10:55 7 մարտի, 2013«Շախտյորի» պաշտպանությունն ակնհայտ զիջում է հարձակմանը: Կիսապաշտպանությունում խաղում են խելացի ֆուտբոլիստներ՝ Ֆերնանդինյոն, Մխիթարյանը, Հյուշմանը, իսկ պաշտանությունն այդ թիմի ցավոտ կողմ է:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բորուսիա» - «Շախտյոր» (3:0) խաղի՝ «НТВ-Плюс» հեռուստաընկերության մեկնաբան Ալեքսանդր Ելագինը:
Պարոն Ելագին, Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում Դուք մեկնաբանել եք «Շախտյորի» մասնակցությամբ երեք խաղ: Ի՞նչ կասեք «Բորուսիայի» հետ վերջին ձախողված խաղի մասին:
«Բորուսիա» – «Շախտյոր» խաղում մրցում էին անհավասար մրցակիցներ: Դա կարող էր նկատել անգամ ֆուտբոլից չհասկացող մարդը: Այսպես ասած, խաղ էր մեկ դարպասին: Ուկրաինական թիմի պաշտպանությունն ամբողջությամբ ձախողվեց: Որքան էլ ուժեղ լինի «Բորուսիան», մեկ խաղում այդքան սխալ թույլ տալն անընդունելի է:
Ասում եք անհավասար մրցակիցներ, բայց նույն «Շախտյորը» խմբային փուլում երկու շատ հաջող խաղ անցկացրեց «Յուվենտուսի» եւ «Չելսիի» հետ: Այդ թիմերը չեն զիջում «Բորուսիային»:
«Շախտյորն» այն ժամանակ գտնվում էր մրցաշարային մարզավիճակում: Լուչեսկուն փորձառու մարզիչ է եւ գիտի, թե ինչպես է պետք պատրաստել թիմին ուժեղ մրցակիցների դեմ խաղերին: Ոչ մի դեպքում չնվազեցնելով «Շախտյորի» հաջողությունները՝ պետք է ընդունել, որ «Յուվենտուսն» ու «Չելսին» այն ժամանակ այնքան էլ լավ մարզավիճակում չէին: Այսօրվա «Յուվենտուսը» լրիվ այլ մակարդակ ունի: Այն ժամանակ «Շախտյորը» նրանց հետ նայվում էր հավասար՝ գուցե անգամ ավելի լավ: Բայց «Չելսիի» դեմ լոնդոնյան խաղում ավելի շատ «Շախտյորը» պարտվեց պաշտպանությունում թույլ տված մանկական սխալների պատճառով, քան հաղթեց «Չելսին»: 0:3-ը ցավալի պարտություն էր «Բորուսիայից», բայց Դոնեցկում առաջին խաղի ժամանակ էլ պաշտպանությունը խնդիրներ ուներ: Իսկ վերջին դրվագում նաեւ դարպասապահը մանկական սխալ թույլ տվեց՝ ձեռքից բաց թողնելով գնդակը: «Շախտյորի» պաշտպանությունն ակնհայտ զիջում է հարձակմանը: Կիսապաշտպանությունում խաղում են խելացի ֆուտբոլիստներ՝ Ֆերնանդինյոն, Մխիթարյանը, Հյուշմանը: Իսկ պաշտանությունը այդ թիմի ցավոտ կողմ է: Եվրոպական մակարդակի հասնելու համար նրանց պետք է նաեւ շատ լավ դարպասապահ:
«Շախտյորը» Վիլիանի հետ եւ առաց նրա շա՞տ տարբեր թիմեր են: Բրազիլացու հեռանալուց հետո թիմը թուլացե՞լ է:
Վիլիանն, անշուշտ, լավ ֆուտբոլիստ է, բայց նա Պելե կամ Մեսի չէ: Նրան փոխարինող Թայսոնը դեռ զիջում է Վիլիանին, բայց չի կարելի «Շախտյորի» անհաջողությունը կապել բրազիլացու հեռանալու հետ: Դա ծիծաղելի է: Եվս մեկ անգամ կրկնվեմ՝ «Շախտյորի» խնդիրը պաշտպանությունն է, իսկ Վիլիանն այդ դիրքում չէր խաղում:
Ստացվում է, որ ԱՊՀ երկրների թիմերը դեռ պատրա՞ստ չեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի մակարդակի խաղերում հանդես գալուն:
Ինչո՞ւ: «Շախտյորում» խաղում են մի քանի լավ ֆուտբոլիստներ: Պարզապես այդ սխալները փոշիացնում են ակումբի ամբողջ չարչարանքը: «Շախտյորն» արդեն մեկ անգամ հայտնվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, նույնն արել է նաեւ Մոսկվայի ԲԿՄԱ-ն: «Զենիթն» էլ կարող էր հաղթել եւ դուրս գալ փլեյ-օֆֆ, եթե թիմի ներսում խնդիրներ չլինեին:
Ի՞նչ կասեք Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին: Նա լա՞վ խաղ անցկացրեց:
Նա իր մակարդակից ցածր չխաղաց: Խաղում էր այնպես, ինչպես ամբողջ թիմը: Միայնակ զինվորն անզոր է: «Բորուսիայի» դեմ խաղում նա թիմի հետ պաշտպանվում էր: Նա ոչ մեկից վատը չէր: Կարծում եմ՝ այդ խաղում ամենավատը հանդես եկավ Ռազվան Ռացը, իսկ Մխիթարյանը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է:
Որքանով տեղեկացված եմ, Դուք համակրում եք «Մանչեսթեր Յունայթեդին»: Ի՞նչ եք կարծում, «Ռեալի» դեմ պատասխան խաղում Նանին արժանի՞ էր կարմիր քարտի:
Մենք այդ մասին հեռարձակումից հետո «НТВ+»-ի եթերում զրուցում էինք Կոնստանտին Գենիչի եւ Ալեքսանդր Շմուրնովի հետ: Ես ասացի, որ դա հարյուր տոկոսով կարմիր քարտ էր: Դա խախտում էր: Բոլոր այն խոսակցությունները, թե թուրք մրցավարը կոտրեց խաղը, անհիմն են: Երբ ֆուտբոլիստը բաց ոտքով հարվածում է մրցակցին, այստեղ հարցեր չեն մնում: Նանին տեսնում էր մրցակցին: Այսքան բան:
Վերա Մարտիրոսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.