Հայ ծանրորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

11:48   28 հոկտեմբերի, 2026

Չինաստանի Նինբո քաղաքում մեկնարկել է  ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որն առաջին վարկանիշային մրցաշարն է լինելու Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար:

Հոկտեմբերի 28-ից պայքարի մեջ են մտնում հայ ծանրորդները: Այսօր Հայաստանն ունի 1 մասնակից:

Մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի փոխչեմպիոն, 65 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը:

23-ամյա գյումրեցի ծանրորդը Եվրոպայի Մ23 առաջնության կրկնակի չեմպիոն է, ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն, 2021 թ. Հայաստանի չեմպիոն է: 2024 թ. Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված աշխարհի առաջնությունում Գառնիկ Չոլակյանն երկամարտում 7-րդն էր: Հայաստանի ներկայացուցիչը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

2025 թ. ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում Գառնիկ Չոլակյանը 275 կգ արդյունքով նվաճեց երկամարտի բրոնզե մեդալ (124+151): Նույն տարում աշխարհի առաջնությունում Չոլաքյանը  երկամարտի 275 կգ (123+152) արդյունքով 10-րդն էր:

2026 թ. Եվրոպայի առաջնությունում Չոլաքյանը 60 կգ քաշային կարգում երկամարտի 274 կգ (124+150) արդյունքով նվաճեց արծաթե մեդալ:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչը հանդես կգա 65 կգ քաշայինների B խմբում: Նախնական հայտը երկամարտում 300 կգ է:

Գառնիկ Չոլակյանի մասնակցությամբ պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 12:00-ին:

Հայաստանն աշխարհի առաջնությանը կմասնակցի 12 ծանրորդով:

Հակոբ Փիլոսյանի գլխավորած հավաքականի կազմում Չինաստանում մեդալների եւ օլիմպիական վարկանիշային միավորների համար կպայքարեն նաեւ Գոռ Սահակյան, Տիգրան Կարապետյան (75 կգ), Ռաֆիկ Հարությունյան, Մարտին Պողոսյանը (85 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (95 կգ), Գարիկ Կարապետյանը (110 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականի Չինաստանի մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը, Ալինա Սուքիասյան (77 կգ) Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան (86 կգ):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.