20:01 23 հոկտեմբերի, 2026Աշխարհի առաջնությունում ծանրորդների առջեւ խնդիր է դրված առնվազն նախորդ տարվա արդյունքներից ավելի լավ արդյունքներ գրանցել, վարկանիշային միավորներ վաստակել: Կարծում եմ, որ մարզումները լավ են ընթանում եւ ըստ դրա, արդյունքներն պետք է լավը լինեն: Սիմոն Մարտիրոսյանի՝ հավաքականից հեռանալու որոշում չունենք. կունենա լավ մարզավիճակ, կլինի հավաքականում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները պատրաստ են աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
Աշխարհի առաջնությունը ծանրորդների համար առաջին վարկանիշային մրցաշարն է լինելու Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերի համար:
Գյումրիում Հայաստանի թիմերն անցկացնում են վերջին մարզումները, որոնց հետեւել է նաեւ Արայիկ Հարությունյանը:
«Օլիմպիական մրցաշրջանը սկսված է եւ յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերին: Հավաքականների առջեւ լավ մասնակցելու խնդիր է դրված, որպեսզի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը լավ սկսենք եւ լավ արդյունքներ գրանցենք: Խնդիր է դրված՝ առնվազն նախորդ տարվա արդյունքներից ավելի լավ արդյունքներ ցույց տանք:
Զրուցել եմ ծանրորդների հետ, բայց այս պահին չեմ կարող ասել, թե որ քաշային կարգերում մեդալային ակնկալիքներ կան: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ծանրորդ պետք է մոտիվացված լինի: Եթե գնում ես աշխարհի առաջնության, պետք է ձգտես լավագույն արդյունքներին: Հաջողություն եմ մաղթում մեր թիմերին: Կարծում եմ, որ մարզումները լավ են ընթանում եւ ըստ դրա, արդյունքներն արդեն պետք է լավ լինեն:
2027 թ. աշխարհի առաջնությունն անցկացվելու է Երեւանում, որին հաջորդելու է Օլիմպիական խաղերը: Նպատակն է պատշաճ հանդես գալ այս աշխարհի առաջնությանը, ապա Երեւանի առաջնությանը, ինչպես նաեւ առավելագույն ուղեգրերը նվաճել Օլիմպիական խաղերի համար: Ինչպես ծանրորդների, այնպես էլ մարզիչների խնդիրն է լավագույնս նախապատրաստված մոտենալ Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե հավաքականից բացակայող Սիմոն Մարտիրոսյանը կպայքարի օլիմպիական վարկանիշների համար ֆեդերացիայի նախագահի խոսքով, լավագույն մարզավիճակի եւ մարզիչի որոշումով է պայմանավորված:
«Կարծում եմ, որ մարզիկի մարզավիճակի հարցն է, ինչպես նաեւ մարզիչի որոշման: Յուրաքանչյուր մարզիչ ձգտում է իր հավաքականում ներգրավել այդ պահին լավագույն մարզավիճակում գտնվող մարզիկներին: Որոշումների մեջ գլխավոր մարզիչն ազատ է, եւ նա է պատասխանատվություն կրում թիմի համար հիմնականում: Ըստ դրա էլ որոշումներ են կայացվում: Կոնկրետ Սիմոն Մարտիրոսյանի պարագայում կունենա լավ մարզավիճակ, կլինի հավաքականում: Սիմոն Մարտիրոսյանի՝ հավաքականից հեռանալու որոշում չունենք: Նա շարունակում է մնալ մեր ծանրամարտի ընտանիքի կարեւոր մասը: Սիմոնը շատ լավ մարզիկ է, մեր չեմպիոնն է եւ ըստ դրա էլ նրա անունով մարզադպրոց ունենք: Շատ ենք գնահատում նրա վաստակը ծանրամարտում եւ կուզենք, որ հետագայում էլ հնարավորության դեպքում լավ արդյունքներ ցույց տա»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
Փաշիկ Ալավերդյանին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնելուց հետո, ֆեդերացիայի նախագահը չի շտապում գնահատական տալ Հակոբ Փիլոսյանի վերջին ամիսների աշխատանքին մարզիչի պաշտոնում: NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե ամեն դեպքում, ինչո՞ւ հեռացվեց Փաշիկ Ալավերդյանը, Արայիկ Հարությունյանը, չցանկացավ վերստին մեկնաբանել որոշումը: Ամեն դեպքում, Հակոբ Փիլոսյանի եւ հավաքականում տիրող մթնոլորտին ֆեդերացիայի նախագահն անդրադարձավ:
«Ես Փաշիկ Ալավերդյանի՝ գլխավոր մարզիչի պաշտոնից ազատելու մասին խոսել եմ եւ այդ հարցն արդեն պատմության էջերում է: Վերադառնալ Փաշիկ Ալավերդյանին նպատակահարմար չեմ գտնում:
Գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանի աշխատանքը մի քանի ամսում չենք կարող գնահատել: Թիմում հիմա շատ ավելի առողջ մթնոլորտ է: Սպորտում այնպես է, որ ավելորդ լարվածություններն ազդում են արդյունքների վրա: Սրան նախորդող ամիսներին եւ տարիներին տեսել ենք, թե ինչ վիճակ էր ստեղծվել ծանրամարտում: Փաշիկ Ալավերդյանը գլխավորում էր ամեն ինչը եւ, հետեւաբար, ոչինչը: Մենք ունեինք այդպիսի վատ մթնոլորտ: Հիմա մթնոլորտն այս մեծ ընտանիքում շատ ավելի լավն է եւ առողջ: Նախադրյալներն էլ լավն են, որ ծանրամարտը պետք է զարգանա: Այս ամենին զուգահեռ ունենք նաեւ լուրջ խնդիրներ. մարզիկների հերթափոխն այդ տարիներին չենք նախապատրաստել: Հիմա առնվազն հավաքականում եւ ֆեդերացիայում վիճակն արդեն այլ է: Յուրաքանչյուր մարզիկ արդեն իր արժանի տեղն է ստանում հավաքականում եւ ֆեդերացիայում: Սա է փոխվել Փաշիկ Ալավերդյանից հետո»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Հակոբ Փիլոսյանի գլխավորած հավաքականի կազմում Աստանայում մեդալների եւ օլիմպիական վարկանիշային միավորների համար կպայքարեն Գառնիկ Չոլաքյանը (65 կգ), Գոռ Սահակյան, Տիգրան Կարապետյան (75 կգ), Ռաֆիկ Հարությունյան, Մարտին Պողոսյանը (85 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (95 կգ), Գարիկ Կարապետյանը (110 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ):
Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականից Աստանայի մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը, Ալինա Սուքիասյանը (77 կգ), Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը (86 կգ):
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.