Ալեքսեյ Անդրոնով. Հենրիխ Մխիթարյանի խաղը համապատասխանում է «Բորուսիային»

17:51   6 հուլիսի, 2013

«Մխիթարյանի համար ճիշտ էր «Բորուսիան» ընտրելը: «Լիվերպուլը» արդեն մի քանի տարի է լավագույն վիճակում չէ, իսկ «Բորուսիան» անցյալ տարի դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Այս տարի եւս իր առջեւ մեծ նպատակներ կդնի: Մխիթարյանին այնտեղ խաղալ այդքան էլ հեշտ չի լինի: Խաղալ 80 հազար  հանդիսականի ներկայությամբ դժվար է»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «НТВ Плюс» հեռուստաընկերության մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը, ով գերմանական Բունդեսլիգայի եւ Դորտմունդի «Բորուսիայի» սիրահար է:

Ալեքսեյ, Ձեզ համար սպասելի՞ էր Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա»: 

Մխիթարյանի տրանսֆերը վերջին ժամանակներս շատ սպասելի էր: «Բորուսիան» հետաքրքրվում էր տարբեր ֆուտբոլիստներով, ադ թվում եւ ռուս Ալան Ձագոեւով: Գերմանական ակումբի ներկայացուցիչները եկել էին նրա խաղը դիտելու, բայց ամենայն հավանականությամբ որոշվեց փոխել թիմի խաղաոճը: Նրանք որոշեցին ձեռք բերել ֆուտբոլիստի, ով հարյուր տոկոսով նման չէ Գյոտցեին, ով լքեց թիմը: Մխիթարյանը վերջին ժամանաշրջանի իր ցուցադրած խաղով համապատասխանում է «Բորուսիային», բայց ինձ թվում էր, որ այդ դիրքում ամենից հավանականը «Այաքսի» ֆուտբոլիս Կրիստիան Էրիկսենն է, բայց ամենայն հավանականությամբ թիմերը չեկան համաձայնության կամ էլ Մխիթարյանն ավելի հետաքրքիր էր «Բորուսիայի» համար:

Ո՞ր թիմն էր առավել համապատասխանում Հենրիխին՝ «Լիվերպո՞ւլը», թե՞ «Բորուսիան»:

Արդեն դժվար կլինի ասել, թե որ ակումբում նա ավելի լավ խաղար, քանի որ մենք դա ստուգելու հնարավորություն չենք ունենա, բայց այս պահին «Լիվերպուլը» «Բորուսիային» մրցակից չէ: Այս թիմերի միջեւ, իհարկե, ճիշտ էր «Բորուսիան» ընտրելը: «Լիվերպուլը» արդեն մի քանի տարի է լավագույն վիճակում չէ, իսկ «Բորուսիան» անցյալ տարի դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Այս տարի եւս իր առջեւ մեծ նպատակներ կդնի: Մխիթարյանին այնտեղ խաղալ այդքան էլ հեշտ չի լինի: Խաղալ 80 հազար  հանդիսականի ներկայությամբ դժվար է: Այնտեղ նրան պետք է լինելու ամեն րոպե ամբողջ ուժը ներդնել: Ուկրաինայի առաջնությունից հետո, դա փորձություն կլինի Մխիթարյանի համար:

«Բորուսիան» գրեթե երբեք մեծ գումարներ չի ծախսում տրանսֆերների վրա, իսկ այստեղ 27.5 միլիոն եվրո…

Այս դիքրի ֆուտբոլիստը պետք է էժան չարժենա: Նրանք շատ լավ գիտեին, որ պետք է ինչ-որ մեկին ձեռք բերել: Տարբերակ կար Ռոյսին տեղափոխել կենտրոն, նրանք ունեն անհրաժեշտ քանակությամբ եզրային կիսապաշտպաններ, բայց այդ դեպքում թիմի կազմը կթուլանար: «Բորուսիան» Չեմպիոնների լիգայում բավական գումար աշխատեց, ինչպես նաեւ Գյոտցեի տրանսֆերից: Գուցե շուտով Լեւանդովսկին էլ գնա եւ թիմին գումար բերի: Այս պահին, կարծում եմ, այսքան գումար ծախսելը արդարացված էր:

Ստացվում է՝ Մխիթարյանին վերցրեցին Գյոտցեի տեղը:

Ես գրեթե վստահ եմ, որ նա խաղալու է Գյոտցեի դիրքում: Ուղղակի հետաքրքիր կլինի դիտել, թե ինչպես Մխիթարյանը իրեն կդրսեւորի: «Շախտյորում» նրան շրջապատում էին բրազիլացիները: Դորտմունդում շեշտը դրվում է արագության վրա եւ նրա կողքին չեն լինի այդքան շատ տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստներ:

Դուք գերմանական Բունդեսլիգայի եւ «Բորուսիայի» երկրպագու եք: Ինչպե՞ս ընդունեցիք այս տրանսֆերը:

Ես ուրախ եմ, որ այս տրանսֆերը կայացավ եւ մեծ հետաքրքրությամբ եմ դրան վերաբերվում: Անկեղծ ասած, այնքան էլ վստահ չեմ, որ Մխիթարյանի մոտ կստացվի «Բորուսիայում», բայց այս պահին, անկասկած դրական եմ վերաբերվում այդ տեղափոխությանը:

Վերա Մարտիրոսյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.