14:33 23 հոկտեմբերի, 2026Դատարանն առանց քննության է թողել «Նոա» ՖԱ-ի և ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Օհանյանի ներկայացրած հայցադիմումներն ընդդեմ ՀՖՖ Գործկոմի որոշման: Դատարանի որոշմամբ՝ Հայաստանի Բարձրագույն խմբում և Առաջին լիգայում թիմերի հայտացուցակներում շարունակելու է մնալ 15 լեգեոների սահմանափակման որոշումը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: Հայկական ակումբներն իրենց հայտացուցակներում չեն կարող ավելի քան 15 լեգեոներ ունենալ․ հիշեցնենք, որ «Նոա» ՖԱ-ն ցանկանում էր հանել այս արգելքը։
Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում։
«Նոայի» և Աննա Օհանյանի հայցադիմումները, ըստ էության, վերաբերում էին Կանոնակարգի 20.03-րդ կետին, որը նախատեսում է Հայաստանի առաջնությունում լեգեոներների թվի սահմանափակում։ Ըստ 20.03-րդ կետի՝ ակումբները մրցաշրջանի հայտացուցակում կարող են ընդգրկել ՀՀ-ում չմարզված և/կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ չհանդիսացող առավելագույնը 15 ֆուտբոլիստ՝ հաշվի առնելով առաջին և երկրորդ թիմերը։
Մանրամասները.
17.07.2026 թվականին քաղաքացի Աննա Վլադիմիրի Օհանյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՝ ՀՖՖ գործադիր կոմիտեի 27․06․2026 թվականի «ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը (2026-2027 մրցաշրջան) հաստատելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Հայցի հետ միասին վերջինս նաև Դատարան էր ներկայացրել հայցի ապահովման միջնորդություն, այն է ՀՖՖ-ին արգելել կիրառել ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը (2026-2027 մրցաշրջան)։
Այսինքն Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցշրջանը սկսելուց մի քանի օր անց, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի կողմից Դատարան է ներկայացվում հայցադիմում, որով փաստացի պահանջվում է արգելել ՀՖՖ-ին կազմակերպել մրցաշարը, քանի որ առանց կանոնակարգի հնարավոր չէ անցկացնել մրցաշարերը։ Կանոնակարգը առաջնության կազմակերպման և անցկացման, ինչպես նաև դրան մասնակցող սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները սահմանող հիմնական իրավական փաստաթուղթն է։
Ողջամտորեն Դատարանը, 29.07.2026 թվականին հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման հետ միաժամանակ մերժել է Կանոնակարգի կիրառումն արգելելու վերաբերյալ միջնորդությունը։
Այնուհետև, վերոգրյալ միջնորդության մերժումից հետո՝ 03.08.2026 թվականին, նույն գործին որպես Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ է ներգրավվում «Նոա» ֆուտբոլային ակումբը։ Վերջինս Դատարան է ներկայացնում նույն պահանջով հայցադիմում, այն է անվավեր ճանաչել ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը հաստատելու վերաբերյալ որոշումը։ Հայցադիմումով, այս անգամ արդեն «Նոա» ֆուտբոլային ակումբը միջնորդում է կրառել հայցի ապահովման միջոց, այն է՝ ՀՖՖ-ին արգելել կիրառելու վեճի առարկա Կանոնակարգի 20.03-րդ կետը։
Հիշեցնենք, որ Կանոնակարգի 20.03-րդ կետն ըստ էության վերաբերում է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների թվի սահմանափակմանը, որի համաձայն՝ ակումբները մրցաշրջանի հայտացուցակում կարող են ընդգրկել առավելագույնը 15 օտարերկրյա ֆուտբոլիստի՝ հաշվի առնելով առաջին և երկրորդ թիմերը։
Օգոստոսի 12-ին Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ, իսկ հայցի ապահովման միջոցի կիրառման միջնորդությունը՝ բավարարել։
Օգոստոսի 13-ին հարուցվել է կատարողական վարույթ և ՀՖՖ-ին արգելվել կիրառել Կանոնակարգի 20.03-րդ կետը։ Նշված որոշումը ՀՖՖ-ն ստացել է 2026 թվականի օգտոստոսի 14-ին, որի արդյունքում է միայն տեղեկացել տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ։
Նշենք, որ ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսդրության համաձայն, այն դեպքերում, երբ հայցադիմումին կից ներկայացվում է հայցի ապահովման միջնորդություն ևս, պատասխանող կողմը դատական գործի մասին ծանուցվում է բացառապես միջնորդության քննության արդյունքում կայացված որոշման կատարումից հետո։
Կատարողական վարույթի մասին տեղեկանալով ՀՖՖ-ն ձեռնամուխ է եղել իր իրավունքների պաշտպանության գործին։
Ավելին, հատկանշական է, որ նշված գործով սեպտեմբերի 3-ին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ է ներգրավվել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։
ՀՖՖ-ն սեպտեմբերի 4-ին միջնորդություն է ներկայացրել Դատարան կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ։
Սեպտեմբերի 8-ին համանման՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ, միջնորդություն է ներկայացրել նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։ «Ուրարտու» ՖԱ-ն ևս համակարծիք է եղել ՀՖՖ-ի ներկայացրած դիրքորոշմանը։ Ակումբը միջնորդել է վերացնել հայցի ապահովման միջոցը և կարճել գործը։
Սեպտեմբերի 30-ին թվականի որոշումներով Դատարանը մերժել է հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունները:
Սեպտեմբերի 4-ին ՀՖՖ կողմից Դատարան է ներկայացվել նաև հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ միջնորդություն, որի քննարկումը տեղի է ունեցել 2026 թվականի հոկտեմբերի 7-ին։
Հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՖՖ-ն հիմնավորել է, որ ՀՖՖ սուբյեկտներ համարվող Գործադիր կոմիտեի անդամ Աննա Օհանյանը և ՀՖՖ անդամ «Նոա» ֆուտբոլային ակումբը, ինչպես ՀՖՖ կանոնադրությամբ, այնպես էլ համապատաասխանաբար Գործադիր կոմիտեի անդամի թեկնածություն ներկայացնելիս և ՀՖՖ-ին անդամագրման հայտ ներկայացնելիս, կատարել են արբիտրաժային վերապահում, այն է` ծագած բոլոր վեճերը ենթակա են քննության Լոզանում (Շվեյցարիա) գտնվող սպորտային արբիտրաժային դատարանի կողմից (CAS)։
Ամփոփելով վերոգրյալը` Դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 22-ին կայացված երկու որոշումներով առանց քննության է թողել ինչպես քաղաքացի Աննա Օհանյանի, այնպես էլ «Նոա» ֆուտբոլային ակումբի կողմից ներկայացված հայցադիմումները։ Բացի դա, իր որոշմամբ Դատարանը վերացրել է ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 20.03-րդ կետի կիրառումն արգելելու վերաբերյալ հայցի ապահովման միջոցները։
Վերոգրյալ որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.