18:07 26 նոյեմբերի, 2026Բարսելոնայի Օլիմպիական խաղերի (1992թ․) չեմպիոն Էլեն Բունիաթյանցը նշանակվել է բասկեբոլի կանանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը
Բունիաթյանցը, որը մարզական հանրությանը հայտնի է նաև Էլեն Շակիրովա անունով, իր խաղային կարիերան սկսել է Աբովյանի «Հատիսում»։ Այնուհետև հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Դինամոյում», ինչպես նաև եվրոպական մի շարք ակումբներում։ 1989 թվականին Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում նա դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և նվաճել Լիլիան Ռոնկետիի գավաթը։
1991 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում Բունիաթյանցը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1992 թվականին Միացյալ թիմի կազմում նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ։ Նա մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի՝ Բարսելոնայում, Ատլանտայում և Սիդնեյում։ Եվրոպայի առաջնություններում նվաճել է չորս մեդալ՝ մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե։
Բունիաթյանցը մարզչական կարիերան սկսել է 2013 թվականին Կուրսկում՝ գլխավորելով «Դինամո-Ֆարմ» երիտասարդական թիմը։ 2014 թվականին նա ժամանակավորապես ստանձնել է նաև «Դինամոյի» հիմնական թիմի գլխավոր մարզչի պարտականությունները։ Այդ մրցաշրջանում թիմն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2017 թվականին նրա գլխավորությամբ «Դինամո-Ֆարմը» նվաճել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր։ Բարձրագույն դիվիզիոնում թիմը հանդես է եկել «Ինվենտա» անվամբ և 2017/18 մրցաշրջանում նվաճել Ռուսաստանի գավաթի բրոնզե մեդալը։
2019/20 մրցաշրջանում Բունիաթյանցը գլխավորել է Լեհաստանի Տորուն քաղաքի «Էներգա» կանանց թիմը, իսկ 2020 թվականին վերադարձել է Կուրսկ՝ որպես «Դինամոյի» հիմնական թիմի գլխավոր մարզիչ։
2021–2024 թվականներին նա գլխավորել է Ղազախստանի տղամարդկանց «Ակտոբե» ակումբը։ 2021/22 մրցաշրջանում թիմն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Ղազախստանի ազգային լիգայի բրոնզե մեդալը, իսկ Բունիաթյանցը ճանաչվել է լիգայի լավագույն մարզիչ։ 2023 թվականին «Ակտոբեն» դարձել է նաև Ղազախստանի գավաթի բրոնզե մեդալակիր։ 2024–2026 թվականներին Շակիրովան գլխավորել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Օմսկի կանանց «Նեֆտյանիկ-Տիտան» ակումբը։
2026 թվականին Բունիաթյանցը վերջին աշխատավայրը եղել է Իրանի կանանց ազգային հավաքականը, որտեղ նա զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը։
Էլեն Բունիաթյանցի գլխավորությամբ Հայաստանի կանանց Մ20 հավաքականը կմասնակցի 2027 թվականի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարին, որը կանցկացվի հուլիսի 3–11-ը Ռումինիայի Տուլչա քաղաքում։
Մեկ տարի անց՝ 2028 թվականի հուլիսի 1–9-ը, կանանց Մ20 Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարը կհյուրընկալի Երևանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.