Լիլիթ Մկրտչյան. Կես ճանապարհ է մնացել օլիմպիական ոսկուն հասնելու համար

17:15   7 փետրվարի, 2013

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականին կես ճանապարհ է մնացել օլիմպիական ոսկուն հասնելու համար։ Պետք է շատ աշխատենք, քանի որ շատ մոտ ենք այդ տիտղոսին։ Սակայն բախտի գործոնն էլ կա, եթե մարզական հաջողությունը ժպտա մեզ, ապա  օլիմպիական չեմպիոնի տիտղոսին կարժանանաք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի կանանց Հայաստանի հավաքականի գրոստմայստեր Լիլիթ Մկրտչյանը:

Լիլիթ, 2012 թվականը լի էր շախմատային իրադարձություններով։ Ի՞նչ ծրագրեր, անելիքներ կան այս տարում։

Այս տարվա մեր հիմնական մրցաշարերը Եվրոպայի առաջնություններն են՝ թիմային եւ անհատական։ Թիմային առաջնությունը տեղի կունենա տարվա վերջում՝ նոյեմբերին, իսկ անհատական առաջնությունը կանցկացվի ամռանը՝ հուլիս-օգոստոս ամիսներին։ Այս երկու մրցաշարերն են, որ շատ կարեւոր են այս տարի։ Այլ մրցաշարերի նախնական հրավերներ, համաձայնություններ դեռեւս չկան։ Մեկ միջազգային մրցաշար նախատեսվում է Հնդկաստանում, բավականին ուժեղ, լինելու է շրջանային կարգով մրցաշար՝ 10 մասնակիցների միջեւ։ Հայաստանից այդ մրցաշարին մասնակցելու իրավունք ենք ստացել ես եւ Էլինա Դանիելյանը։ Մրցաշարին մասնակցելու են բավական ուժեղ շախմատիստուհիներ։ Հնդկաստանում կայանալիք միջազգային մրցաշարին մեկնելու ենք մարտի 15-ին։ Այժմ մեր բոլոր ուժերը կենտրոնացրել ենք այս մրցաշարի վրա։

Բացի Եվրոպայի անհատական եւ թիմային առաջնություններից, ամռանը Հունաստանում կկայանա նաեւ Եվրոպայի ակումբային առաջնությունը, որտեղ հանդես կգամ «Միկայի» կազմում։ Առայժմ այս մրցաշարերն են ծրագրված այս տարի։

Վերջերս կայացավ կանանց Հայաստանի առաջնությունը։ Հետեւո՞ւմ էիր պարտիաներին։

Պարտիաներին ոչ, բայց արդյունքներին հետեւում էի։

Իսկ ինչո՞ւ չմասնակցեցիր Հայաստանի առաջնությանը։

Հայաստանի հավաքականի կազմում առաջին չորս տեղերը որոշվում է ըստ վարկանիշների, իսկ ես ունեմ այդ վարկանիշը, որի արդյունքում տեղ ունեմ հավաքականում: Պարզապես որոշեցի այլեւս չմասնակցել Հայաստանի առաջնությանը՝ հնարավորություն տալով նոր սերնդի շախմատիստուհիներին:

Ի դեպ, ի՞նչ կասես Հայաստանի նորընծա չեմպիոն եւ հավաքականի նորեկ Աննա Հայրապետյանի մասին։

Կարելի է ասել՝ Աննան նորեկ չէ մեր թիմում: Նա անցյալ տարի էլ էր հանդես գալիս մեր թիմի կազմում՝ 5-րդ խաղատախտակի վրա, եւ հավաքականում հանդես գալու իրավունք էր ձեռք էր բերել Հայաստանի առաջնությանը մասնակցելուց: Դրանով է շատ կարեւորվում Հայաստանի առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմը որոշվում է կամ վարկանիշով կամ Հայաստանի առաջնությունից:

Աննա Հայրապետյանը դրական անձնավորություն է, բոլորս էլ նրան շատ ենք սիրում, նա իսկապես շատ դրական, բարի ու ժպտերես աղջիկ է՝ մարդկային դրական հատկանիշներով: Այս երկու տարիները Հայաստանի առաջնությունում երրորդ, երկրորդ տեղերն է գրավել, մեդալների արժանացել, իսկ դա նշանակում է, որ նա արդեն շախմատային մարդ է։ Ես ուրախ եմ, որ նա արդեն մեր հավաքականի լիիրավ անդամ է: Հույս ունեմ, որ այս տարի Եվրոպայի թիմային առաջնությունում բոլորս լավ հանդես կգանք եւ կարդարացնենք մեկս մյուսի հույսերը:

Որպես հավաքականի անդամ, ի՞նչ խնդիրներ ես տեսնում հավաքականում։

Հավաքականն այսօր՝ որպես այդպիսին, խնդիրներ չունի, քանի որ ամեն ինչ ըստ ծրագրիր եւ պայմանավորվածությունների ընթանում է առաջ: Մասնակցում ենք միջազգային մրցաշարերի՝ անցկացնելով ուսումնամարզական հավաքներ: Անյպես որ այժմ հավաքականում ամեն ինչ նորմալ է: Մնում է պատշաճ մակարդակով նախապատրաստվենք այս տարվա երկու կարեւորագույն մրցաշարերին` Եվրոպայի թիմային եւ անհատական առաջնություններին:

Իսկ տարվա ընթացքում քանի ուսումնամարզական հավաք եք անցկացնում։

Հիմնականում անցկացնում ենք 2 հավաք՝ մրցաշարերից առաջ:

Իսկ այդ երկու հավաքները բավարա՞ր են պատշաճ կերպով մրցաշարերին նախապատրաստվելու համար:

Եթե ավելի շատ լինեն, բնական է, որ ավելի լավ կլինի։ Բայց այնպես է լինում, որ տարվա ընթացքում երկրից շատ ենք բացակայում, յուրաքանչյուրս անհատական մրցաշարերի ենք մեկնում: Շատ ժամանակ չի լինում, որ հավաքական կազմը համախմբվի մեկ հարկի տակ եւ երկուսից ավելի հավաքներ անցկացնի:

Էլինա Դանիելյանն իր տված հարցազրույցներից մեկում կարծիք է հայտնել, որ կանանց Հայաստանի հավաքականը մոտ է օլիմպիական չեմպիոն դառնալուն։ Համամի՞տ ես նրա հետ։  

Աշխատանքից է կախված: Պետք է փորձենք շատ աշխատել, շատ ուժ գործադրել, որպեսզի կարողանանք իսկապես ձեռք բերել այդ բաղձալի օլիմպիական ոսկե մեդալը: Ես Էլինայի կարծիքի հետ համամիտ եմ, քանի որ մի քանի անգամ մենք իսկապես շատ մոտ ենք եղել ոսկե մեդալին: Մի քայլ է պակասել մեդալ նվաճելու համար: Շատ մոտ ենք եղել, բայց վերջին պահին սայթաքել ենք: Եվրոպայի առաջնություններում կարողացել ենք ոսկե մեդալներ նվաճել, բայց օլիմպիական ոսկուն կես ճանապարհ է մնացել: Այստեղ բախտի գործոնն էլ է աշխատում, եթե մարզական հաջողությունը ժպտա մեզ, ապա շատ հնարավոր կլինի օլիմպիական չեմպիոնի տիտղոսին հասնել:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։