Արթուր Աբրահամը չպաշտպանեց տիտղոսը

02:40   24 մարտի, 2013

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը չկարողացավ պաշտպանել տիտղոսը:

Մարտի 23-ի գիշերը Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզապալատում կայացած մենամարտում 33-ամյա Աբրահամը տեխնիկական նոկաուտով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Մենամարտը տեւեց 3 ռաունդ: Շտիգլիցը վերադարձրեց տիտղոսը:

31-ամյա Շտիգլիցը շատ ակտիվ սկսեց մենամարտը եւ նկատելի առավելություն ուներ առաջին ռաունդում: Երկրորդ ռաունդը եւս Աբրահամը սկսեց պաշտպանությունից, սակայն բռնցքամարտիկները մի քանի հարվածներ հասցրեցին միմյանց: Հարվածների հետեւանքով Աբրահամն աչքի վնասվածք ստացավ եւ նա մի քանի վտանգավոր հարվածներ բաց թողեց նաեւ երրորդ ռաունդում: Շտիգլիցը շատ ակտիվ ու ագրեսիվ էր գործում եւ ցանկանում էր արագ հաղթանակի հասնել: Երրորդ ռաունդից հետո բժիշկը զննեց Աբրահամի այտուցված աչքը եւ դադարեցրեց մենամարտը: Գերմանացի բռնցքամարտիկը հաղթեց տեխնիկական նոկաուտով՝ դառնալով աշխարհի չեմպիոն:

Արթուր Աբրահամը չորրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում:

Հիշեցնենք, որ Աբրահամն ու Շտիգլիցը հանդիպել էին նաեւ 2012թ. օգոստոսի 25-ին: Այդ օրը Արթուր Աբրահամը, հաղթելով մրցավարների միաձայն որոշմամբ, խլել էր Շտիգլիցին պատկանող գոտին: Հայ բռնցքամարտիկը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ գերմանացին վերադարձրեց իր տիտղոսը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.