Վազգեն Թեւանյան․ Այս մեդալի հետևում տարիների աշխատանք, քրտինք ու մեծ նվիրում կա

16:28   1 նոյեմբերի, 2026

Վազգեն Թեւանյանը ինստագրամյան գրառումով մեկնաբանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 65 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճելը։

«Այս մեդալի հետևում տարիների աշխատանք, քրտինք ու մեծ նվիրում կա։ Հեշտ ճանապարհ չէր․ ուժեղ մրցակիցների դեմ պայքարում ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս։ Ուրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով։

Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ ուժ տվեց ու այս հաղթանակը պարգևեց։ Ամենադժվար պահերին հավատս ինձ օգնել է չհանձնվել ու շարունակել պայքարը։
Շնորհակալ եմ նաև իմ անձնական մարզչին՝ Ռաֆիկ Գոլեցյանին, միասին կատարած մեծ աշխատանքի և աջակցության համար։

Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր։ Քո օգնությամբ հասա այս հաղթանակին։ Ամբողջ փառքը Քեզ»,- գրել է Վազգեն Թեւանյանը։

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ԱՄՆ-ի չեմպիոն, Մ20 եւ Մ17 աշխարհի չեմպիոն, 20-ամյա Բոուեն Բասեթը:

Թեւանյանը մարզական կարիերայում առաջին անգամ էր դուրս գալիս աշխարհի առաջնության եզրափակիչ:

Վազգեն Թեւանյան, ազատ ոճի ըմբիշ, 65 կգ

Ծնվել է  1999թ․ հոկտեմբերի 27-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում։

Անձնական մարզիչը Ռաֆիկ Գոլեցյանն է։

Ամուսնացած է, ունի դուստր:

2015թ․ պատանիների Եվրոպայի չեմպիոն է,  2016թ․ պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2018թ․ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018թ․ Հայաստանի չեմպիոնությամբ

2019թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն է, 2020 թ.  աշխարհի անհատական գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, 2021 թ. աշխարհի Մ23 փոխչեմպիոն  2022 թ. Մ23 աշխարհի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի չեմպիոն, 2023 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Տոկիո-2020 եւ Փարիզ 2024 Օլիմպիական խաղերի մասնակից է:

2025 եւ 2026 թթ. Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր է:

Թեւանյանը նաեւ հանդես է գալիս Հնդկաստանի պրոֆեսիոնալ ըմբշամարտի Pro Wrestling League (PWL) առաջնությունում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.