17:14 6 օգոստոսի, 2013«Ինչպես սպորտի նախարարությունը, այնպես էլ ՀԱՕԿ-ի հետ որեւէ կապ չունի Հայաստանում կայտբորդինգի զարգացման կենտրոնը: Կայտբորդինգի ֆեդերացիա էլ չկա, քանի որ դրա կարիքը դեռեւս չկա: Որպես առանձին մարզաձեւ դեռեւս գրանցված չենք սպորտի նախարարության ենթակայության տակ գտնվող մարաձեւերի շարքում: Դեռեւս գրանցված ենք որպես կազմակերպություն, որը զբաղվում է այդ մարզաձեւի զարգացմամբ: Որոշակի առումով դեռեւս մենք էլ աճելու, զարգանալու տեղ ունենք եւ չենք կարող հստակ ասել, որ մարզաձեւը Հայաստանում կա, զարգանում է: Սա դեռ առաջին քայլերն են: Փորձում ենք Հայաստանում ստեղծել կայտբորդինգ մարզաձեւը: Այդ իսկ պատճառով անիմաստ է դեռեւս աջակցություն փնտրել պետական սպորտային կառույցներում»:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում կայտբորդինգի զարգացման կենտրոնի տնօրեն Տիգրան Պետրոսյանը:
Դեռեւս 2011 թվականին Տիգրան Պետրոսյանը ընկերոջ` Կարեն Սարգսյանի հետ համացացնի միջոցով ձեռք է բերում էստրեմալ մարզաձեւերի շարքին դասվող կայտբորդինգի համար նախատեսված կայտ (քամու ուժով սավառնող տախտակ) եւ ուսումնասիրում կայտբորդինգ մարզաձեւը: Մի քանի փորձարկումներից հետո երկու ընկերների հետաքրքրասիրությունը դառնում է հոբբի, ապա նաեւ մասնագիտություն: Այսօր երկու ընկերները տնօրինում են կայտբորդինգի զարգացման կենտրոնը, որի նախաձեռնությամբ Սեւանա լճի ափին անցկացնում էին եռօրյա ուսումնական-վրանային ճամբար կայտբորդինգի սիրահարների մասնակցությամբ:
Տիգրան, ինչպե՞ս ստեղծվեց ձեր համատեղ կազմակերպությունը եւ ինչպե՞ս ստացվեց, որ հայերին բացարձակ անծանոթ մարզաձեւը բերեցիք Հայաստան:
Այս ամենը սկսվել է դեռեւս 2011 թվականի ձմռանը, երբ ես` ընկերոջս Կարեն Սարգսյանի հետ, ով ներկայումս հանդիսանում է կայտբորդինգի զարգացման կենտրոնի փոխտնօրենը, նրա հետ Հայաստան բերեցինք մեկ կայտբորդ՝ բացարձակապես տեղյակ չլինելով, թե դա ինչ է իրենից ներկայացնում: Ինտերնետով գնել էինք: Փորձարկումների արդյունքում հետաքրքրասիրությունը դարձավ հոբբի եւ աստիճանաբար վերածվեց հիմնական զբաղմունքի: Մեր անձնական միջոցներով ձեռք բերեցինք գույք եւ սկսեցինք լուրջ զբաղվել կայտբորդինգով: Հետագայում որոշեցինք ընդլայնել մեր թիմը եւ հավաքել խումբ: Պարզվեց` այս մարզաձեւով զբաղվողները շատ են, եւ մեր գաղափարին միացան եւս մի խումբ երիտասարդներ: Որոշեցինք ֆորմալացնել այդ ամենը եւ ստեղծել կազմակերպություն` Կայտբորդինգի զարգացման կենտրոն: Սա Հայաստանում այս մարզաձեւի առաջին նախագիծն է` ըստ իմ տեղեկությունների:
Այս տարի ապրիլին դիմեցինք ՀՀ սպորտի նախարարությանը, որպեսզի աջակցի, ֆինանսավորի մեր կազմակերպությանը ամռանը անցկացնել ուսուցողական-վրանային ճամբար Սեւանում: Ընդգրկվեցինք նախարարության դրամաշնորհային ծրագրի մեջ եւ այդ ծրագրի շրջանակում նախարարությունը մեզ տրամադրեց գումար ճամբարն անցկացնելու համար: Ճամբարում անցկացնում ենք քննարկումներ, դասընթացներ, գործնական վարժանքներ: Մասնակիցներին դեռեւս սովորեցնում ենք կառավարել կայտբորդը քամու պատուհանի տակ: Ճամբարի առաջին երկու օրերին մասնակիցները անցկացրեցին վարժանքներ ուսուցողական կայտերով: Իսկ արդեն երրորդ օրը, մասնակիցներից ով ցույց կտա լավ արդյունք ցամաքային տարածքում, դուրս կգա լիճ բորդինգով եւ կփորձարկի պրոֆեսիոնալ կայտբորդինգը:
Ովքե՞ր են ճամբարի մասնակիցները:
Մասնակիցներն ընտրվել են ազատ հայտադիմումներով՝ նրանք, ովքեր հետաքրքրված են այս մարզաձեւով, թվով 20 մասնակից: Ընդգրկված են տարբեր մարզերի երիտասարդներ, բայց հիմնական կենտրոնը Գյումրին է, քանի որ ես եւ Կարենը գյումրեցի ենք: Ճամբարի համար ընտրեցինք Սեւանը, քանի որ ջրային կայտբորդինգի համար ջրային մակերեւույթ Հայաստանում, ցավոք չունենք:
Այս մարզաձեւում շատ կարեւոր է նախ տեղանքը, թե որտեղ եւ ինչ պայմաններում ես վարելու կայտբորդը: Ընտրեցինք Սեւանում գտնվող` Սեւանից գոյացած մի լճակ: Սպորտաձեւն ունի որոշակի սպեցիֆիկ լուծումներ, պայմաններ` քամու նկատմամբ համապատասխան անկյուն, ջրային մեկնարկի համար հարմար պայման, փափուկ ավազ, որպեսզի հարմար անկյան տակ կայտբորդը մտնի ջրի մեջ: Մենք ընտրել ենք Սեւանա լճի այնպիսի տարածք, որտեղ շատ ճիշտ անկյան տակ է փչում քամին: Եվ բացի այդ, սա շատ սահմանափակ լճակ է. վտանգ չկա: Այս մարզաձեւում ջրի խորությունը կապ չունի, քանի որ մարզիկը կայտբորդի վրա կանգնում է հատուկ թիկնոցներով եւ անվտանգության գոտիներով:
Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս մարզաձեւը։
Կայտբորդինգը էստրեմալ մարզաձեւերի մեջ է մտնում: Ունի մի քանի տարատեսակ` ջրային, ձմեռային եւ ցամաքային: Հայաստանում շատ սիրված է ջրային կայտբորդինգը, թեեւ աշխարհում մեծ զարգացում ունի նաեւ ձմեռայինը, որը կոչվում է սնոուկայտինգ: Սակայն Հայաստանում ջրային կայտբորդինգի զարգացման համար ջրային տարածք չունենք: Միայն Սեւանա լիճն է, այն էլ լճի սահմանափակ տարածքները: Հայաստանը շատ հարմար է ձմեռային կայտբորդինգի համար, քանի որ հարթավայրեր շատ ունենք, որտեղ լավ քամիներ են լինում: Միակ ոչ հարմար տեղը ձմեռային կայտբորդինգի համար Ծաղկաձորն է, քանի որ սարերի մեջ է: Իսկ սարերի մեջ երկար չես կարող սահել: Բացի այդ, սարերի մեջ քամիները կայուն չեն, բայց հարթավայրերի վրա ավելի կայուն են:
Այլ երկրներում ի՞նչ զարգացում եւ մասսայականություն ունի կայտբորդինգը:
Աշխարհում այս մարզաձեւը շատ զարգացած է, սիրված: Անցկացվում են Եվրոպայի, աշխարհի առաջնություններ: Անցյալ տարի նույնիսկ երեք ամիս այս մարզաձեւը դարձավ օլիմպիական մարզաձեւ` մտավ Ռիո-2016-ի օլիմպիական ծրագրի մեջ: Բայց հետո առագաստանավային սպորտի համաշխարհային ֆեդերացիան փոխեց որոշումը, հանեց օլիմպիական ծրագրից, համարելով որ դեռ գույքային առումով, կանոնների, մրցավարության առումով այս մարզաձեւը դեռեւս որոշակի աճի եւ զարգացման տեղ ունի: Բայց այսօր արդեն մեծ առաջընթաց կա այս մարզաձեւում: Բազմաթիվ մարզաձեւերից նկատվում է կտրուկ անցում դեպի կայտբորդինգ: Հիմնականում էստրեմալ մարզաձեւերի մարզիկները զբաղվում են նաեւ կայտբորդինգով` իրենց մասնագիտացումը կենտրոնացնելով այս մարզաձեւի վրա: Դրանք հիմնականում վինդսերֆինգով, սնոուբորդինգով զբաղվող մարզիկներն են: Այսօր այս մարզաձեւն իր զարգացման ամենաթեժ փուլում է:
Իսկ Հայաստանը դեռ փորձում է քայլեր անել այս մարզաձեւում: Այս մեր ճամբարը մի քայլ է` ընդլայնել մարզաձեւով հետաքրքրվողների քանակը: Արդյունքը կլինի այն, որ այս երիտասարդներն իրենց մարզերում կստեղծեն խմբակներ եւ իրենց մարզերի երիտասարդներին կընդգրկեն այս մարզաձեւի սիրահարների եւ զբաղվողների մեջ: Սա մարզաձեւի մասսայականացման մի տարբերակ է: Հետո նոր կմտածենք ավելի լուրջ եւ հիմնավոր քայլեր անելու, արդյունքներ ցույց տալու մասին:
Ի՞նչ է պահանջվում մարզիկից կայտբորդինգով զբաղվելու համար:
Առաջին պայման որպես այդպիսին, այս մարզաձեւով զբաղվողից կայտբորդինգը պահանջում է սեր բնության նկատմամբ, բնական տարերքների նկատմամբ, ջրային տարածքների նկատմամբ, որպեսզի կարողանաս երկար ժամանակ տրամադրել բնության գրկում կայտբորդինգով զբաղվելու համար: Սա սիրողական մակարդակով: Իսկ պրոֆեսիոնալ տեսանկյունից մարզիկը պետք է էքստրիմի սիրահար լինի եւ լողալ իմանա, ինչպես նաեւ աթլետիկ կազմվածք ունենա օդային վարժություններ անելու համար:
Կայտբորդինգը թա՞նկ մարզաձեւ է:
Բավական: Կայտբորդինգն աշխարհում համարվում է թանկ սպորտաձեւերից մեկը: Միայն պրոֆեսիոնալ կայտը արժե շուրջ 1000 դոլար: Դրան գումարվում է մարզիկի հագուստը, անվտանգության համար նախատեսված պարագաներ: Պրոֆեսիոնալ մարզիկի համար միջինը հարկավոր է 2-3 մեծ կայտ, հագուստ, անվտանգության պարագաները: Սկսնակ կայտբորդինգիստի համար նախնական 1000-2000 դոլարը բավարար է մարզաձեւով զբաղվելու համար:
ՀԱՕԿ-ն ի՞նչ մասնակցություն այս մարզաձեւի զարգացման հարցում, քանի որ ինչպես նշեցիք, նույնիսկ մի քանի ամսով կայտբորդինգն ընգրկվել է օլիմպիական մարզաձեւերի մեջ:
Ինչպես սպորտի նախարարությունը, այնպես էլ ՀԱՕԿ-ի հետ որեւէ կապ չունենք: Դեռեւս որեւէ պաշտոնական համագործակցություն չունենք որեւէ սպորտային կառույցի հետ: Որովհետեւ այս մարզաձեւում մենք դեռեւս սպորտային խնդիրներ չենք կարող մեր առջեւ դնել եւ լուծել, պետություն ներկայացնել որեւէ պաշտոնական մրցաշարում: Դեռեւս միայն սիրողական մակարդակով ենք փորձում զարգացնել այս ամենը: Հետագայում նոր կմտածենք ավելի լուրջ քայլերի մասին: Եթե բազա ունենանք, արդեն պրոֆեսիոնալ մակարդակի մարզիկներ ունենանք, նոր կդիմենք ՀԱՕԿ-ին կամ սպորտի նախարարությանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.