Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ հետք թողնել «Բորուսիայի» պատմության մեջ

18:33   16 հուլիսի, 2013

«Յուրգեն Կլոպը խորհուրդներ է տալիս ինձ, բացատրում է մարզումային առանձնահատկություններն ու բացահայտում ֆուտբոլային այլ գաղտնիքներ»: 

Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 24-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է գերմանական RuhrNachrichten-ի հարց եին: 

Պարոն Մխիթարյան, դուք գիտե՞ք Կարլ-Հայնց Ռումենիգեին:

Գիտեմ, որ նա մեծագույն ֆուտբոլիստ է եղել: Դիտել եմ նրա մասնակցությամբ տեսանյութեր:

Ռումենիգեն ասաց, որ իրեն ծանոթ չէ Ձեր անունը:

Դա նորմալ է: Ես խաղացել եմ Ուկրաինայում եւ իմ անունը կարող է ծանոթ չլինել բոլորին:

Հիմա նա Ձեզ ավելի մոտիկից կճանաչի: Տարբերություն կա՞ «Շախտյորի» եւ «Բորուսիայի»՝ նոր մրցաշրջանին նախապատրաստական փուլի ծրագրերում:

Ոչ այնքան: Ամեն դեպքում, պետք է մարզվել ջանասիրաբար: Թիմերը կարող են տարբերվել խաղային փիլիսոփայության եւ խաղաոճի առումով: Ես վաղուց չեմ այստեղ եւ շատ բան դեռ չգիտեմ:

Հատկանշական է, որ դու հարմարվելու հետ կապված խնդիրներ չունես:

Փորձում եմ ամեն ինչ արագորեն սովորել եւ լինել շատ ուշադիր: Ես միշտ կատարում եմ մարզիչի հանձնարարականները՝ փորձելով հարմարվել թիմի խաղաոճին: Ես ընդամենը 2 խաղ եմ անցկացրել «Բորուսիայի» կազմում, իսկ ենթադրություններ հնարավոր կլինի անել որոշ ժամանակ անց:

Յուրգեն Կլոպն անդադար հրահանգներ է տալիս քեզ եւ միշտ ինչ-որ բան է ասում մարզման ժամանակ: Ինչի՞ մասին է նա խոսում:

Նա խորհուրդներ է տալիս ինձ, բացատրում է մարզումային առանձնահատկություններն ու պատմում ֆուտբոլային այլ գաղտնիքներ:

«Բորուսիայի» եւ «Շախտյորի» խաղաոճերը նման են: Դա ազդե՞ց քո՝ նոր թիմ ընտրելու որոշման վրա:

Թիմերի խաղաոճերի նմանությունը դեռ չի ապահովում արագ հարմարվելը: Ամեն ինչ կախված է հենց ֆուտբոլիստից:

Ինչի՞ եք ցանկանում հասնել «Բորուսիայի» հետ:

Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել «Բորուսիայի» հետ եւ հետք թողնել ակումբի պատմության մեջ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.