Եվրոպայի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյան. Հաղթանակներից հետո պարտադիր բարձրացնում եմ հայկական եռագույնը (ֆոտո)

13:53   29 հուլիսի, 2013

«20 տարվա քրտնաջան աշխատելու արդյունքն այն է, որ Եվրոպայի չեմպիոն եմ 57 կգ քաշային կարգում: IBF-ում աշխարհի երրորդ բռնցքամարտիկն եմ: Այժմ նոր բարձրունքների եմ ձգտում»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Եվրոպայի գործող չեմպիոնը Ալեքս Միսկիրտչյանը, ով վերջերս գտնվում էր Երեւանում: Բելգիայում բնակվող հայ բռնցքամարտիկը ձմռանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար:

Ալեքս, ծնվել եւ մեծացել ես Վրաստանում: Ինչո՞ւ որոշեցիր բնակվել հենց Բելգիայում:

Վրաստանում ես դարձա երկրի չեմպիոն: Միշտ ցանկանում էի կարիերաս շարունակել Եվրոպայում: Այնպես ստացվեց, որ հայտնվեցի Բելգիայում: Այնտեղ միանգամից սկսեցի հանդես գալ հավաքականի կազմում եւ այդպես շարունակեցի կարիերաս:

Իսկ եթե ավելի հետ գնանք: Ինչո՞ւ ըտրեցիր հենց բռնցքամարտը, որը բավական դժվար մարզաձեւ է:

Այո, դժվար մարզաձեւ է: Պապիկս ու քեռիս նույնպես զբաղվել են բռնցքամարտով: Երբ սկսեցի մարզվել բռնցքամարտով, հասկացա, որ իմ տեղում եմ:

Իսկ ե՞րբ հասկացար, որ ընտրությունը սխալ չէր:

Երբ դարձա Վրաստանի չեմպիոն:

Բռնցքամարտն ունի՞ իր փիլիսոփայությունը, որը նրան առանձնացնում է մյուս մարզաձեւերից:

Բռնցքամարտում պետք է շատ մեծ կարգապահություն, ինչպես նաեւ այսպես ասած կյանքի հիգիենա` ինչպես ապրել, ուտել: Բռնցքամարտիկը պետք է ունենա լայն աշխարհայացք:

Հայաստան եկել ես հանսգտանալո՞ւ, թե՞ մարզվելու նպատակով:

Այտեղ ես ունեմ շատ բարեկամներ: Երեւանում եղել էի շատ փոքր հասակում, բայց կարծես ամեն բան հիշում էի: Ինձ շատ հարազատ եմ զգում այստեղ: Եկել եմ ընկերոջս՝ Վալերի Սաֆարյանի հետ, ով Բելգիայում հայկական համայնքի ղեկավարն է: Ես մազրվում եմ ԱՄՆ-ում: Եկա Հայաստան հանգստանալու նպատակով: Հետո դարձյալ կմեկնեմ ԱՄՆ-ը:

Մաստեր-կլաս եղա՞վ:

Այս անգամ ավելի շատ հանգստանալու համար էի եկել, բայց մեծ ծրագրեր ունենք Հայաստանի հետ կապված: Հոկտեմբերին կվերադառնամ այստեղ:

Կինդ որտեղի՞ց է:

Նա իտալուհի է: Նրանք մեզանից չեն տարբերվում: Ունեմ նաեւ որդի: 

Հայ բռնցքամարտիկների հետ շփվո՞ւմ ես:

Ես մարզվում եմ Լոս Անջելեսում: Այնտեղ շփվում եմ Վանես Մարտիրոսյանի հետ: Իմ մենեջերը շատ լավ գիտի Արթուր Աբրահամին: Ես մեկ անգամ ներկա եմ եղել նրա մենամարտին:

Իսկ այլ մարզաձեւերում հայ մարզիկների ելույթներին հետեւո՞ւմ ես:

Երեւանում ծանոթացա շախմատիստ Տիգրան Պետրոսյանի հետ: Շատ հաճելի էր ծանոթանալ նրա հետ: Շատ լավ մարդ է: Այլ մարզիկների չգիտեմ: Ես հետեւում եմ բռնցքամարտիկների ելույթներին, այլ բանի ժամանակ չի մնում:

Հաղթանակներիդ ժամանակ հայոց եռագույը բարձրացնո՞ւմ ես:

Այո՛, միշտ: Դա պարտադիր է:

Ինչպիսի՞ն են առաջիկա ծրագրերդ:

20 տարվա քրտնաջան աշխատելու արդյունքն այն է, որ Եվրոպայի չեմպիոն եմ 57 կգ քաշային կարգում: IBF-ում աշխարհի երրորդ  բռնցքամարտիկն եմ: Այժմ նոր բարձրունքների եմ ձգտում: Եկող տարի մենամարտելու եմ աշխարհի չեմպիոնի կոչման համար: Իսկ մինչեւ այդ՝ հոկտեմբերի 5-ին, կփորձեմ երրորդ անգամ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի:

Ո՞րն է քո կարգախոսը:

Իմ մարզաշապիկին գրված է՝ «Աշխարհն իմն է»: Դրա համար պետք է նվաճել աշխարհի չեմպիոնի գոտին:

Աշխարհի չեմպիոնի գոտին նվաճելու դեպքում չե՞ս փորձի փոխել քաշային կարգը:

Դա շատ դժվար է: Մարզումները, սնվելը շատ բարդ է, բայց եթե հաղթեմ, գուցե տեղափոխվեմ 59 կգ կամ 61 կգ քաշային կարգ:

Ցավալի՞ է, որ ոչ պրոֆեսիոնալ բռնցքամարտին այդքան մեծ ուշադրություն չի դարձվում, որքան պրոֆեսիոնալին:

Բոլոր բռնցքամարտիկները սկսում են սիրողականից: Այստեղ շատերն այնքան են հոգնում, որ տեղափոխվելով պրոֆեսիոնալ բռնցքամարտ՝ պարզապես չեն դիմանում եւ ֆիասկո են ունենում: Պրոֆեսիոնալ բռնցքամարտը շատ ավելի դժվար է: Պետք է գիտակցել, թե արժե՞ արդյոք տեղափոխվել, թե դառնալ սպորտի վարպետ:

Ի՞նչ կմաղթես հայ մարզասերներին:

Բռնցքամարտը շատ դժվար մարզաձեւ է: Հանդիսատեսին, լրագրողներին, բոլորին կոչ եմ անում սատարել մեզ: Այդ դեպքում մենք չենք հանձնվում եւ հուսախաբ չենք անում մեզ հավատացողներին:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.