Նորայր Մամեդով-Ասլանյան. Ասլանյանը կնոջս ազգանունն է

18:07   23 հունվարի, 2013

Ես հրավեր եմ ստացել Հայաստանի ազգային հավաքականից: Հայաստանի հավաքականում հանդես գալն ինձ համար երազանք է: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ֆուտբոլի Հոլանդիայի առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Էմմեն» ակումբի կիսապաշտպան Նորայր Մամեդովը: 21-ամյա ֆուտբոլիստը փոխել է ազգանունը Հայաստանի հավաքականում հանդես գալու համար: Նորայրն ընտրել է Ասլանյան ազգանունը:

«Այո, ես ստացել եմ հրավեր: Բոլոր թղթաբանական հարցերը լուծված են: Փետրվարի 3-ին կմեկնեմ Ֆրանսիա, որտեղ կմիանամ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին: Ասլանյան ազգանունն ընտրել եմ, քանի որ դա կնոջս ազգանունն է: Նա եվրոպաբնակ հայ է: Այստեղ ենք ծանոթացել: Հայաստանի հավաքականում հանդես գալն ինձ համար երազանք է: Սպասելիքներիս մասին դժվար է ասել, քանի որ սա առաջին խաղն է լինելու: Կարծում եմ, որ ամեն բան շատ լավ է անցնելու»,- զրույցում հայտնեց Նորայր Ասլանյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում Վարդան Մինասյանի թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի հավաքականի հետ: Այդ խաղին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ «Ուֆայի» 27-ամյա հարձակվող Միխայիլ Մարկոսովը:

Վերա Մարտիրոսյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.