13:03 27 հոկտեմբերի, 2026Սպասվածից ավելին եղան մեր արդյունքները: 4-ից 4, 100 տոկոսանոց արդյունք: Մինչեւ հիմա չեմ հավատում:
Այսպես «Զվարթնոցում» իր գլխավորած թիմի արդյունքներն աշխարհի առաջնությունում գնահատեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նախորդ գիշեր աշխարհի չեմպիոնների, թիմի հետ Ռոտերդամից վերադարձավ հայրենիք:
«Սպասվածից ավելին եղան մեր արդյունքները: Երկու մեդալ էինք սպասում: Պատրատ էինք, տղաները գիտեին, որ իրենք պետք է լավ մասնակցեն: Ուղղակի՝ սպասվածից շատ ստացվեց: Միշտ այդպես է լինում. ասում ենք այսքան մեդալի ակնկալիք ունենք եւ ավելին ենք անում: Երկու աշխարհի չեմպիոն ունենալը, 4 մասնակից, բոլորը եզրափակիչի դուրս եկած արդեն մեծ արդյունք է: Ցանկացած երկիր աշխարհի առաջնություն եզրափակիչ մեկ մասնակից ունենալը մեծ բան է: 4-ից 4 եղավ, 100 տոկոսանոց արդյունք: Անկեղծ ասած, չէի հավատում, մինչեւ հիմա էլ չեմ հավատում: Շատ լավ էր:
Մեր աշխատանքը մենք չէ, որ պետք է գնահատենք, թող ուրիշները գնահատեն: Շնորհակալ եմ բոլորին»,- ասաց Հակոբ Սերոբյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-25-ը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 4 մասնակցով նվաճեց 4 մեդալ՝ երկու ոսկի եւ երկու բրոնզ:
Առաջին անգամ աշխարհի չեմպիոն հռչակվեց Համլետ Մանուկյանը: 19-ամյա մարմնամարզիկը նժույգ թափեր վարժության եզրափակիչում ոսկե մեդալակիր դարձավ 15.300 միավորով:
Արթուր Դավթյանը երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Հենացատկի վարժության եզրափակիչում Դավթյանը երկու փայլուն ցատկերի հանրագումարում վաստակեց 14.850 միավոր:
Նժույգի վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ Մամիկոն Խաչատրյանը` 15.000 միավոր:
Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը արժանացավ բրոնզե մեդալի՝ 14.233 միավոր: Սա նրա առաջին մեդալն է աշխարհի առաջնություններում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.