Փաշիկ Ալավերդյան. Մարզիկներն ու մարզիչները պայմանագիր կստորագրեն, ըստ որի հեռու կմնան դոպինգ օգտագործելուց

18:42   15 հունվարի, 2013

2013-ի եւ քառամյա օլիմպիական ցիկլի ծրագիրը պատրաստ է, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը։

Պարոն Ալավերդյան, ամփոփեք 2012 թվականը։

Տարին բարդ էր, օլիմպիական։ Օլիմպիական խաղերում մեր մասնակցությունը գնահատում եմ բավարար։ Դրանից հետո մենք ունեցել ենք պատանիների երկու մրցում՝ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ, որտեղից մեծ ավարով վերադարձանք։ Ունեցել ենք եւ չեմպիոն, եւ երկրորդ, երրորդ մրցանակիրներ։ Անցած տարվա ընթացքում ունեցել ենք տարբեր որակի 52 մեդալ։ Անցյալ տարիներին մինչեւ 70 մեդալներ ենք ունեցել, բայց եղել են նաեւ 60-50։ Այս առումով 2012 թվականի աշխատանքը ես կհամարեմ բավարար՝ ելնելով մեդալների քանակից։

Ճի՞շտ եք համարում ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Խաչատրյանի փոխարեն Արմեն Շահազիզյանին նշանակելը։

Չէ, նախ նշենք, որ Սամվել Խաչատրյանն ինքը հրաժարվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Նրա հրաժարականը տեղին էր․ նա որպես հայ տղամարդ ճիշտ քայլ արեց։ Որպես հայ տղամարդ լավ տղամարդկային որակ ցույց տվեց։ Չի կարողացել կատարել իր խոստումը, այդ պատճառով էլ հեռացավ, առանց որեւէ մեկի դրդման կամ ճնշումների։  Օլիմպիական կոմիտեի կողմից գտնվեց մարդ՝ Արմեն Շահազիզյանը, որը բավականաչափ տեղյակ է հայկական ծանրամարտից, քանի որ երկար տարիներ հետեւել է մեզ, մեր աշխատանքներին։ Նրա շնորհիվ 70 ծանրորդ այսօր թոշակ է ստանում, մեծ ներդրումներ է կատարվում հայկական ծանրամարտում։

Մեզ շատ հաճելի կլիներ շարունակել աշխատել Սամվել Խաչատրյանի հետ, քանի որ նա արդեն վեց տարվա փորձ ուներ եւ արդեն գիտեր, որտեղ են թերությունները, որտեղ՝ առավելությունները։

Նոր նախագահի հետ կա՞ արդեն որոշակի մշակված ծրագիր։

Այո, 2013-ի եւ քառամյա օլիմպիական ցիկլի ծրագիրը պատրաստ է։ Առաջնային ծրագրերից մեկն էլ հակադոպինգային ծառայությունն է։ Գլխավոր մարզիչներն ու մարզիկները հետեւողական պետք է լինեն, պայմանագիր պետք է ստորագրեն, որ պայքարեն դոպինգի դեմ։ Բոլորը պնդում են, որ դոպինգ պետք է չլինի, պետք է զերծ մնալ դոպինգից, իսկ դրանից ազատվելու համար անհրաժեշտ է պայքարել դրա դեմ հատուկ մշակված ծրագրով։ Մարզիկներն ու մարզիչները պայմանագիր կստորագրեն, ըստ որի հեռու կմնան դոպինգ օգտագործելուց։

Զրուցեց Լուսինե Շահբազյանը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։