21:49 21 մարտի, 2013«Ըմբշամարտն այնպիսի մարզաձեւ է, որ անկանխատեսելի է եւ շատ սխալ կլինի կանխավ հայտարարություններ անել, թե այո ես մեդալ բերելու եմ: Ցանկությունը շատ մեծ է, դա անխոս»:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբիշ Հայաստանի 84 կգ քաշային կարգը ներկայացնող Մուսա Մուրթազալիեւը:
Մուսա Մուրթազալիեւը Հայաստանի վերջին մասնակիցն է Թբիլիսիում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Մուսա, դու, լինելով դաղստանցի, ներկայացնում ես Հայաստանը,: Ի՞նչ է քեզ համար նշանակում Հայաստանի հավաքականում հանդես գալը:
Ես արդեն երկար ժամանակ է Հայաստանի դրոշի ներքո եմ հանդես գալիս եւ ներկայացնում Հայաստանը տարբեր միջազգային մրցաշարերում: Հավաքականում ինձ շատ լավ եմ զգում, իմ հնարավորությունների չափով փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի պատիվը բարձր պահեմ տարբեր մրցասպարեզներում: Նույն ոգով նաեւ տրամադրված եմ այս Եվրոպայի առաջնությանը:
Սա արդեն իմ երրորդ մասնակցությունն է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում: Կարծում եմ` երրորդ փորձի շնորհիվ է, որ առանձնապես չեմ անհանգստանում:
Պատրա՞ստ ես առաջնությանը:
Այո, լիովին պատրաստ եմ: Անցել եմ երկու ուսումնամարզական հավաք: Երկար ու ծանր մարզումներ եմ անցկացրել եւ լիարժեք պատրաստ եմ պայքարի: Վնասվածքներ չունեմ, ինձ խանգարող որեւէ հանգամանք չկա:
Իսկ ո՞ւմ ես համարում մրցակից Եվրոպայի առաջնությունում քեզ:
Մրցակից համարում եմ բելառուսներին, ռուսներին, թուրքերին: Շատ են մրցակիցները: Նույնսիկ կարելի է ասել` բոլորն էլ հավանական մրցակիցներ են: Այնպես որ, չեմ թերագնահատի ոչ ոքին:
Մեդալ բերելո՞ւ ես:
Տեսնենք՝ ինչպես կստացվի: Ըմբշամարտն այնպիսի մարզաձեւ է, որ անկանխատեսելի է եւ շատ սխալ կլինի կանխավ հայտարարություններ անել, թե այո, ես մեդալ բերելու եմ: Ցանկությունը շատ մեծ է, դա անխոս: Տրամադրված եմ լավին: Կարծում եմ կան հաջողության հասնելու հնարավորություններ: Քանի որ բոլոր պայմանները ստեղծվել են, որ ինչպես ես, այնպես էլ հավաքականի մյուս անդամները լավ մարզվեին եւ նախապատրաստվեին այս առաջնությանը: Այնպես որ, եթե ինչ-որ թերացում էլ լինի, ապա դա միայն իմ բացթողումը կլինի:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.