Ռոբերտ Արզումանյան. Միասին փորձել ենք ստեղծել մեր ֆուտբոլը՝ մեր խաղային ձեռագրով, հստակ ինքնությամբ ու սկզբունքներով

19:08   29 հոկտեմբերի, 2026

Ռոբերտ Արզումանյան. Միասին փորձել ենք ստեղծել մեր ֆուտբոլը՝ մեր խաղային ձեռագրով, հստակ ինքնությամբ ու սկզբունքներով

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալը։

«Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր, այլ նաեւ մարդկանց, գաղափարների, արժեքների ու հարգանքի մասին էր։

Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին՝ միասին կատարած մեծ աշխատանքի, նվիրվածության, մեր գաղափարներին հավատալու և խաղադաշտում դրանք կյանքի կոչելու համար։

Մենք միասին փորձել ենք ստեղծել մեր ֆուտբոլը՝ մեր խաղային ձեռագրով, հստակ ինքնությամբ ու սկզբունքներով։ Ֆուտբոլ, որի հիմքում ոչ միայն խաղի որակն էր, այլև մտածելակերպը, համարձակությունը, պատասխանատվությունն ու հավատարմությունը մեր ընտրած ճանապարհին։

Շնորհակալ եմ հաղթանակների ու դրանց պարգևած զգացմունքների համար, բայց ոչ պակաս՝ դժվար պահերի համար, երբ կարողացանք պահպանել մեր դեմքը, արժանապատվությունը, փոխադարձ հարգանքն ու հավատը միմյանց նկատմամբ։

Ինձ համար միշտ կարևոր է եղել ոչ միայն այն, թե ինչ արդյունքի ենք հասնում, այլև այն, թե ինչպես ենք անցնում այդ ճանապարհը։ Հպարտ եմ, որ անկախ հանգամանքներից՝ մենք փորձել ենք հավատարիմ մնալ մեր ինքնությանը, չհրաժարվել մեր սկզբունքներից, հավատալ ու պայքարել մինչև վերջ։

Առանձնահատուկ շնորհակալություն իմ մարզչական շտաբին, ակումբի աշխատակիցներին, ովքեր իրենց ամենօրյա, հաճախ անտեսանելի աշխատանքով եղել են այս ճանապարհի մի մասը։

Շնորհակալություն նաև մեր երկրպագուներին՝ աջակցության, վստահության և թիմի կողքին լինելու համար։

«Ուրարտուին», ֆուտբոլիստներին և ակումբի աշխատակիցներին մաղթում եմ նոր հաղթանակներ, հաջողություններ և, ամենակարևորը, երբեք չդադարել հավատալ սեփական ուժերին ու գնալ երազանքների հետևից։

Ճանապարհները կարող են բաժանվել, բայց միասին ստեղծած արժեքները, ապրած զգացմունքներն ու փոխադարձ հարգանքը մնում են։

Շնորհակալ եմ բոլորիդ այս ճանապարհի համար»,- գրել է Ռոբերտ Արզումանյանը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.