Կարեն Ասլանյանը ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

17:32   27 հոկտեմբերի, 2026

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Կարեն Ասլանյանը ադրբեջանցու նկատմամբ տպավորիչ հաղթանակով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ղազախստանի մայրաքաղաք Աստանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշայինների եզրափակիչում Ասլանյանը գոտեմարտեց 2024 թ. աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Նիհադ Զիհադ Մամադլիի հետ եւ հաղթեց 8:4 հաշվով:

Առաջին մրցափուլը Կարեն Ասլանյանը շատ ակտիվ սկսեց: Մամադլին անմիջապես 4 միավորանոց հնարք կատարեց, Կարեն Ասլանյանը երկու միավորանոց գցում կատարեց եւ եւս մեկը վաստակեց հնարքի վերջնամասում գլոորումով:

Կարեն Ասլանյանն ավելացրեց ճնշումը եւ 4 միավորանոց գցումով հաշիվը դարձրեց 7:4՝ առավելությամբ: Մինչեւ առաջին մրցափուլի ավարտը գորգի մրցավարը պասիվություն չտվեց մրցակիցներին, քանի որ երկուսն էլ շատ ակտիվ էին: Մ

Մրցակիցները գնացին հանգստի Կարեն Ասլանյանի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում Կարեն Ասլանյանը հիմնականում պաշտպանվում էր: Հայ ըմբիշը եւս մեկ միավոր վաստակեց՝ ադրբենացուն աշխատանքային գոտուց դուրս հանելով: Մինչեւ գոտեմարտի ավարտն Ասլանյանը հնարավորություն չտվեց մրցակցին միավոր վաստակել:

31-ամյա Կարեն Ասլանյանը մարզական կարիերայում առաջին անգամ էր աշխարհի առաջնության եզրափակիչի դուրս գալիս:

Չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը վազեց մրցագորգ եւ ըմբշամարտի հնարքով տոնեց Ասլանյանի հաղթանակը: Կարեն Ասլանյանը չեմպիոնական շրջանը եռագույնով կատարեց Արմեն Բաբալարյանի եւ իր անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանի հետ միասին:

Եվրոպայի փոխչեմպիոնը պայքարը սկսել է որակավորման փուլում 10:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց մոլդովացի Կոռնելիու Ռուսուին:

1/8 եզրափակիչում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության մատնեց Ղրղսզտանը ներկայացնող Աֆթանդիլ Տալայբեկ Ուուլուին:

Կարեն Ասլանյանը (63 կգ) քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տարավ ուզբեկ Ուզուդբեկ Խալիմբոեւի նկատմամբ:

Կիսաեզրափակիչում Ասլանյանը 12:4 հաշվով հաղթեց աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդի, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանին:

Կարեն Ասլանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 63 կգ քաշային կարգ

Ծնվել է  1995 թվականի հուլիսի 22-ին Երեւանում

Անձնական մարզիչը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գեւորգյանն է:

Ամուսնացած չէ:

Կարեն Ասլանյանը 2012 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, 2014 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2015 թվականի Համաբանակային 6-րդ ամառային խաղերի փոխչեմպիոն, 2017 թվականի հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն: Մեծահասակների կազմում 2018, 2019 եւ 2020 թվականների դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող:

Կարեն Ասլանյանը հանդես է գալիս նաեւ ակումբային առաջնություններում:

2017 թվականին «Սամուրգաշև եղբայներ» մարզական ակումբի թիմի կազմում դարձել է Ռուսաստանի գավաթակիր։

2017 թվականին Իրանում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում իրանական «Սինա Սանաթ Իզեհ» թիմի կազմում դարձել է փոխչեմպիոն: 

Մասնակցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիրը, որտեղ հասել է մինչեւ քառորդ եզրափակիչ եւ պարտվել վիճահարույց մրցավարության արդյունքում:

Ասլանյանը 2024 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2025 թ. Եվրոպայի փոխչեմպիոն է, 2026 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2021 թ. բանակայինների աշխարհի չեմպիոն:

Այսօր բրոնզե մեդալի գոտեմարտեր կանցկացնեն 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը եւ 87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյան:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.