Գեւորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու (տեսանյութ)

14:34   10 նոյեմբերի, 2026

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հայտարարեց ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման մասին:

«Հարգելի ֆուտբոլասերներ,

Վերջին օրերին առաջիկա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների եւ իմ թեկնածության շուրջ ծավալված քննարկումների կապակցությամբ ցանկանում եմ ներկայացնել իմ դիրքորոշումը: Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին եւ բոլոր նրանց, որոնք վստահություն են հայտնել ինձ եւ առաջարկել իմ թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում: Մինչ այժմ չեմ շտապել հրապարակային հանդես գալ, քանի որ ինձ համար սա պարզապես պաշտոնի կամ անձնական հավակնությունների հարց չէ: Խոսքը հայկական ֆուտբոլի ապագայի եւ մեծ պատասխանատվության մասին է: Իմ կյանքի մեծ մասն անցել է ֆուտբոլում: Տարիներ շարունակ պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եմ եկել հայկական եւ արտասահմանյան ակումբներում, ճանաչել տարբեր ֆուտբոլային համակարգեր եւ ներսից տեսել մեր ֆուտբոլային խնդիրներն ու հնարավորությունները: Համոզված եմ, որ հայկական ֆուտբոլն ունի շատ ավելի մեծ ներուժ, քան այսօր կարողանում ենք իրացնել: Մեզ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, հստակ ռազմավարություն, մասնագիտական կառավարում եւ երկարաժամկետ զարգացման ծրագիր:

Ֆուտբոլը պատկանում է բոլորիս եւ դրա ապագայի պատասխանատվությունը նույնպես բոլորինս է: Ընդունելով երկրպագուների առաջարկը՝ հայտարարում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին: Միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի»,- հայտարարության մեջ ասել է Գեւորգ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ օրերս Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկրպագուները Գեւորգ Ղազարյանին ներկայացրել էին որպես ՀՖՖ նախագահին իրենց թեկնածու:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 21-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.