09:02 26 հոկտեմբերի, 2026Երբ տեսա Համլետի գնահատականը, չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ այդ պահին: Մի քանի վայրկյանում շուրջս բազմություն հավաքվեց եւ բոլորը շնորհավորում էին: Հավատում էի եւ սպասում էի այս հաղթանակին: Շնորհակալ եմ Աստծուն. եթե նվաճեցինք այս ոսկե մեդալերն, ուրեմն արժանի էինք: Արթուր Դավթյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հավասարը չունի: Անչափ ուրախ եմ այս արդյունքի համար՝ 4 մասնակից, 4 մեդալ, որից 2 ոսկե:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռոտերդամից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Նիդերլանդներում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 4 մասնակցով նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկի, 2 բրոնզ:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում, բրոնզե մեդալակիր դարձավ Մամիկոն Խաչատրյանը: Օղակների վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ավետիսյանը: Երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն հռչակվեց Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում:
Պարոն Սերոբյան, շնորհավորում եմ Համլետ Մանուկյանի եւ Արթուր Դավթյանի չեմպիոնությունների կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունեցաք, սպասո՞ւմ էիք այս արդյունքներին:
Շնորհակալ եմ, շնորհավորում եմ բոլորիս: Հավատում էի եւ սպասում էի, քանի որ պատրաստ էինք, պատրաստվել էինք: Նժույգ թափեր վարժությունում չեմպիոնության համար շատ մեծ պայքար էր գնում: Իտալացի մարմնամարզիկը շատ ուժեղ էր եւ հրաշալի կատարեց իր վարժությունը: Համլետին պատրաստել էինք, բարդությունը բարձրացրել էինք եւ հավասարացրել իտալացու բարդությանը: Շատ լարված էի, քանի որ վերջինն էր մոտենալու, իսկ իտալացին արդեն ամենաբարձր միավորը ստացել էր: Եվ հավատում էի, եւ լարվում: Արեց ու վաստակեց 15.300 միավոր: Սա ամենաբարձր միավորն էր նժույգի վարժությունում, որը երբեք Համլետը չէր վաստակել: Որեւէ մեկն այսպիսի միավոր չի ստացել: Շատ բարձր գնահատական է:
Իսկապես սպասում էի: Այնտեղ կարծիքներ էի հնչում, որ նժույգ թափեր վարժությունը շատ է բարձրացել եւ բարդացել ու այդ ամենի ֆոնին Համլետն ամենաբարձր միավորը վաստակեց, շրջանցեց բոլորին:
Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանից մեդալ չէի սպասում: Անկեղծ կլինեմ՝ նրա կատարումից բարկացել էի, բայց ստացվեց այնպես, որ դարձավ բրոնզե մեդալակիր, ինչի համար շատ ուրախ եմ: Համլետի կատարումը, Մամիկոնի բրոնզե մեդալը, նաեւ իտալացին նժույգի վրա անգերազանցելի էին: Նրանք իսկական պայքար ստեղծեցին:
Ես տղաներին ասում եմ՝ պատրաստվեք, աշխատեք եւ արեք ձեր լավագույնը, թե ինչ արդյունք կգրանցեք, որ տեղը կզբաղեցնեք, դրա մասին հետո կմտածեք:
Նշեցիք, որ Համլետ Մանուկյանի եւ արծաթե մեդալակիր Գաբրել Թարգետայի բարդությունը հավասար էին եւ երկուսն էլ շատ լավ կատարեցին: Համլետը հաղթեց մաքրության հաշվի՞ն:
Այո, Համլետի գնահատականը բարձր էր մաքրության հաշվին: Իտալացին շատ բարձր գնահատական ստացավ: Համլետը վերջինը մոտեցավ, ինչն ավելի է լարում աշխարհի առաջնության եզրափակիչի յուրաքանչյուր մասնակցի: Հոգեբանական առումով ավելի լարված է լինում մարզիկը:
Նժույգ թափերը դարձել է հայկական դպրոցի հայկական գործիք: 4 մասնակցով եզրափակիչի 4 մասնակից ունենք. այդպես չի լինում: Յուրաքանչյուր մեծ երկրի համար սա մեծ արդյունք է: Չեմ ցանկանում մեծ խոսքեր ասել, բայց սա մեծ միասնական ընտանիքի աշխատանքի արդյունք է:
Արթուր Դավթյանի ցատկերին ի՞նչ գնահատական կտաք: Կանխատեսելի՞ էր հաղթանակը:
Արթուրն անգերազանցելի էր: Հրաշալի ցատկեր կատարեց: Լավագույնն էր, արեց իր առավելագույնը եւ ամենաբարձր միավորները վաստակեց: Եվրոպայի առաջնությունից հետո, կարծես, բարկացած էր եւ այստեղ արեց, այն ինչ պետք է աներ եւ կարողանում է: Արթուրի մասնակցության ժամանակ շատ հանգիստ էի: Նա գիտի իր անելիքը, նաեւ շատ է աջակցում թիմին իր ներկայությամբ, խորհուրդներով տղաների կողքին է: Նրա դերը շատ մեծ է այս հաջողություններում:
Հավաքականի ղեկին աշխարհի չեմպիոնի ձեր երրորդ տիտղոսն է: Այս տարիների ընթացքում, ոչ բարվոք մարզադահլիճային պայմաններում, բազմաթիվ խնդիրների պարագայում ի՞նչը կամ ովքե՞ր են Ձեզ ստիպել չկորցնել հավատն այսօրվա համար:
Այդ տարիների ընթացքում հավատը երբեք չի կորել: Օրերս ընկերական շրջապատում նույն զրույցն էինք տանում, հիշել էինք, թե ինչպես 2011 թվականին այս նույն քաղաքում՝ Ռոտերդամում Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս եկավ եւ թե ինչպես էինք ուրախացել եզրափակիչի մասնակից ունենալու կապակցությամբ: Հիմա նույն տեղում ենք, նույն մրցաշարում ունենք 4 մասնակից, 4-ն էլ եզրափակիչում եւ բարձր արդյունքներով: Այս ամենին հասել ենք մեծ դժվարություններով: Եթե մի օր ես հիասթափվեի ու չհավատայի, իմ տղաները, մեր մարզիչներն էլ չէին հավատա եւ այս արդյունքները չէինք ունենա:
Ոչ ֆինանսի, ոչ պայմանների բացակայության պատճառաբանություններ չենք բերել. սա Ազարյանն է, նրա դրած հիմքը, դպրոցը: Անկեղծ կլինեմ՝ այդ տարիների ընթացքում ե'ւ ես եմ խաբել իմ թիմին, ե'ւ ինքս խաբվել. գործիք չունեինք, ասում էի՝ մեդալ նվաճենք, գործիք կլինի, չեմպիոն դառնանք, այս մի հարցը կլուծվի ու այդպես շարունակ: Իհարկե, լինում էին գործիքներ, խնդիրների լուծումներ, բայց ոչ այդքան ու այնպես, ինչպես կուզեինք: Հանձնվելու իրավունք չունեինք եւ, եթե անում էինք մի բան, ուրեմն շատ լավ պետք է անեինք: Մեր առջեւ այսքան ժամանակ որեւէ մեկը որեւէ պայման կամ խնդիր չի դրել. մենք ինքներս ենք մեր առջեւ խնդիր դրել հասնել այսպիսի արդյունքների, հաղթանակների, մեդալների: Որեւէ մեկը երբեք այս մեծ հաղթանակներից չի կուրացել, մեծամտացել, այլ շարունակել ենք գլուխներս կախ աշխատել: Նույնն անելու ենք հիմա, աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո, քանի որ դեռ շատ աշխատանք ունենք անելու:
Իսկ թե ինչը կամ ովքեր են ինձ ստիպել չկորցնել հավատը՝ մեր մեծ ընտանիքը: Մեր հավաքականը, ֆեդերացիան, մարզիչները, մարզիկները, բոլորս մի մեծ ընտանիք ենք: Այսօր այստեղ տղաների կողքին աշխատում են Հայկ Նազարյանը, Արտակ Այդինյանը: Ես նրանց հավատում եմ, իրենք էլ անում են ամեն ինչ, որ հանկարծ ինձ չհիասթափեցնեն: Սոս Սարգսյանը, մեր մյուս մարզիչները, ֆեդերացիայի նախագահը, յուրաքանչյուրն իր լուման ունի այս հաղթանակում: Ես իրենց հավատում եմ, եւ, ամենակարեւորը, իրենք էլ ինձ են շատ հավատում: Մենք իրավունք չունենք մեկս մյուսին հիասթափեցնել:
Այս ճանապարհը միասին ենք անցել, բոլոր «փոսերը» գիտենք, շուտով մեր դահլիճն էլ կլինի եւ այնքան լավ կլինի ապագա երիտասարդների համար: Մենք մերն արդեն արեցինք: Բոլորից շնորհակալ եմ: Այսօր առավոտյան երբ արթնացա, շնորհակալություն ասացի Աստծուն. ուրեմն արժանի էինք, որ նվաճեցինք ոսկե մեդալը:
Ամեն ինչ կանենք, որ մեր արդյունքներն ավելի բարձրացնենք, վարժությունները բարդացնենք, նոր հաղթանակների ձգտենք: Կարեւոր է, որ վնասվածքներ չունենանք:
Նորից վերադառնալով Համլետ Մանուկյանի չեմպիոնությանը, երբ լուսատախտակին կարդացիք գնահատականը, ի՞նչ հույզեր ապրեցիք:
Ես տրիբունայից էի հետեւում եզրափակիչին: Իմ կողքին կանգնած էին Ուզբեկստանի, Վրաստանի, Ռուսաստանի գլխավոր մարզիչները, մրցավարները: Շատ լարված էի: Երբ տեսա Համլետի գնահատականը, չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ այդ պահին, ով, ինչպես փաթաթվեց ինձ, մի քանի վայրկյանում շուրջս բազմություն հավաքվեց եւ բոլորը շնորհավորում էին: Իմ կողքի մարզիչներն ու մրցավարներն իսկապես շատ ուրախ էին մեր հաղթանակի համար եւ ինձ հետ միասին տոնեցին այդ հաղթանակը: Միայն հիշում եմ, որ ինձ պարբերաբար հանգստացնում էին Մամիկոնի եւ Համլետի մասնակցության ժամանակ: Շատ բարդ էր, իրականում, անհավանական էր իտալացու գնահատականը գերազանցել: Անմոռանալի պահ էր եւ շատ տարբեր է Արթուր Դավթյանի աշխարհի չեմպիության պահից: Պատկերացրեք՝ Արթուրի դեպքում այս էլ երկրորդ անգամ իմ տղան դառնում աշխարհի չեմպիոն, Համլետի դեպքում՝ թոռնիկս դարձավ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.