14:02 19 հոկտեմբերի, 2026Արմավիրի մարզում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մանկապատանեկան ֆուտբոլային մրցաշարը։ Ավանդույթի համաձայն՝ եզրափակիչ խաղերն անցկացվում են նախորդ տարվա հաղթող թիմի մարզում. 2025 թվականին մրցաշարի գավաթը նվաճել էր Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Տարեցտարի ընդլայնվող այս սպորտային ստուգատեսն արդեն չորրորդ անգամ մեկ հարկի տակ է հավաքում հանրապետության տարբեր մարզերի պատանի ֆուտբոլիստներին։ Այս տարի առաջնությանը մասնակցեցին ՀՖՖ դպրոցական առաջնության Մ-12 տարեկանների մարզային հաղթողները՝ 11 դպրոցական թիմ Հայաստանի 10 մարզից և Երևանից:
ՀՖՖ նախագահի խորհրդական, Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի պետ Արթուր Սահակյանը կարևորեց նման մրցաշարերի անցկացումը։
«Մեծապես կարևորում ենք նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք նպաստում են երեխաների շրջանում մասսայական ֆուտբոլի տարածմանն ու նոր տաղանդների բացահայտմանը: Միաժամանակ, այս մրցաշարով հարգանքի տուրք ենք մատուցում մեր լեգենդար ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկուն», - ընդգծեց Արթուր Սահակյանը:
Մրցաշարի նպատակների և պատանի մարզիկների անելիքների մասին խոսեց նաև Ռոման Բերեզովսկին։
«Մրցաշարի նպատակն է ֆուտբոլի միջոցով միավորել երեխաներին, օգնել նրանց ձեռք բերել նոր ընկերներ և ամուր կապեր հաստատել: Միաժամանակ, հույս ունենք բացահայտելու տաղանդների, որոնք ապագայում կհաջողեն սպորտում: Իսկ դրա համար կարևոր է նվիրված լինել ֆուտբոլին, պայքարել մինչև վերջ, հավատալ սեփական ուժերին և անդադար աշխատել երազանքներն իրականացնելու համար», - նշեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը:
Մրցաշարի հատուկ հյուրն էր Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Դենիս Գլուշակովը։
«Տղաների հետ վարպետության դաս անցկացրի. նրանց բազմաթիվ վարժություններ ու առաջադրանքներ ցույց տվեցի, ապա ինքս էլ խաղացի նրանց հետ։ Թեև պրոֆեսիոնալներ չեն, բայց կան տեխնիկապես պատրաստված և հեռանկարային խաղացողներ։ Իմ խորհուրդը մեկն է՝ մեծ ֆուտբոլում հաջողելու համար նրանք պետք է հնարավորինս շատ ժամանակ անցկացնեն դաշտում և ջանասիրաբար մարզվեն։ Առանց քրտնաջան մարզումների ոչինչ չի ստացվի», - ասաց Գլուշակովը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.