00:14 28 հոկտեմբերի, 2026Անչափ ուրախ եմ այս հաղթանակին: Բարդ տրվեց հաղթանակս, բայց ոչ թե հաղթելն էր բարդ, այլ ճանապարհը դեպի հաղթանակ: Այս անգամ ես հաղթեցի, որովհետեւ ես ինքս ինձ չխանգարեցի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Աստանայից ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Կարեն Ասլանյանը:
Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Կարեն Ասլանյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ադրբեջանցու նկատմամբ տպավորիչ հաղթանակով հռչակվեց չեմպիոն:
60 կգ քաշայինների եզրափակիչում 31-ամյա Ասլանյանը գոտեմարտեց 2024 թ. աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Նիհադ Զահիդ Մամադլիի հետ եւ հաղթեց 8:4 հաշվով:
Եվրոպայի փոխչեմպիոնը աշխարհի առաջնության ոսկե մեդալի ճանապարհին 5 գոտեմարտ անցկացրեց. որակավորման փուլում ժամանակից շուտ հաղթեց Կոռնելիու Ռուսուին (Մոլդովա, 10:0), 1/8 եզրափակիչում պարտության մատնեց Աֆթանդիլ Ուուլուին (Ղրղսզտան,8:0), քառորդ եզրափակիչում կրկին ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տարավ Ուզուդբեկ Խալիմբոեւի նկատմամբ (Ուզբեկստան,9:0), կիսաեզրափակիչում հաղթեց աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդի, Էդմոնդ Նազարյանին (Բուլղարիա, 12:4):
Կարեն, շնորհավորում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Երկար ճանապարհ ես անցել այս հաղթանակին հասնելու համար: Բարդ տրվե՞ց:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Անչափ ուրախ եմ այս հաղթանակին: Բարդ տրվեց հաղթանակս, բայց ոչ թե հաղթելն էր բարդ, այլ ճանապարհը դեպի հաղթանակ: Շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ինձ տվել է, նաեւ այն բարդ ճանապարհի համար, որով անցա եւ հասա այստեղ:
Ինչպիսի՞ նշանակություն ունի քեզ համար այս հաղթանակը: Ի՞նչ էր նախկինում քեզ պակասում չեմպիոն դառնալու համար:
Հիմա ավելի համոզվել եմ, որ նախկինում իմ պարտություններում, վերջին պահին ձախողելու մեջ ոչ ոք մեղավոր չի եղել, մրցավարական միջամտություններ չեն եղել: Այս հաղթանակով համոզվեցի, որ եթե պատրաստ ես, ուժեղ ես, կհաղթես: Իհարկե, հակառակն էլ է լինում, բայց որեւէ մեկին պետք չի մեղադրել չհաղթելու մեջ:
Այս անգամ ես հաղթեցի, որովհետեւ ես ինքս ինձ չխանգարեցի: Աշխարհի առաջնությանը մոտեցել էի շատ հանգիստ, նախնական գոտեմարտերն էլ շատ հանգիստ անցան մինչեւ եզրափակիչ: Նույնը եզրափակիչում եղավ, ես ինձ չխանգարեցի, որի համար շատ ուրախ եմ:
Ոսկե մեդալի ճանապարհին 5 գոտեմարտ անցկացրիր: Ո՞րը կառանձնես:
Կառանձնացնեմ կիսաեզրափակիչ գոտեմարտը, որտեղ մրցում էի Էդմոնդ Նազարյանի հետ: Էդմոնդը բարձրակարգ եւ շատ ուժեղ ըմբիշ է, նաեւ մտերիմ ընկերներ ենք: Դժվար ստացվեց նրա հետ գոտեմարտը, որովհետեւ նա եւ շատ ուժեղ է, եւ մենք էլ մտերիմ ենք: Մի քիչ հուզական գոտեմարտ ստացվեց. այդ առումով բարդ էր:
Եզրափակիչում ադրբեջանցու հետ էիր վիճարկում տիտղոսը: Ի՞նչ կասես Մամադլիի մասին:
Չէի մտածում այն մասին, որ մրցակիցս ադրբեջանցի է, ոչ էլ կենտրոնացել էի այն մտքի վրա, որ եզրափակիչ գոտեմարտ ենք անցկացնում: Ես ուղղակի դուրս էի եկել մրցագորգ իմ պայքարը տանելու: Ոչ միայն եզրափակիչից, այլեւ բոլոր գոտեմարտերիցս առաջ աղոթք էի անում, Աստծուն խնդրում էի հաղթանակ, եթե ես արժանի եմ դրան:
Մարզական կարիերայիդ ընթացքում առաջին անգամ էիր մասնակցում աշխարհի առաջնության եզրափակիչին: Այսօր առավոտյան ի՞նչ մտքերով էիր արթնացել:
Ոչ մի այլ մտքեր չունեի: Արթնացել էի այն մտքերով, որ կշռվեմ, հաց ուտեմ եւ պատրաստվեմ գոտեմարտիս, այսինքն՝ ամեն ինչ սովորականի պես, ինչպես մյուս մրցաշարերում է լինում: Այս աշխարհի առաջնությունում շատ հանգիստ էի, եզրափակիչից առաջ եւս:
Այս պահին ի՞նչ հույզեր են քեզ պատել: Քո պատվին հնչեց Հայաստանի հիմնը: Ի՞նչ էմոցիաներ ապրեցիր պատվո հարթակին:
Պատվո հարթակին լիարժեք հոգեբանական բավարարվածություն էի զգում: Այս հաղթանակն իմ այսքան տարվա աշխատանքի, նաեւ բոլոր այն մարդկանց աշխատանքի գնահատականն է, արդյունքը, որոնք այս տարիների ընթացքում կողքիս են եղել, սպասել այս հաղթանակին, աջակցել են ինձ ամեն ինչում: Սա բոլորի հաղթանակն է: Ես չեմ համարում, որ միայնակ հասա այս տիտղոսին:
Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո տեւական ժամանակ դադար վերցրիր կարիերայում: Ի՞նչը քեզ ստիպեց նորից հավատալ ինքդ քեզ:
Երբեք չեմ կորցրել հավատս: Եթե կորցնեի, չէի մարզվի: Ամեն անգամ ինչ-որ բան ինձ խանգարում էր, եւ ես չէի կարողանում հաղթել: Երբ հասկացա, որ այդ՝ ինչ-որ խանգարող բանը ես ինքս եմ, ամեն ինչ փոխվեց: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ես էի ինձ խանգարում: Ես նվաճեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որովհետեւ ես ինքս ինձ չխանգարեցի:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.