14:02 22 ապրիլի, 2013Ֆորմուլա 1-ում թիմեր կան, որոնք խնդիրներով են մտնում մրցուղի, եւ կան թիմեր, որոնց խնդիրները հետապնդում են տվյալ մրցուղում մինչ այդ կասկածի որեւէ տեղ չթողնելով: Ուրբաթ եւ շաբաթ օրերը ոչ ոք չէր ասի, թե Ֆերնանդո Ալոնսոն եւ Ֆելիպե Մասան խնդիրներ կունենան հիմնական մրցման ժամանակ:
Սախիրում մի կերպ 8-րդ տեղը գրավելուց հետո աշխարհի կրկնակի չեմպիոնը կակնարկի. «Լավ մրցումը ենթադրում է նաեւ բախտի տարր»: Մասան ընդհանրապես հաջողացրեց մի քանի շրջանում երկու անգամ ծակել բոլիդի ետեւի ձախ անվադողը: «Դա ընդամենը անհաջողություն էր»,- անվադողերի «թասիբին» կկանգնի Pirelli Motorsport-ի ղեկավար Պոլ Հեմբրին: Բահրեյնում եզրագիծը 15-րդ տեղում հատելուց հետո Մասան կավելացնի. «Իմ բախտը չբերեց: Հաճախ ասում են, որ մեր մարզաձեւում հնարավոր է ամեն ինչ, բայց ինչու է դրանց մեծ մասը այդքան մեր դեմ»:
Ի՞նչ տեղի ունեցավ Ալոնսոյի հետ: Նա հրաշալի մեկնարկեց: Հենց մեկնարկից վազանցեց երկրորդ տեղից մեկնարկած Ֆետելին, սակայն մի քանի շրջադարձ հետո Ֆետելը վերադարձրեց իր քրտինքով վաստակած տեղը: Փոխարենը Ֆետելը մի քանի շրջան հետո վազանցեց առաջին տեղից մեկնարկած հայրենակից, «մերսեդեսցի» Նիկո Ռոսբերգին, որին իր հերթին երկու անհաջող փորձից հետո շրջանցում է նաեւ Ֆերնանդո Ալոնսոն: Նա երկրորդ տեղում է: Ֆետելը շրջան շրջանի հետեւից ցուցադրում է լավագույն արդյունքը: Եվ հանկարծ 6-րդ շրջանում կանչ պիտ-լեյնից. «Ֆերնանդո, շտապ մտիր պիտ-կանգառ»: Պատահել էր սարսափելին: Շարքից դուրս էր եկել Ալոնսոյի DRS-ը: Այսինքն, Ալոնսոն չի կարող օգտագործել բոլիդի թիկունքի վերին հակաթեւի տուրբուլենտային կարգավորումը: Երբ այն բացում ես, մեքենան կորցնում է սեղմման ուժը եւ մի քանի անգամ ավելացնում է արագությունը: Այն հեշտացնում է վազանցը:
DRS-ը կիրառել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ բոլիդը մեկ վայրկյան է զիջում առջեւից ընթացողին: Մեկ վայրկյանից 0,01 վայրկյան ավել տարբերության դեպքում DRS-ը միացնելն արգելվում է: Բառացի այն կոչվում է տուրբուլենտության նվազեցման համակարգ: Այդ համակարգը բոլիդի «հարաբերությունն» է քամու կամ, ավելի ճիշտ, մթնոլորտային հոսանքի հետ: Երբ DRS-ը փակ է, մինիմում 300 կմ/ժ արագությամբ ընթացող բոլիդը իրեն ընդառաջ մթնոլորտային հոսանքի գերին է: Հենց բացում ես, այն, այսպես ասած, անցնում է բոլիդի միջով ու դադարում խանգարել քեզ: Շրջադարձերում DRS-ի կիրառումը վտանգավոր է, քանի որ արագության տակ բոլիդն ուղղակի կարող է դուրս շպրտվել մրցուղուց: DRS-ը թույլատրվում է կիրառել միայն մրցուղու ուղիղ հատվածում, այն էլ FIA-ի նախապես հայտավորած մասում:
Ֆորմուլա 1-ի նախկին արշավորդ Մարտին Բրանդլը, օրինակ, դեմ է այդ համակարգին: Նա ասում է. «Եթե մինչեւ DRS-ի ներմուծումը դժվար էր վազանցելը, դրանից հետո այն դարձել է խաղ ու պար»: Ըստ Բրանդլի, արշավորդի վարպետությունը տուժում է DRS-ի կիրառումից, քանի որ համակարգը արշավորդի փոխարեն «կազմակերպում» է ամեն ինչ: Սախիրում FIA-ն DRS-ի համար նախատեսել էր DRS-ի ակտիվացման երկու զոնա: Եվ 6-րդ շրջանից սկսած Ալոնսոն կորցնում է այդ առավելությունը: Այսինքն, նրա DRS-ը չի փակվում, նա ամբողջ ընթացքում խոցելի է մթնոլորտային հոսանքի համար, հիմա ինքը DRS-ի գերին է, ոչ թե նրա տերը: Բացի դրանից, FIA-ի կանոններով բուն մրցման ընթացքում ամբողջ շրջանի համար բաց DRS-ով աշխատելն արգելվում է: Այն եւ վտանգավոր է, եւ եթե կարողացար բոլիդը կառավարել, հսկայական առավելություն է տալիս:
Պիտ-կանգառում «Ֆերարիի» մեխանիկները ձեռքով փակում են DRS-ը: 7-րդ շրջանում Ալոնսոն կրկին վերադառնում է պիտ-կանգառ DRS-ը կարգի բերելու վերջին ապարդյուն ջանքի համար: Պարզվում է, որ ոչինչ անել հնարավոր չէ: Եվ փաստորեն առանց DRS-ի Ալոնսոն ամբողջ մրցման ընթացքում կատարում է մի քանի վազանց (Սերխիո Պերես, Ջենսոն Բատոն) եւ նույնիսկ 41-րդ շրջանն անցնում է մրցման 3-րդ լավագույն արդյունքով՝ 1 րոպե 37,204 վայրկյան: Չնայած «բախտի» հետ ունեցած «անհաղթահարելի» խնդիրներին, Ալոնսոն գրավում է 8-րդ տեղը՝ վաստակելով 3 միավոր, փոխարենը ամբողջ 30 միավորով ետ մնալով առաջատար Սեբաստյան Ֆետելից:
Դե իսկ նույնիսկ ձանձրալի է նշել, որ Սախիրում հաղթեց աշխարհի եռակի չեմպիոնը: Տպավորություն է, թե հատուկ Ֆետելի համար «Ռեդ Բուլը» սեփականաշնորհել է ճակատագիրը:
Մհեր Արշակյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.