12:08 29 հոկտեմբերի, 2026Շատ սպասված մեդալ էր ինձ համար: Նպատակս մասնակցելն ու հաղթելն էր, բայց այս անգամ բավարարվեցի բրոնզե մեդալով: Անհատական սպորտում, այսպիսի մեդալների հետեւում միշտ մեծ թիմ է կանգնած:
Այս մասին «Զվարթնոցում» ասաց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գեւորգ Թադեւոսյանը, որը նախորդ գիշեր Հայաստանի թիմի հետ վերադարձավ հայրենիք:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գեւորգ Թադեւոսյանը նվաճեց բրոնզե մեդալ: 87 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Թադեւոսյանը մրցեց Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Ֆիլչակովի հետ եւ հաղթեց 4:1 հաշվով:
«Շատ սպասված մեդալ էր ինձ համար: Ճիշտ է՝ նպատակս մասնակցելն ու հաղթելն էր, բայց այս անգամ բավարարվեցի բրոնզե մեդալով: Տեխնիկական եւ տակտիկական սխալներ թույլ տվեցի, որի վրա կաշխատենք մարզիչների հետ, կշտկենք: Մյուս մրցաշարերին ավելի լավ պատրաստված կլինեմ:
Թե կիսաեզրափակիչին, թե բրոնզե մեդալի համար գոտեմարտին պատրաստվել էի շատ լավ: Կիսաեզրափակիչին ավելի լավ էի պատրաստվել, որպեսզի կարողանամ հաղթել Իրանի ներկայացուցիչին եւ դուրս գամ եզրափակիչ: Ցավոք, ինչ-ինչ պատճառներով սխալներ թույլ տվեցի: Հասկանում եմ, որ կարեւոր գոտեմարտ էր եւ կարող էի հաղթանակը բաց չթողնել ու դուրս գալ եզրափակիչ:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում համառ պայքար ստացվեց, շատ բուռն էր: Հաղթելու ցանկությունս շատ մեծ էր: Ուրախ եմ, որ կարողացա բրոնզե մեդալը նվաճել: Անհատական սպորտում, այսպիսի մեդալների հետեւում միշտ մեծ թիմ է կանգնած: Մարզիչներիս, ընկերներիս շնորհիվ կարողացա ճիշտ գոտեմարտել, մինչեւ վերջ պայքարել եւ հասնել իմ նպատակին»,- ասաց Գեւորգ Թադեւոսյանը:
Աստանայում ավարտված աշխարհի առաջնությունում Գեւորգ Թադեւոսյանը կիսաեզրափակիչում պարտվել էր Իրանի ներկայացուցիչ Ալիրեզա Մոհմադիպիանին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.