում նրանց խաղերի ընթացքում: Դա ուրախացնում է, քանի որ կանայք նարդիում` նոր երեւույթ է Հայաստանում»:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Vivaro Game ընկերության տնօրեն Գոռ Հակոբյանը:
Օգոստոսի 21-ից 22-ը Երեւանում անցկացվում է նարդու մրցաշար, որի հաղթողները սեպտեմբերի 2-ից 4-ը Վրաստանում կմասնակցեն նարդու բաց առաջնությանը:
«Մրցաշարը կազմակերպված էր նախնական փուլով` օնլայն տարբերակով: Ցանկացողները գրանցվել էին մեր կայքում` vivaro.am կայքի նարդու բաժնում: Նախնական փուլը տեղի ունեցավ համացանցային տարբերակով, որտեղից ընտրվեցին լավագույն 40 խաղացողները: Եզրափակիչ դուրս եկած 40 նարդիստներից կընտրվեն լավագույն 4 խաղացողները` հաղթողները, որոնք կմեկնեն Վրաստան՝ միջազգային մրցաշարին մասնակցելու: Նախնական` համացանցային փուլում մի քանի 100 մասնակից էին հայտագրվել, իսկ դա նշանակում է, որ նարդին մեծ մասսայականություն ունեցող մարզաձեւ է Հայաստանում: Ունենք անգամ երկու կին մասնակից, որոնք օնլայն տարբերակով հաղթել են փոքր մրցաշարը եւ դուրս եկել եզրափակիչ: Կանանց մասնակցությունը նարդու մրցաշարում նոր երեւույթ է եւ ուրախալի, քանի որ նարդին մենք փորձում ենք բերել զրուցարաններից դեպի սպորտ: Եվ այս պարագայում կանանց մասնակցությունը շատ ողջունելի է:

Այս մրցաշարի նախաձեռնողը «Վիվառոն» է, հովանավորում է նույնպես «Վիվառոն»:
Ապագայում նախատեսվում է Վրաստանում կայանալիք մրցաշարի պես միջազգային նմանատիպ մի մրցաշար անցկացնել նաեւ Հայաստանում: Մինչ օրս այդ մասը կարծես բաց է մնացել, իսկ հայերը նարդի խաղալ սիրում են: «Վիվառոն» կնախաձեռնի նարդու խոշոր միջազգային մրցաշար, որը մեր երկրին կբերի ճանաչում նարդու օգնությամբ: Սա միջազգային մրցաշար չէ, այլ զուտ հայկական, մասնակիցները բացառապես հայեր են Երեւանից եւ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, իսկ արդեն հաղթողները` 4-ը կմասնակցեն միջազգային մրցաշարի:

Բավական թեժ պայքար է գնում, նույնիսկ կանայք բավական առաջատար են եւ լավ են խաղում, հմուտ: Խաղում գենդերային տարբերություն չենք դնի եւ կանանց առաջնային տեղում չենք դասի, չնայած նորից եմ ասում` բավական հմուտ են ու լավ տիրապետում են խաղին:
Առաջին տեղ հաղթողին, բացի Վրաստան մեկնելու հնարավորությունից, կհանձնենք նաեւ գավաթ, իսկ մյուս 3 հաղթողներին պատվոգրեր կհանձնենք»,- ասաց Գոռ Հակոբյանը:
Սպորտային նարդու եվրասիական ֆեդերացիայի նախագահ, «Վիվառո նարդի» մրցաշարի գլխավոր մրցավար Արթուր Մուրադյանւ եւս հույս հայտնեց որ «Վիվառոյի» նախաձեռնությունը կդառնա ամենամյա, դեռ ավելին` կսկեն ավելի շատ մրցաշարեր անցկացնել Հայաստանում:
«Մրցաշարը անցկացվում է միջազգային բոլոր կանոններին, խաղային օրենքներին համապատախան: Ըստ կանոնակարգի, խաղացողներին հնարավորություն է տրվել մեկ պարտությունից հետո հրաժեշտ չտալ մրցաշարին, քանի որ նարդիում պատահականության տարր գոյություն ունի: Մեր բակային նարդիստներն էլ միշտ բողոքում են մեկանգամյա խաղալու հնարավորությունից, այդ պատճառով բոլոր պարտվողներին հնարավորություն է տրվում ուժերը փորձել նաեւ «շանս» մրցաշարում, որը ընդունված է միջազգային մրցաշարերում: Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարի երկու ուղեգիր կխաղարկվի ըստ հիմնական խաղի, եւ երկուսը` ըստ «շանս» մրցաշարի:

Հայ նարդիստները միջազգային մրցասպարեզներում մեծ հաջողությունների են հասնում, բայց այս նախաձեռնությունը կօգնի բակային նարդիստներին հասկացնել, որ ինտելեկտուալ, դասական եւ միջազգային մրցասպարեզնում ընդունված նարդիից բակայինը շատ է տարբերվում: Եթե նայենք համաշխարհային օրացուցային պլանը, այնտեղ ազատ օր գրեթե չկա, տարեկան 500-600 մրցաշարեր է անցկացվում աշխարհի տարբեր երկրներում: Եվ սխալ կարծիք է ստեղծվել, որ հարավային ժողովուրդներն են ուժեղ նարդիում, բայց միջազգային մրցաշարերում միշտ փայլում են Դանիան, Նորվեգիան, Գերմանիան, ԱՄՆ` մի փոքր սառը մտածող եւ կշռադատող ազգերը: Իսկ Հայաստանում այս մարզաձեւը արդեն 20 տարուց ավելի զարգացած է, ունենք հրաշալի նարդիստներ, որոնք պարբերաբար մեծ հաջողություններ են գրանցում միջազգային մրցաշարերում: Մեր նարդիստները օրերս են վերադարձել Մոնտե Կառլոյից, որտեղ ընթանում էր աշխարհի գավաթի խաղարկությունը: Վազգեն Մաթեւոսյան, Հարություն Մարտիրոսյան եւ Ավետիս Ռոստոմյան եռյակը աշխարհի թիմային գավաթի խաղարկությանը զբաղեցրել է երկրորդ պատվավոր տեղը` Դանիայից հետո: Միակ խնդիրն այն է, որ Հայաստանում միայն անցկացվում է Հայաստանի առաջնություն եւ գավաթի մրցաշար, որն իրականացնում է նարդու ֆեդերացիան: Ցավոք այլ մրցաշարեր չեն անցկացվում, ինչը մեծ բացթողում է: Այս նախաձեռնությունը առաջին փորձն է: Կարծում եմ` սա կինի գեղեցիկ սկիզբ: Կփորձենք այս մրցաշարն էլ դարձնել ամենամյա, միայն թե դրա համար հովանավորներ են պետք, իսկ նարդու ֆեդերացիան որեւէ կառույցից ֆինանավորում եւ աջակցություն չունի»,- մանրամասնեց Արթուր Մուրադյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.