Մամիկոն Խաչատրյան. Մեդալս նվիրում եմ ծառայության մեջ գտվող եղբորս

19:36   26 հոկտեմբերի, 2026

Շատ ուրախ եմ բրոնզե մեդալակիր դառնալու համար, կրկնակի ուրախ եմ ընկերոջս հաղթանակի եւ նրա հետ պատվո հարթակը կիսելու համար:  Աշխարհի առաջնության մեդալը նվիրում եմ ծառայության մեջ գտնվող հարազատ եղբորս՝ Վահե Խաչատրյանին: Այն, որ աշխարհի առաջնությունում հնչեց Հայաստանի հիմնը, բարձրացավ դրոշը, նաեւ նրանց շնորհիվ է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռոտերդամից ասաց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը:

Նիդերլանդներում ավարտված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոնը նժույգ թափեր վարժությունում արժանացավ բրոնզե մեդալի՝ եզրափակիչում վաստակելով 15.000 միավոր:

Մամիկոն, շնորհավորում եմ մեդալակիր դառնալու կապակցությամբ: Այս անգամ բավարարվեցիր բրոնզե մեդալով: Ի՞նչը պակասեց իտալացուն գերազանցելու համար:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Այս առաջնությունում կատարեցի իմ առավելագույնը: Իմ առջեւ խնդիր էր դրված անել իմ լավագույնը: Այս անգամ բավարարվեցի բրոնզե մեդալով, բայց ինձ համար սա մեծ հաղթանակ է, քանի որ աշխարհի առաջնությունում այսպիսի թեժ մրցակցությունում մեդալակիր դառնալը մեծ նվաճում է: Կարեւորը՝ մեդալ կա: Ուրախությունս կրկնապատիկ է, քանի որ ընկերոջս հետ էի կիսում պատվո հարթակը: Ես եւ Համլետը, մեր մյուս թիմակիցները մի մարզադպրոցում ենք մարզվում, տեսնում ենք այն մեծ աշխատանքը, չարչարանքը, որը տանում ենք, հասկանում ենք, որ պատվո հարթակին ընկերոջդ հետ կանգնելը շատ մեծ ուրախություն է:

Անցած տարի փոխչեմպիոն էի դարձել եւ պատվո հարթակին շատ խառը զգացողություններ ունեի եւ ուրախ էի, որ առաջին անգամ մասնակցելով դարձել եմ արծաթե մեդալակիր եւ շատ տխուր էի, որ Համլետը դուրս մնաց մեդալային պայքարին:

Այս առաջնությունում քո շնորհիվ Ռոտերդամում բարձրացավ Հայաստանի երկու դրոշ: Ի՞նչ ապրումներ ունեցար այդ պահին:

Աննկարագրելի զգացողություններ էին: Անցած տարի հիմնը չհնչեց եւ այստեղ ստացվում է, որ առաջին անգամ աշխարհի առաջնությունում մենք կանգնել ենք պատվո հարթակին եւ հնչում է մեր երկրի հիմնը: Մեծ հպարտություն էի զգում ընկերոջս համար, նաեւ ինձ համար: Անչափ ուրախ էի այդ պահին, որ կարողացանք երկուսս էլ լավ հանդես գալ, Համլետն աշխարհի չեմպիոն դարձավ:

Բա՞րդ էր մրցակցությունը: Լարվածություն կա՞ր:

Լարվածություն կար, շատ մեծ էր պատասխանատվությունը, որովհետեւ աշխարհի առաջնության եզրափակիչն էր եւ ինձանից սպասելիքները մեծ էին: Մեծ մրցակցություն կար, տիտղոսակիր մարզիկներ էին պայքարում չեմպիոնության համար: Կփորձեմ առավելագույնն անել, որպեսզի հետագայում նաեւ ոսկե մեդալ նվաճեմ: Արդեն արծաթն ու բրոնզը ունեմ եւ շատ եմ ուրախանում այդ կապակցությամբ:

Անցած տարվա արծաթե մեդալը փոքր-ինչ պարտավորցենող էր, քանի որ իմ ուժերն արդեն գիտեին, ինձ ճանաչում էին եւ պետք է հուսախաբ չանեի բոլոր այն մարդկանց, որոնք սպասելիքներ ունեին:

Նշեցիր, որ մեծ էր լարվածությունը եզրափակիչում: Ավելի շատ լարված էիր քեզ համա՞ր, թե՞ նաեւ Համլետի:

Երկուսիս համար էլ լարված էի: Իմ մասնակցությունից հետո շունչս պահած մինչեւ վերջին վայրկյանը սպասել եմ ընկերոջս, որպեսզի նա էլ լավ կատարի վարժությունը: Եթե ուրախանանք, ապա միասին: Չես կարող միայնակ ապրել ուրախության զգացողությունը, երբ լավ ես կատարել եւ բարձր գնահատական ստացել: Համլետի գերազանց կատարումից հետո նոր խորը շունչ քաշեցի եւ միասին ուրախացանք, տոնեցինք:

Ո՞ւմ ես նվիրում աշխարհի առաջնության մեդալդ:

Այս մեդալը նվիրում եմ ծառայության մեջ գտնվող հարազատ եղբորս՝ Վահե Խաչատրյանին: Ես իրեն եմ շատ շնորհակալ, որովհետեւ նա եւ նրա նման շատ տղաներ սահմանում կանգնած, մեզ մարզվելու, մրցաշարերին մասնակցելու հնարավորություն են տալիս եւ նրանց շնորհիվ կարողանում ենք մեր երկրի դրոշը, պատիվը բարձր պահել: Այն, որ աշխարհի առաջնությունում հնչեց Հայաստանի հիմնը, բարձրացավ դրոշը, նաեւ նրանց շնորհիվ է:

Այս մեդալի համար շնորհակալ եմ իմ մարզիչներին: Նրանց գործն աննկարագրելի է, թե ինչպես են աշխատում մեզ հետ, որպեսզի մենք հասնենք այս հաջողություններին: Իմ անձնական մարզիչ Արտակ Այդինյանին եմ շնորհակալ, մարզիչներ Հայկ Նազարյանին, Սոս Սարգսյանին, Հակոբ Սերոբյանին եւ բոլորին, որոնք աշխատել են մեզ հետ, հնարավորություն տվել արժանանալ այս մեծ նվաճումներին: Շնորհակալ եմ նաեւ Աստծուն, որ ինձ հնարավորություն տվեց մեդալակիր դառնալ:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.