21:40 18 նոյեմբերի, 2026Աբրահամ Խաշմանյանը ստանձնել է «Գանձասարի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նորանշանակ գլխավոր մարզիչը խոսել է թիմի ներկայիս իրավիճակի, խնդիրների և առաջիկա անելիքների մասին.
«Այսօր բոլորս էլ գիտակցում ենք, որ «Գանձասարը» գտնվում է բավական ծանր վիճակում։ Դա ապացուցում է նաև մրցաշարային աղյուսակը, որտեղ թիմը գտնվում է վերջին հորիզոնականում։
Ելնելով այս փաստից՝ մարզչական անձնակազմը, ակումբի ղեկավարությունը և ֆուտբոլիստները հասկանում են, որ պետք է ներդնել համատեղ ուժերը, որպեսզի կարողանանք դուրս գալ այս իրավիճակից։
Այն, ինչը տեսել եմ մինչև թիմի ղեկը ստանձնելը, թույլ է տալիս ենթադրել, որ Պրեմիեր լիգայում մնալու հնարավորությունը կարելի է գնահատել 10 տոկոս։ Սա արդեն խոսում է այն մասին, թե որքան դժվարին և մեծ ծավալի աշխատանք է մեզ սպասվում։
Խնդիրը միայն մրցաշարային աղյուսակը չէ, թիմի գրանցած արդյունքները չեն, թիմի ցուցադրած բացասական խաղը չէ։ Խնդիր է նաև այն, որ թիմի կազմում կա 27 ֆուտբոլիստ, սակայն այս պահին մարզումային գործընթացի մեջ ընդգրկված է նրանցից 16-ը։ Այսինքն՝ թիմի 30 տոկոսը վնասվածքների պատճառով դուրս է մնացել մարզումներից։ Այստեղ մեր գլխավոր խնդիրն ամուր թիմ կառուցելն է։
Մի քանի օր է, ինչ թիմի ղեկին եմ, բայց արդեն տեսնում եմ ֆուտբոլիստների հավատը, նրանց պրոֆեսիոնալ մոտեցումը, և դա մեզ ներշնչում է տրամադրվել լավատեսորեն՝ ամուր թիմ ստեղծելու վստահությամբ։
Առաջիկա ավելի քան 20 օրվա ընթացքում մենք ունենք շատ ծանր 4 խաղ՝ Գյումրիում՝ «Շիրակի» հետ, առաջատարներից երկուսի՝ «Ալաշկերտի» և «Նոայի» հետ, ինչպես նաև երիտասարդ ու մեծ անակնկալների ունակ «ԲԿՄԱ»-ի հետ։
Եթե այս չորս խաղում ունենանք նվազագույն միավոր, ապա կհամարենք, որ ձեռքբերում ունենք։
Բայց ամենապատասխանատու հատվածը լինելու է ձմռանը՝ մրցաշրջանի միջնամասում։ Հենց այդ ժամանակ բոլորս ահռելի ծավալի աշխատանք ունենք կատարելու։ Այս ամենի մասին խոսել եմ թե՛ ակումբի ղեկավարության, թե՛ ֆուտբոլիստների հետ։
Հուսամ՝ գարնանային հատվածում կտեսնենք բոլորովին այլ «Գանձասար»,- ասել է Խաշմանյանը։
Էդգար Թորոսյանը նշանակվել է «Գանձասարի» գլխավոր մարզիչի օգնական։
42-ամյա մասնագետը տարբեր տարիներին գլխավոր մարզիչի օգնականի կարգավիճակում աշխատել է Երևանի «Արարատում», «Ալաշկերտում» և Գյումրիի «Շիրակում»։ Որպես գլխավոր մարզիչ՝ նա ղեկավարել է «Արարատը», «Ալաշկերտը», «Շիրակը» և Չարենցավանի «Վանը»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.