ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել

19:03   19 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 16-ին «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 34 անդամից 29-ը, ղեկավարվելով ՀՖՖ կանոնադրության 34-րդ հոդվածի 2-րդ կետով և 35-րդ հոդվածով, Արտահերթ ժողով անցկացնելու առաջարկ են ներկայացրել, հաղորդում է ՀՖՖ–ի կայքը։

Վերջիններս դիմել են ՀՖՖ կանոնադրության փոփոխման և լրացումներ կատարելու նպատակով։

Առաջարկվում է կանոնադրության 31-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար, ի թիվս այլ պայմանների, պահանջվում է վերջին մեկ տարում մշտապես բնակվել Հայաստանի Հանրապետությունում և տիրապետել հայերենին։

Նախագծով առաջարկվում է հանել նշված 2 պահանջը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։

Առաջարկվում է նաև կանոնադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ նախատեսվում է, որ եթե անձը համապատասխան պաշտոնում պաշտոնավարել է այդ պաշտոնի համար սահմանված քառամյա ժամկետից պակաս, ապա այդ ժամանակահատվածը, անկախ դրա փաստացի տևողությունից, հաշվարկվում է որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։

Գործող կարգավորումը պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ է համարում ցանկացած ժամանակահատված, նույնիսկ եթե անձը պաշտոնավարել է քառամյա ժամկետի աննշան մասը։

ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու ընթացակարգի և այլ մանրամասների մասին կտեղեկացվի առաջիկայում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.