Օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյան. Հարսնացուս չի լինի մարզուհի եւ կապ չի ունենա մարզաշխարհի հետ

18:11   15 մարտի, 2013

«Չեմ ցանկանա, որ կինս լինի աշխարհի, Եվրոպայի չեմպիոնուհի եւ այլն: Կանայք թող զբաղվեն սպորտով, բայց ծանրամարտը, բռնցքամարտը եւ այլ ուժային մարզաձեւերը թողնեն տղամարդկանց»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

«Կանանց դերը սպորտում իսկապես մեծ է: Սակայն այս հարցն ինձ համար մի փոքր բարդ հարց է: Ես սիրում եմ, երբ աղջիկը զբաղվում է սպորտով, կոփում է մարմինը, բայց ինձ դուր չի գալիս, որ հայուհին որպես մասնագիտություն է ընտրում սպորտը: Կանանց դերը հայկական սպորտում մեծ է, հաշվի առնելով մեր հայուհիների նվաճումները, բայց ես գնահատում եմ նրանց դերը այն մարզաձեւերում, որոնք ավելի կանացի են, սազական են կանանց: Իսկզբանե եղել է կին մարզիկների նկատմամբ ոչ դրական վերաբերմունք, բայց տարիների ընթացքում մեր կանայք ապացուցեցին, որ նույնիսկ ուժային մարզաձեւերում նրանք ոչնչով չեն զիջում հայ տղամարդկանց` ավելի լավ հանդես գալով: Ես ինքս կարծում եմ, որ ուժային մարզաձեւերում Հայաստանում կանայք ավելի ուժեղ են: Նրանք ինձ այդպես են ապացուցել:

Չեմ ցանկանում ոչ մեկին վիրավորել, բայց ես, անձամբ լինելով մարզիկ եւ տեսնելով հայուհիների լավ արդյունքները, այնուամենայնիվ, շատ մարզաձեւերում չեմ տեսնում հայուհիներին: Օրինակ` նույն ծանրամարտը: Ճիշտ է` մենք հատկապես այս Օլիմպիական խաղերում ապացուցեցինք, որ ծանրորդ կինն էլ կարող է օլիմպիական մեդալ նվաճել, բայց միեւնույն է, ես որպես հայ տղամարդ եւ սպորտի մարդ, չեմ տեսնում աղջկան ծանրաձողի առջեւ: Սա աղջկան ուղղակի հարմար մարզաձեւ չէ, որ այդ մարզաձեւով պրոֆեսիոնալ զբաղվես եւ դարձնես կյանքիդ ուղի:

Ես դեռ ամուսնացած չեմ եւ ընտրյալ չունեմ, բայց երբ ինձ ապագա հարսնացու գտնեմ, նա չի լինի սպորտի ներկայացուցիչ, չի լինի մարզուհի եւ կապ չի ունենա մարզաշխարհի հետ: Չեմ ցանկանա, որ կինս լինի աշխարհի, Եվրոպայի չեմպիոնուհի եւ այլն: Թող զբաղվեն սպորտով, բայց ծանրամարտը, բռնցքամարտը եւ այլ ուժային մարզաձեւերը թողնեն տղամարդկանց»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։