16:08 1 փետրվարի, 2013«Վլադիմիր Ենգիբարյանի մահն անդառնալի կորուստ է հայկական մարզաշխարհի համար: Սա իսկապես մեծ կորուստ է եւ ցավ բոլորիս համար: Նա մեծ դեր է ունեցել հայկական մարզաշխարհի, հայկական բռնցքամարտի զարգացման մեջ եւ սկսնակ եւ գործող բռնցքամարտիկների համար համար եղել օրինակելի»:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 1-ի առավոտյան, Լոս Անջելեսում 80 տարեկանում մահացել է Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը: Լեգենդար բռնցքամարտիկը ծնվել է 1932թ. ապրիլի 24-ին Երեւանում: 1959թ. հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչեւ 1995-ը, երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:
Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան էջում իր ցավակցությունն է հայտնել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ:
«Հոգու մեծ կսկիծով տեղեկացա իմ ավագ ընկեր, լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին: Անդառնալի է նրա մահը հայկական մարզաշխարհի համար: Իր մեջ կրելով մարզիկին բնորոշ արդարամտությունը եւ օժտված լինելով մարդկային մեծ արժանիքնեով, նա հասել է մարզիկի համար բարձրագույն տիտղոսին՝ դառնալով օլիմպիական չեմպիոն: Հայ ազգը մշտապես երախտապարտ է լինելու նրան մարզական այդ մեծ նվաճման համար:
Անկեղծորեն ցավակցում եմ Վլադիմիր Ենգիբարյանի ընտանիքի բոլոր անդամներին, հայտնում նրանց իմ զորակցությունը եւ ցանկանում հոգու արիություն ու կամք՝ դիմակայելու կորստի անսահման ցավին»,- գրել է Հրաչյա Ռոստոմյանը:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հրաչյա Ռոստոմյանն ավելացրեց.
«Վլադիմիր Ենգիբարյանի կորուստը հայկական մարզաշխարհի համար անդառնալի է: Նա մեծ դեր եւ ներդրում ուներ հայկական սպորտում: Սա իսկապես մեծ կորուստ է եւ ցավ բոլորիս համար: Վստահ եմ, որ Վլադիմիր Ենգիբարյանի փառավոր հետքերով մեր մարզիկներից շատերը դեռ կգնան, եւ որպես օրինակ՝ շատերը, նրա անունը եւ պատիվը բարձր պահելով, կբարձրացնեն Հայաստանի դրոշը օլիմպիական մրցահարթակներում: Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Այդ առումով միանշանակ աշխատանքներ կտարվեն, միայն թե այս պահին մենք ցավում ենք նրա կորստի համար»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Վլադիմիր Ենգիբարյանի հուղարկավորությունը տեղի կունենա ԱՄՆ-ում, իսկ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 3-ին՝ ժամը 14:00-ին, հոգեհանգստյան արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.