15:08 27 հոկտեմբերի, 2026Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր դառնալուց հետո իմ մեջ ոգեւորվածություն կար. Աշխարհի առաջնությանը գնացել էի մեդալի հետեւից եւ գույնը նշանակություն չուներ:
Այս մասին «Զվարթնոցում» ասաց Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած Արթուր Ավետիսյանը, որը նախորդ գիշեր Հայաստանի թիմի հետ Ռոտերդամից վերադարձել է հայրենիք:
«Խոսքեր չկան, որ ուրախությունս նկարագրեմ աշխարհի առաջնության մեդալակիր դառնալու կապակցությամբ: Առաջինն էի մոտենում գործիքին, որն իմ ամենասիրելի պահն է: Խնդիրն այն էր, որ իմ կատարած վարժության մեջ թերություն կար: Ինքս հասկացա, որ չարեցի այն, ինչ պետք է անեի: Մինչեւ վերջին վայրկյանը կասկածի տակ էր՝ մեդալ կլինի, թե ոչ: Այդպիսի զգացողություն առաջին անգամ էր:
Աստծո կամքն էր, որ մեդալ նվաճեցի: Օղակների վարժությունը միակ գործիքն է, որ մրցակիցները հիմնականում չեն վրիպում: Առաջին անգամ մրցման ժամանակ տեսա, որ 3-4 մասնակից վրիպեց: Իմ մասնակցությամբ եզրափակիչում ուղղակի մարզիկներ չէին, բոլորն աշխարհի եւ Եվրոպայի մեդալակիրներ էին:
Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր դառնալուց հետո իմ մեջ ոգեւորվածություն կար. Աշխարհի առաջնությանը գնացել էի մեդալի հետեւից: Ամենասկզբում ասել էի՝ մեդալի գույնն էական չի, ինձ համար կարեւոր է, որ մեդալ նվաճեմ: Եվ եղավ, ինչի համար շատ ուրախ եմ: Երբ կողքից տեսնում ենք, որ հայ ժողովուրդն է ուրախ մեր նվաճումներով, ավելի ենք ուրախանում»,- ասաց Արթուր Ավետիսյանը:
Ռոտերդամում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալը՝ վաստակելով 14.233 միավոր: Սա նրա առաջին մեդալն է աշխարհի առաջնություններում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.