Հայ ազգը կենդանի սիրող ազգ չի

00:02   7 ապրիլի, 2012

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել հայկական ձիասպորտի ակումբների գործունեությունը: Երեւանի «10-ից 10» համալիրի ձիարշավարանի տնօրենը ԽՍՀՄ սպորտի վարպետ, նախկին նժույգավար Արմեն Թամրազյանն է:

«10-ից 10» ձիարշավարանն ունի տարբեր ցեղատեսակի 13 ձիեր, որոնցից մի քանիսը անգլիական ցեղախմբի զտարյուններ են, մյուսները՝ ուկրաինական, ռուսական ծանրաքաշ ձիեր՝ 5-15 տարեկան, կան նաեւ երկու քուռակներ, որոնք լույս աշխարհ են եկել ձիարշավարանում:

Ակումբն առաջին հայացքից փոքր է թվում ձիասպորտի սիրահարի համար, սակայն ձիանոցի ետնամասում մեծ մրցադաշտ է, որտեղ «բնակվում են» ակումբի ձիերի գերակշիռ մասը: Ձիարշավարնի ձիանոցը 5 ձիու տեղ ունի: Այստեղ բնակվում են սիրողական ձիավարության համար նախատեսված ձիերը:

«10-ից 10» ձիասպորտի ակումբի ձիերից ոչ բոլորն են պատկանում ակումբին: Նրանցից 7-ը մասնավոր անձանց սեփականություն են: Ձիարշավարանն ուղղակի պահում է դրանց:

Ըստ Արմեն Թամրազյանի, ձիարշավարանը հիմնականում սիրողական ձիավարությամբ է զբաղվում: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե 13 ձիերից քանի՞սն են պիտանի պրոֆեսիոնալ ձիասպորտի համար եւ ի՞նչ մրցաշարերի են մասնակցել:

«Վերջին երեք տարիներին մենք չենք մասնակցում մրցաշարերի, քանի որ համապատասխան նժույգավար եւ նժույգ չունենք: Վերջին մրցումը, որին մեր ակումբի ձիերը մասնակցել են, դա 2005 թվականին Կովկասի առաջնությունն էր Վրաստանում: Մասնակցել ենք նաեւ Հայաստանի բոլոր մրցումներին, առաջնություններին: Արդեն երեք տարի է չկանք ասպարեզում. այսպես ասած՝ մեր պրոֆիլը միայն սիրողականների հետ զբաղվելն է: Սպորտն այս ակումբում երկրորդ պլանում է: Ձիասպորտով այստեղ ես եմ զբաղվել, այն էլ ֆիզիկական տվյալներս պահպանելու նպատակով: Ձիասպորտի մարզիկ ձիու հետ պետք է ամբողջ օր զբաղվես, վարժեցնես, դու իրեն վարժվես, սովորես: Չկա ոչ ոք, որ ցանկություն հայտնի ամբողջ օրը նվիրի ձիուն»,- պատմում է Արմեն Թամրազյանը:

Ակումբի 13 ձիերից ընդամենը 2-ն են մարզիկներ, որոնց հետ, տնօրենի խոսքով, կարելի է զբաղվել եւ վստահ մասնակցել մրցաշարերի, քանի որ վերջիններիս տվյալները եւ ֆիզիկական պատրաստվածությունը թույլ են տալիս: Երկու մարզիկ-ձիերը անգլիական զտարյունի եւ բուդյոնովյան ցեղատեսակի են:
Ձիարշավարանում ձիասպորտով լրջորեն զբաղվելու համար ակումբի ղեկավարությունը ապահովել է բոլոր պայմանները: Մասնավորապես, այս ակումբում հնարավորություն կա աշխատելու կոնկուրում՝ արգելքների հաղթահարում մրցաձեւում, քանի որ թե մարզիկ-ձիերի հասակը, եւ թե մրցադաշտի պայմանները  համապատասխանում են ստանդարտներին: Բայց, պարզվում է՝ նույնիսկ այդ պայմանները չեն գրավում հայերին մտածել մարզաձեւով լուրջ զբաղվելու համար:

«Հայերն ընդհանրապես կենդանիների հետ լավ չեն, անկախ նրանից՝ ձի է, կով է, թե շուն: Մեր ազգը կենդանի սիրող ազգ չի: Չես էլ կարող հային բացատրես՝ ինչ է ձին: Կենդանի չսիրելուց է, որ չեն էլ կարողանում ձի վարել: Օրինակ՝ հայ աղջիկներն ավելի լավ նժույգավար են, քան տղաները: Ավելի խիզախ են, համարձակ, քան տղաները: Եվ ավելի շատ են ձի սիրում, քան տղաները: Այս մարզաձեւը զարգացնելու համար անհրաժեշտ է շատ գումար: Եթե լավ ձիեր ունենանք Հայաստանում, ձիասպորտով զբաղվել ցանկացողներն են կավելանան: Միջին կարգի ձի գնելու համար մեզ 150.000 եվրո է պետք: Իսկ մեր ձիերը 8-7 հազար դոլարանոց ձիեր են: Օրինակ՝ վերջին ձին գնել ենք 2000 թվականին: Ձեռք ենք բերել 8000 դոլարով: Այստեղ հիմնականում անգլիական զտարյուն ձիեր են:

Ասում են՝ կան նաեւ ղարաբաղյան ցեղատեսակի ձիեր, բայց իմ տեղեկություններով, դրանք վաղուց անհետացել են՝ դեռեւս 200 տարի առաջ: Ղարաբաղյան ցեղի ձիու նկարներ չկան, ես ձեռքի նկարած նկար եմ տեսել: Դրանք եղել են ծիրանագույն, մեջքին սեւ խաչ: Եթե մեկը կասի, որ ղարաբաղյան ցեղի կա, ես, միեւնույն է, չեմ հավատա: Կային խոսակցություններ, որ Անգլիայի ձիարշավարաններից մեկում 7 հատ կա, բայց ոչ ոք չի տեսել: Թուրքերն ու ադրբեջանցիներն էլ են ասում, որ Աղդամում ունեցել են, հիմա տարել են Բաքու: Բայց սրանք սուտ լուրեր են»,- ասաց Արմեն Թամրազյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.