Եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինի աջակցությամբ եւ գործարար Հրանտ Պետրոսյանի ֆինանսավորմամբ կկառուցվի «Սպորտ Սիթին»

20:16   4 ապրիլի, 2013

«Եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինի հիմնադրամի մասնակցությամբ  Գյումրիի «Սպորտ Սիթի» համալիրում կկառուցվի լողավազան եւ մարզասրահ։ Գյումրիի «Սպորտ Սիթին» կառուցելու գաղափարը ռուսաստանաբնակ գործարար, գյումրեցի Հրանտ Պետրոսյանինն է։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել հինգ տարի հետո»։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի «Սպորտ Սիթի» զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմինե Աբրահամյանը։

Մոտ հինգ տարի հետո Գյումրիում վեր կխոյանա մի մարզահամալիր, որն իր տանիքի տակ կկենտրոնացնի 30-ից  ավելի մարզաձեւեր։ Այստեղ հնարավորություն կունենան մարզվել Հայաստանի բոլոր մարզիկները։ Ինչպես նախատեսում են կառույցի հիմնադիրները, Գյումրիի «Սպորտ Սիթին» կդառնա մարզական քաղաք՝ քաղաքի մեջ։

Հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմինե Աբրահամյանի խոսքով, «Սպորտ Սիթին»  լինելու է տարբեր մարզական համալիրների միավորում, ինչպես նաեւ  առեւտրի  եւ հասարակական ժամանցի վայր ։ Իսկ «Սպորտ Սիթի» կառուցելու միտքը ռուսաստանաբնակ գործարար, գյումրեցի Հրանտ Պետրոսյանինն է։

«Հրանտ Պետրոսյանը սպորտում պատահական մարդ չէ։ Նա Խորհրդային Միության ժամանակ Գյումրիում հիմնեց մականախաղի դպրոց եւ մարզում էր աղջիկներին։ Սակայն  Հրանտ Պետրոսյանը ստիպված եղավ հեռանալ  Հայաստանից՝ բնակություն հաստատելով Նովոսիբիրսկ քաղաքում, իսկ կանանց մականախաղը շուտով վերացավ Հայաստանում, մարզաձեւով զբաղվողներ այլեւս չկային ։ Այնտեղ նա ապրեց 16 տարի, որտեղ էլ զբաղվում էր գործարարությամբ։ Այսօր նա վերադարձել է Հայաստան եւ ցանկանում է Գյումրի քաղաքը վերակենդանացնել։ Այս ծրագրի շուրջ Հրանտ  Պետրոսյանը մտածում է արդեն վեց տարի։

Վերջերս Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ ձեռք բերեցինք այն վայրը, որտեղ կկառուցվի սպորտային քաղաքը։ Հողակտորը գտնվում է Գյումրու ռուսական Պետուշոկ թաղամասի հարեւանությամբ։ Այն զբաղեցնում է ահռելի մեծ տարածք։ Տարածքում չկա որեւէ շինություն, միայն հողատարածքն է։ Այդ տարածքը մեզ հանձնեց Գյումրու քաղաքապետարանը»,- ասաց Արմինե Աբրահամյանը։

Թե ի՞նչ գործունեություն է ծավալելու «Գյումրի Սպորտ Սիթին», Արմինե Աբրահամյանը պարզաբանեց.

«Սպորտ Սիթին» կկրթի եւ կպատրաստի պրոֆեսիոնալ մարզիկների, ինչպես նաեւ սպորտի բոլոր սիրահարներին կապահովի միջազգային չափանիշներին համապատսխան   ծառայություններով եւ սարքավորումներով՝ մարզասրահներ, մարզադաշտեր, սահադաշտեր, լողավազաններ, սննդի կետեր, վաճառատներ, ինչպես նաեւ հյուրանոցային համալիր, որտեղ բնակություն կհաստատեն հավաքների մասնակցող մարզիկներ, մարզիչներ եւ այլոք։ «Սպորտ Սիթին» կդառնա  նյութատեխնիկական բազայի աղբյուր մարզական եւ մշակութային ոլորտներում աշխատող եւ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար, մարզիկներին, հաշմանդամային սպորտի ներկայացուցիչներին եւ կազմակերպություններին։

Այստեղ բացի ուսումնամարզական հավաքներից ու մարզումներից կկազմակերպվեն եւ կանցկացվեն ունիվերսիադաներ,  սպարտակիադաներ ոչ օլիմպիական մրցումներ, մրցաշարեր։

Այս նախագիծը իսկապես կխթանի  մասսայական  սպորտը Հայաստանում, մասնավորապես Գյումրիում կձեւավորի սպորտային մշակույթ ։ Վստահ կարող եմ ասել, որ այս սպորտային քաղաքը մի քանի տարի հետո կդառնա Եվրոպայի, աշխարհի եւ Օլիմպիական խաղերի չեմպիոններ պատրաստող կենտրոն»,- նշեց Արմինե Աբրահամյանը։

Իսկ թե որքա՞ն կարժենա սպորտային քաղաքի կառուցումը, ըստ հիմնադրամի գլխավոր տնօրենի, խոսքը ահռելի մեծ գումարի մասին է։

«Իրականում այս նախագծի իրականացման համար գումարային խնդիր չունենք։ Կան ներդրումներ կատարողներ, ֆինանսը խոչընդոտ չէ սպորտային քաղաքի կառուցման համար։ Իրականում այս համալիրը մեկ այլ նպատակ էլ է հետապնդում՝ Գյումրի վերադարձնել բոլոր ռուսաստանաբնակ հայ գործարարներին։ Այս նախագծի իրականացման համար արդեն կան ինվեստորներ, ովքեր մեծ կարողությունների տեր են դրսում։ Նրանցից շատերը նույնիսկ չգիտեն՝ որ ոլորտում ներդնեն իրենց գումարը, որպեսզի այն շրջանառվի։ Բացի սպորտային կառույց լինելուց, «Սպորտ Սիթին» կլինի նաեւ խոշոր բիզնես կենտրոն, որը միջազգային ասպարեզ կհանի Գյումրին։

Մեր մեծ ցանկությունն է, որպեսզի կառավարությունը «Սպորտ Սիթիի» գործունեության առաջիկա մի քանի տարին «չխեղդի» հարկերով։ Բնական է, ահռելի մեծ տարածք, ահռելի խոշոր գումարների ներդրում, բայց այսեղ 5- 12  տարեկան երեխաների համար մասնավորապես հաշմանդամային սպորտի ներկայացուցիչների համար ամեն ինչ լինելու է անվճար։ Որոշ տարիքային խմբերում սկսնակ մարզիկների համար մարզումները լինելու են անվճար։ Այս համալիրում իր ներդրումը կունենա նաեւ հունահռոմեական ըմբշամարտի եռակի օլիմպիական, իննակի աշխարհի եւ 12-ակի Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյի անդամ Ալեքսանդր Կարելինը։ Համալիրի լողավազաններից եւ մարզասրահներից մեկը կկառուցվի նրա մասնակցությամբ։  Սա կլինի ռուսական մասնաբաժին։ Շուտով Հայաստան կայցելի Ալեքսանդր Կարելինը, որպեսզի քննարկենք այս կառույցների հետ կապված խնդիրները։

Մի շարք ներդրողներ արդեն  հետաքրքրված են այս բացառիկ  ծրագրով:

Կառավարությունից ակնկալում ենք ստանալ  արտոնություններ  համաշխարհային ներդրողնեղ գրավելու համար, ինչից անմիջապես հետո կսկսենք  կառույցի շինարարական աշխատանքները»,- ամփոփեց Արմինե Աբրահամյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։