Հայտնի իտալացի մասնագետը մարզում է հաշմանդամների «Փյունիկ» միության բասկետբոլի թիմը (ֆոտո)

20:19   15 հուլիսի, 2013

Հաշմանդամների «Փյունիկ» միության բասկետբոլային թիմը ստեղծվել է յոթ տարի առաջ: Ունի տասը մարզիկ, ովքեր շաբաթը երկու անգամ մարզումներ են անցկացնում: Տղաները եռանդով եւ բարձր պրոֆեսիոնալիզմով են մոտենում սպորտին, սակայն այսպիսի մարզումներ անցկացնելն այդքան էլ դյուրին գործ չէ: Յուրաքանչյուր մարզիկի տեղաշարժման համար անհրաշետ է ավտոմեքենա, բայց ամենալուրջ խնդիրը խաղասայալկներն են: Մեկ խաղասայլակն արժե 1500 դոլար:

Այս օրերին Երեւանում է իտալացի հայտնի մարզիչ Մալիկ Աբեսը, ում գլխավորած թիմը վերջերս դարձավ Իտալիայի հաշմանդամների առաջնության հաղթող: Աբեսը հաճախ է գալիս Հայաստան, օգնում տեղի հայկական թիմին: Այս օրերին էլ Երեւանի «Միկա» մարզապալատում մասնագետը թիմի հետ անցկացրեց մարզումներ:

«Ես արդեն վեց-յոթ անգամ եկել եմ Հայաստան: Շատ եմ սիրում Հայաստանն ու տեղի ժողովրդին: Ներկայացնում եմ Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան: Մեր նպատակն է օգնել Հայաստանի պարալիմպիկ կոմիտեին զարգացնել հաշմանդմաների բասկետբոլը: Դրա կարիքն իսկապես կա: Խոսքս ոչ միայն մարզումներ անցկացնելուն է վերաբերում, այլ նաեւ նյութական կողմին: Իսկապես շատ դժվար է այս մարզաձեւի զարգացումը Հայաստանում: Եվրոպայում ունենք երեք կարգի մրցաշարեր՝ A, B, C, եւ Հայաստանը մեծ հաջողությամբ կարող է մանսակցել C-ին: Դրա համար մենք պետք է աշխատանք կատարենք, բայց այս տղաները կարող են մասնակցել մրցումներին, եւ նրանք արժանի են դրան» - ասաց Մալիկ Աբեսը:

«Փյունիկ» միության բասկետբոլային թիմի ղեկավարության առաջնային նպատակը հարեւան երկրների թիմերի հետ մրցաշար անցկացնել է: Տարածաշրջանում այս առումով առավել զարգացածը Թուրքիան է: Այնտեղ 25-ից ավելի պրոֆեսիոնալ թիմեր կան, որոնք ունեն մշտական հովանավորներ եւ մասնակցում են կարեւոր մրցաշարերի:

«Մեր հիմնական խնդիրը ֆինանսականն է: Ամենից ծախսատարը փոխադրամիջոցներ վարձելն է եւ խաղասայլակներ գնելը: Մեկ խաղասայլակն արժի 1500 դոլար: Սեպտեմբերին կունենանք նոր սայլակները: Այդ հարցում մեզ աջակցել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը» - ասաց հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը:


Բասկետբոլային թիմի մարզիկների տարիքը 18-35 է: Նրանց մեծ մասը զինհաշմանդամներ են:

«Մենք մեծ սիրով ենք մասնակցում այս մարզումներին: Շատեը գալիս են շրջաններից: Նրանք կարող են գալ այստեղ միայն մեքենաներով: Շատ այլ տղաներ էլ կան հեռավոր մարզերից, ովքեր կցանկանային գալ եւ մարզվել, բայց ցավոք չկա այդ հնարավորությունը: Մենք Հայաստանի միակ թիմն ենք եւ եթե դադարենք մեր գոյությունը՝ Հայաստանը այս հարցում մեկ քայլ հետ կգնա: Կոնկրետ ինձ սպորտը օգնում է լինել հասարակության լիարժեք անդամ, եւ ոչ հաշմանդամ մարդկանից ես ինձ ոչնչով պակաս չեմ զգում»,- ասաց հաշմանդամների «Փյունիկ» միության բասկետբոլային թիմի խաղացող Զավեն Մարգարյանը:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ NEWS.am Sport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։