Արայիկ Բաղդադյան. Եվրոպայի առաջնությունում ազատ ոճայինները մեդալներ կնվաճեն

19:56   17 հունվարի, 2013

Մարտին Թբիլիսիում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճայինները մեդալներ կնվաճեն, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը։

«Այս տարի մեծ աշխատանք ունենք։ Օլիմպիական  քառամյա ցիկլի տարին է եւ հետօլիմպիական առաջին տարին։ Մարզչական աշխատանքում միշտ էլ անելիքներ կան։ Հունվարի 5-ից սկսվել են մեր այս տարվա առաջին մարզումները։ Հունվարի 12-ից հավաքական թիմը 14-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։ Այժմ պատրաստվում ենք Կիեւի միջազգային մրցաշարին, որը տեղի կունենա փետրվարի 14-16-ը՝ Կիեւում։ Եվրոպայից առաջնությունից առաջ այդ միակ միջազգային մրցաշարն ունենք։ Մարտի 18-ից 23-ը Թբիլիսիում տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը։ Այժմ մեր բոլոր ուժերն ուղղորդված են այդ առաջնությանը։ Փորձում ենք բանակցություններ վարել,  Ուկրաինայի կամ Վրաստանի հետ ուսումնամարզական համատեղ հավաք անցկացնել, որպեսզի շտկվեն մեր 74, 84, 96 քաշային կարգերը։ Այս քաշային կարգերում այն մրցակցությունը չունենք, որպեսզի  տղաները պատրաստվեն Եվրոպայի առաջնությանը։

Եվրոպայի առաջնությունից մեծ սպասելիքներ կան։ Մեդալներ կլինեն անպայման, բայց թե ինչ գույների՝ չեմ  կարող ասել։ Դրա համար այժմ աշխատում ենք»,- ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։

Արայիկ Բաղդադյանն ամփոփեց նաեւ անցած տարվա արդյունքները։

«2012 թվականը բարդ տարի էր ինչպես մյուս մարզաձեւերի, այնպես էլ ազատ  ոճի ըմբշամարտի համար։ Օլիմպիական խաղերն էին, որին մենք հանդես եկանք երեք ըմբիշով։ Ակնկալիքներ ունեինք մեր երեք ըմբիշներից, բայց միայն Դավիթ Սաֆարյանը էր մոտ հաղթանակին, միայն թե նա էլ մրցավարական կողմնակալ վերաբերմունքի պատճառով կորցրեց պայքարելու հնարավորությունը։

2012-ը հաջող տարի էր պատանիների հավաքականի համար։ Ունեցանք եւ չեմպիոններ, եւ  մրցանակակիրներ։ Պատանիների հավաքականի հետ մեծ հույսեր ունեմ, քանի որ բոլորն էլ լավ եւ խոստումնալից տղաներ են։

2012-ում լավ դրսեւորեց նաեւ երիտասարդական թիմը։ Համեմատած նախորդ տարիների, 2012-ում երիտասարդները հաջող հանդես եկան։ Երկար ժամանակ աշխարհի առաջնությունում երկրորդ տեղ չէինք ունեցել։ Վերջին անգամ աշխարհի առաջնությունից երկրորդ տեղ ունեցել էինք 2007 թվականին։ Ասես՝ անկման մեջ լիներ թիմը, ընդհանուր ըմբշամարտը, բայց վերջին երկու-երեք տարիների ընթացքում, ֆեդերացիայում կայացած փոփոխությունների արդյունքում, երբ Սամվել Կարապետյանը դարձավ ֆեդերացիայի նախագահ, ազատ ոճի ըմբշամարտը փոքր քայլերով  սկսեց առաջ շարժվել։ Ֆեդերացիայի նախագահը մեծ գումարներ է ներդնում, ավել հավաքների հնարավորություն ենք ունենում, մրցաշարերի ենք մասնակցում եւ ֆինանսի բացակայության պատճառով հետ չենք մնում մրցաշարերից։

Երիտասարդների աշխարհի առաջնությունից ունեցանք երկու բրոնզե մեդալ, Եվրոպայի առաջնությունից երկրորդ տեղ, երկու հատ երրորդ տեղ։

Մեծասահասակների համար Օլիմպիական խաղերից հետո ունեցել ենք Ստեփան Սարգսյանի անվան հուշամրցաշարը, որին մասնակցել են հավաքականի բոլոր տղաները։ Միայն չի մասնակցել Դավիթ Սաֆարյանը։ Դրանից հետո Ռուսաստանում հավաքականը մասնակցեց երեք միջազգային մրցաշարի»,- նշեց Արայիկ Բաղդադյանը։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։