19:50 11 հունվարի, 2013«Չեմ կարող ասել, թե ուժեղ մրցակցություն կար «Մետալուրգում»: Ավելի շատ խաղային պրակտիկայի բացակայությունն էր: Նոր մարզիչ Յուրի Մաքսիմովի ժամանակ ինձ ավելի քիչ հնարավորություն էր տրվում, իսկ նախկին մարզիչ Վլադիմիր Պյատնենկոյի գլխավորությամբ ես ավելի շատ խաղային ժամանակ էի ունենում»:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերջերս Դոնեցկի «Մետալուրգից» Երեւանի «Փյունիկ» վերադարձած Արտակ Եդիգարյանը:
Արտակ, վերջին կես տարին անցկացրիր «Մետալուրգում»: Ի՞նչ տվեց քեզ դա:
Շատ մեծ փորձ ձեռք բերեցի: Վատ եղավ, որ խաղալու քիչ ժամանակ ունեցա, բայց շատ բան սովորեցի եւ հասկացա: Դրսում խաղալով շատ բան ես տեսնում, սովորում: Հայաստանում ամեն բան հարազատ է, քոնն է: Այնտեղ ուժեղ մրցակցություն էր: Ամեն ինչ տարբեր էր` թե՛ թիմում, թե՛ ապրելակերպի մեջ: Ես այնտեղ մեծ փորձ ձեռք բերեցի:
Կարո՞ղ ես ասել, որ Ուկրաինայի Պրեմյեր լիգայի թիմերը՝ չհաշված «Շախտյորը» եւ «Դինամոն», շատ ավելի ուժեղ են Հայաստանի Բարձրագույն խմբի թիմերից:
Այդ թիմերին ես կավելացնեի նաեւ «Մետալիստին» եւ «Դնեպրին»: Այսօր նրանք «Դինամոյին» հավասար թիմեր են, «Շախտյորը» բոլորից բարձր է: Ընդհանուր առմամբ Ուկրաինայի Պրեմյեր լիգան ուժեղ առաջնություն է: Հայաստանից տարբերվում է:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ չկարողացար ամրապնդվել «Մետալուրգում»: Քեզ քիչ ժամանակ տրվե՞ց, թե՞ Նիկոլայ Մորոզյուկի հետ մրցակցելը դժվար էր:
Չեմ կարող ասել, թե ուժեղ մրցակցություն կար «Մետալուրգում»: Ավելի շատ խաղային պրակտիկայի բացակայությունն էր: Նոր մարզիչ Յուրի Մաքսիմովի ժամանակ ինձ ավելի քիչ հնարավորություն էր տրվում, իսկ նախկին մարզիչ Վլադիմիր Պյատնենկոյի գլխավորությամբ ես ավելի շատ խաղային ժամանակ էի ունենում:
Չե՞ս զրուցել մարզիչի հետ: Գուցե ինչ-որ խնդիր կա՞ր:
Զրուցել եմ, խնդիր չկար: Ասացին, որ բոլորին հնարավորություն կտրվի: Փաստորեն, ինձ քիչ տրվեց հնարավորություն:
Օրեր առաջ «Բանանցի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը միացավ «Մետալուրգին», որտեղ նա փորձարկվելու է քո խաղացած դիրքում: Ստացվում է, որ թիմն ունի աջ պաշտպանի կարիք:
Կարծում եմ՝ թիմն այդ դիրքում խնդիր չունի: Պարզապես մրցակցության կամ այլընտրանքի համար նոր աջ պաշտպան են փնտրում:
Ինչպե՞ս ես գնահատում Հովհաննես Համբարձումյանի հնարավորությունները:
Շատ նորմալ: Չի կարելի ասել, թե շատ ուժեղ թիմ է եւ հիմնական կազմում ամրապնդվելը անհնար է: Պարզապես պետք է շատ աշխատել:
Իսկ հնարավո՞ր է, որ այդ թիմում քո դիրքն աջ պաշպանի դիրքը չէր: Գուցե դու քեզ ավելի լավ ես զգում հենակետայինի՞ գոտում:
Դա ես չեմ որոշում, այլ` թիմը: Նրանք են որոշում, թե ես իրենց որ դիրքում եմ պետք եւ պետք եմ արդյոք: Այս պահին ստացվեց այնպես, որ ես պետք չեղա: Ես ոչինչ չեմ կարող փոխել:
Բայց ո՞ր դիրքում ես դու քեզ ավելի լավ զգում:
Կարծում եմ` հենց աջ պաշտպանի: Ես աջլիկ եմ եւ այդ եզրում ավելի լավ եմ ինձ զգում:
Որո՞նք են քո առաջիկա ծրագրերը:
Վերադարձել եմ «Փյունիկ»: Այժմ մարզվում եմ: Շուտով կսկսվեն հավաքները: Ես կաշխատեմ շատ մարդկանց ապացուցել, որ նրանք սխալվել են իմ հաշվով:
Ըստ քեզ՝ փետրվարին կայանալիք ընկերական հանդիպումների ժամանակ կհրավիրվե՞ս ազգային հավաքկան:
Չեմ կարող ասել: Կանեմ ամեն բան՝ ապացուցելու համար, որ արժանի եմ:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
Ֆոտո՝ AP
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.