01:43 22 նոյեմբերի, 2026«Սյունիք» ֆուտբոլային ակումբն առաջադրել է Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեր ակումբի համար այս ընտրությունն առաջին հերթին հայկական ֆուտբոլի կառավարման և զարգացման հարց է։ Մենք կարևորում ենք այնպիսի ղեկավարի ընտրությունը, որը պատրաստ է լսել ակումբներին, հասկանալ նրանց խնդիրները և համատեղ լուծումներ գտնել։
Դենիս Ջորկաեֆի թեկնածությունն առաջադրելիս հաշվի ենք առել նրա փորձը՝ ֆուտբոլային գործակալից մինչև ակումբի նախագահ ու մարզական տնօրեն, ինչպես նաև ՀՖՖ-ում խորհրդատվական աշխատանքը և Ֆրանսիայում փոխքաղաքապետի պաշտոնում կառավարման փորձը։ Հայտնի ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչ լինելով՝ նա նաև անձամբ է անցել ֆուտբոլի կազմակերպման ու կառավարման ճանապարհով։
Կարևոր ենք համարում նրա միջազգային կապերը և դրանք մեր ակումբների համար գործնական հնարավորությունների վերածելու պատրաստակամությունը։ Հայաստան տեղափոխվելու ու այստեղ աշխատելու նրա որոշումը մեզ համար ևս վկայում է այս հանձնառությանը լրջորեն վերաբերվելու մասին։
Մենք ակնկալում ենք բաց ու հետևողական աշխատանք՝ ակումբների մասնակցությամբ, նրանց կարիքները հաշվի առնելով և հայկական ֆուտբոլի ընդհանուր շահը առաջնային դարձնելով։
ՀՖՖ անդամ ակումբներին կոչ ենք անում աջակցել Դենիս Ջորկաեֆի թեկնածությանը։ Վստահ ենք՝ համագործակցությամբ կարող ենք ավելի մեծ արդյունքի հասնել։
«Սյունիք» ֆուտբոլային ակումբ»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյումրիի «Շիրակն» առաջադրել էր Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանի թեկնածությունը։
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.