Արթուր Աբրահամ vs Ռոբերտ Շտիգլից․ առայժմ ասուլիսային պայքար

18:21   12 փետրվարի, 2013

Ռեւանշ մենամարտից միայն հաղթանակ եմ ակնկալում, հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ Գերմանիայում կայացած համատեղ ասուլիսում, փոխանցում է bz-berlin.de-ն։ WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար Արթուր Աբրահամ - Ռոբերտ Շտիգլից ռեւանշ մենամարտը տեղի կունենա մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում:

«Շանսերս գնահատում եմ շատ բարձր։ Հաղթելը պատվի հարց է։ Մենամարտից միայն հաղթանակ եմ ակնկալում Կանեմ հնարավոր ամեն ինչ՝ արդարացնելու մարզիչիս, ընկերներիս, հարազատներիս եւ բոլոր հայերի սպասելիքները»,- ասել է Արթուր Աբրահամը։

«Ես ցանկանում եմ ամեն գնով վերադարձնել չեմպիոնական գոտիս»,- ասել է Ռոբերտ Շտիգլիցը։

«Մենք թույլ չենք տա, որ կրկնվի անցած օգոստոսի պատմությունը, երբ Աբրահամը հաղթանակ տարավ»,- ասել է Շտիգլիցի մարզիչ Դիրկ Ձեմպսկին

«Արթուրը շատ բաներում առաջընթաց է ունեցել այս ընթացքում։ Նա ի վիճակի է հաղթել նաեւ ռեւանշ մենամարտում»,- նշել է Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները։

Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): Իսկ 2012թ. դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տիտղոսը պաշտպանեց` պարտության մատնելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային:

Աբրահամ - Շտիգլից ռեւանշ մենամարտը կցուցադրի գերմանական ARD հեռուստաալիքը եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.