14:03 8 նոյեմբերի, 2026Չինաստանի Նինբո քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը 12 ծանրորդով նվաճեց երկամարտի մեկ բրոնզե մեդալ:
Հայաստանի թիմի միակ հույսը 2025 թ. աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանն էր, որին չհաջողվեց երկրորդ անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Տիտղոսը նվաճած իրաքցի Ալի Ամար Յուրաբարավին Լալայանին գերազանցեց 9 կգ-ի տարբերությամբ:
Վարազդատ Լալայանի բրոնզե մեդալը Հայաստանի հավաքականի միակ մեդալն է երկամարտում: Այս առաջնությունում փոքր բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը: Հայաստանի մյուս մասնակիցները բոլորը հեռու էին մեդալային պայքարից կամ մասնակցում էին B կամ C խմբերում:
A խմբում են մասնակցել Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Էմմա Պողոսյանը եւ Լիանա Գյուրջյանը: A խմբում էր հայտավորված նաեւ Գոռ Սահակյանը, բայց մրցահարթակ դուրս չեկավ վնասվածքի պատճառով:
Եվրոպայի փոխչեմպիոն, 65 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը մասնակցեց B խմբում եւ գրավեց 11-րդ տեղը՝ 285 կգ (130+155):
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 22-ամյա Գոռ Սահակյանը չմասնակցեց առաջնությանը: Մրցավայր մեկնած ծանրորդը վնասվածքի պատճառով մրցահարթակ դուրս չեկավ, այս մասին մրցելույթի մեկնարկում հայտարարեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Եվրոպայի չեմպիոն, 85 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը մասնակցեց B խմբում եւ երկամարտի 345 կգ արդյունքով 11-րդն է: Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը, որը հանդես էր գալիս C խմբում, երկամարտում հավաքեց 337 կգ եւ այս խմբում երկրորդն է (147+190):
Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը 95 կգ քաշային կարգի ընդհանուր հաշվարկում 17-րդն է: Հովհաննիսյանը պոկում վարժությունում ունեցավ մեկ հաջող մոտեցում՝ բարձրացնելով 165 կգ: Հրումում մեկ մոտեցմամբ գլխավերևում պահեց 195 կգ: Երկամարտում Հովհաննիսյանը գրանցեց 360 կգ:
Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը: 110 կգ քաշայինների А խմբի պայքարում Կարապետյանը պոկում վարժությունից հետո հրում վարժությունում երկու մոտեցում ձախողելուց հետո հրաժարվեց երրորդ մոտեցումից:
Պոկում վարժությունում Եվրոպայի եռակի չեմպիոնը հաջողեց միայն առաջին մոտեցումը, որով բարձրացրեց 183 կգ: Երկրորդ եւ երրորդ մոտեցումների համար պատվիրված 189 կգ-ն ձախողեց: Այս վարժությունում Կարապետյանը 7-րդն էր:
Կանանց հավաքականից հաջող հանդես եկավ միայն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը, որը երկամարտի 205 կգ արդյունքով 4-րդն է, հրում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ (85+120):
Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտում գրավեց 8-րդ տեղը՝ ցույց տալով 249 կգ րդյունք։ Պողոսյանը 86 կգ քաշային կարգում պոկում վարժությունում գլխավերևում պահեց 106 կգ, հրում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 138 կգ ու 143 կգ:
Այս քաշային կարգում հանդես եկավ նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը, որը պոկում վարժությունում 102 կգ արդյունքով 25-րդն էր, հրում վարժությունում չկարողացավ բարձացնել 135 կգ եւ 0 ստացավ։
Զրո է ստացել նաեւ Ալինա Սուքիասյանը (77 կգ), որը մասնակցում էր C խմբում:
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն այս առաջնությունում վստահ տեսք չունեին: Ձախողման պատճառները վատ մարզավիճա՞կն էր, թե՞ հոգեբանորեն անպատրաստ լինելը, դժվար է ասել, բայց մոտեցումներն ու հաջողած վարժությունների պակասը, վնասվածքների առկայությունը այլ պատասխան չեն թողնում:
Հայաստանի հավաքականները աշխարհի առաջնությանը նախապատրաստվում էին Գյումրիում, նաեւ մարզումային փուլ են ունեցել Ծաղկաձորում: Գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանն առաջնությունից առաջ հույս էր հայտնում, որ բոլոր քաշային կարգերում մեդալային ակնկալիքներ ունի, բայց միայն մրցավայրում պարզ դարձավ, որ Հայաստանի թիմից մեդալների համար պայքարելու են մի քանիսը, իսկ մյուսները ցածր խմբերում են մասնակցելու եւ այնտեղ փորձելու իրենց ուժերը:
Նախկինում աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկն Օլիմպիական խաղերի նախաշեմին եւ Երեւանում նախատեսվող աշխարհի առաջնությունից առաջ ամենացածր արդյունքներով եւ երկամարտի մեկ մեդալով վերադառնում է հայրենիք:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.